Լրահոս
Իրավական
15:52
07.08.19
109

Ջրանցքի մաքրման աշխատանքային պայմանագիր է կնքվել և ստորագրվել այդ պահին հանրապետությում չգտնվող անձի հետ

Img default alt hy


ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 
ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված` «Ջրառ» ՓԲ ընկերությունում իրականացրած 
հաշվեքննության արդյունքների հիման վրա կատարված ուսումնասիրությամբ 
պարզվել է, որ պետական բաժնեմասով «Սևան-Հրազդան-Ջրառ ՓԲ ընկերության 
(«Ջրառ» ՓԲԸ-ն հանդիսանում է նշված ընկերության իրավահաջորդը)` 
պատասխանատու կարգադրիչ կամ այլ կառավարչական գործառույթներ իրականացնող 
ծառայողի և ֆիզիկական անձի միջև 2017թ. մարտի 3-ին կնքվել է աշխատանքային 
պայմանագիր: Դրանով հանձնարարվել է ֆիզիկական անձին մինչև 2017թ. ապրիլի 
15-ը կատարել ջրանցքի մաքրման և նորոգման աշխատանքներ:
Մինչդեռ, ՀՀ ոստիկանությունից ստացված տեղեկատվության համաձայն` նշված 
ֆիզիկական անձը ՀՀ Զվարթնոց սահմանային անցակետով 2017թ. հունվարի 4-ին 
մեկնել է հանրապետությունից և վերադարձել 2017թ. մարտի 20-ին՝ Բագրատաշեն 
սահմանային անցակետով:
Այսինքն, 03.03.2017թ. նշված անձը ՀՀ տարածքում չի գտնվել և չէր կարող 
նշված օրը պայմանագիր կնքել ու ստորագրել, ինչպես նաև չէր կարող 
03.03.2017թ.-ից մինչև 20.03.2017թ. կատարել պայմանագրով սահմանված 
աշխատանքները, ինչը վկայում է, որ 03.03.2017թ. կնքված պայմանագրի 
տվյալները կեղծ են և իրականությանը չեն համապատասխանում:

ՈՒսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական 
շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 
2-րդ մասով նախատեսված` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ 
փաստաթղթեր կեղծելու կամ օգտագործելու հանցագործության հատկանիշներով 
հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

  ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության 
ուսումնասիրությամբ և ՀՀ հաշվեքննիչ պալատի հաշվեքննությամբ արձանագրված 
խախտումների և բացթողումների վերացման, հետագայում դրանց բացառման 
ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար հաղորդում է ներկայացվել ՀՀ ջրային 
կոմիտեի նախագահին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է 
անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական 
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ 
մտած դատավճռով: