Լրահոս
12:22
25.07.19
101

Եվրոպա. Հովիկ Աֆյան

Img default alt hy

Գելզենկիրխենում անձրև էր գալիս: Գելզենկիրխենը Գերմանիայում է, իսկ Գերմանիայում հաճախ է անձրև գալիս: Օլիվերը արդեն վեց տարի ապրում էր Գելզենկիրխենում: Օլիվերը վեց տարեկան էր, և կապույտ աչքերով, ինչպես նրա մայրը: Օլիվերի հայրն իսպանացի էր: Հայրենակիցների չդադարող սիեստայից հոգնած՝ իսպանացի նախկին ձկնորսը եկավ Գելզենկիրխեն ու աշխատանքի անցավ տեղի հանքերից մեկում: Գելզենկիրխենը հանքափորների քաղաք է:

Մի կիրակի էլ, երբ հանքափորները հանգստանում էին` "Հանս Միլլեր" գելզենկիրխյան գարեջրատանը, Օլիվերի հայրը հանդիպեց Օլիվերի մորը` իսկական գերմանուհի մի հացթուխի, բնիկ գելզենկիրխենցի: Երկու օր անց այս երկուսն  արդեն ֆիլմ էին նայում՝ գերմանական: Օլիվերի հայրը նոր էր ավարտել հանքափորի իր աշխատանքը և նրանից քրտինքի հոտ էր գալիս: Օլիվերի մայրն էլ նոր էր ավարտել իր` հացթուխի աշխատանքը և նրանից հացի բույր էր գալիս: Հետո ծնվեց Օլիվերը:

Այդ անձրևային օրը, Օլիվերը շուտ զարթնեց, նա տեսավ, որ հայրը առավոտ կանուխ կիթառ է նվագում: Օլիվերը չհասկացավ, բայց ես ասեմ, որ նրա հայրը նվագում էր վիլյանսիկո/գեղջկական ծագում ունեցող իսպանական երգեր/: Օլիվերը նկատեց, որ հայրը խիստ կոկիկ էր հագնված, ինչը տարօրինակ էր հանքափորի համար: Ոչ մի հանքափոր աշխարհում աշխատանքի չի գնում սպիտակ վերնաշապիկով ու սև կոստյումով: Օլիվերի հայրը հենց այդ տեսքով էր վիլյանսիկո նվագում:

Մոր ձայնը խոհանոցից լսվեց, ավելի ճիշտ` այնտեղ շարժվող կաթսաների ձայնը: Օլիվերը անծանոթ հոտ զգաց, նա վազելով անցավ խոհանոց ու ինքը չհասկացավ, բայց ես ասեմ, որ այնտեղ նրա մայրը իսկական գերմանական բլիթներ էր թխում: Հոր կիթառի ու մոր կաթսաների ձայները միաժամանակ "անջատվեցին", երբ Օլիվերը, դիմելով հորն, ասաց.

 

-Պապ, այսօր ինձ ֆուտբոլ կտանե՞ս, Ռեալ Մադրիդն է եկել մեզ մոտ, Շալկեի հետ պետք է խաղա:

 

 Հայրը անմիջապես սթափվեց ու ոտքի կանգնեց, մայրը թողեց կաթսաներն ու եկավ հյուրասենյակ` իր տղաների մոտ, երկուսն էլ ուշադիր նայում էին Օլիվերին, իսկ նա չհասկացավ, բայց ես ասեմ, որ այդ օրը որդուն պետք է ֆուտբոլ տանեին և հայրը, և մայրը: Այսինքն, երկուսն էլ դա ուզում էին, ավելին, քանի որ չէին կարողացել որոշել, թե տղան ո՞ւմ հետ պետք է գնա մարզադաշտ, ստիպված որոշել էին ամեն մեկն իր ազգային "բույրը" տարածի տնով մեկ, և որից տղան զարթնի, նրա հետ էլ կգնա: "Եթե կիթառից, ուրեմն տղաս իսպանացի է, և ինձ հետ պետք է գա", ասել էր հայրը: "Եթե բլիթների բույրից զարթնի, ուրեմն տղաս գերմանացի է, և ինձ հետ պետք է գա", ասել էր մայրը:  

 

-Բայց նա ինձ ասաց, որ ես իրեն տանեմ,- լռությունն առաջինը խախտեց հայրը:

 

-Բայց մեր պայմանը դա չէր,- արձագանքեց մայրը: Օլիվերն իր կապույտ աչքերով ու դրանց ոչ համահունչ` թուխ արտաքինով շվարել կանգնել էր և ոչինչ չէր հասկանում, բայց ես ասեմ, որ այդ օրը, երբ Գելզենկիրխենում անձրև էր գալիս, Օլիվերի եվրոպական ընտանիքում մայրը հասկացել էր, որ ինքը ոչ թե եվրոպացի է, այլ գերմանացի, իսկ հայրն էլ զգում էր, որ ինքը ոչ թե եվրոպացի է, այլ իսպանացի:

Իսկ Օլիվերն արթնացել էր հարեւան բակում խաղացող Սարայի ծիծաղից, որը Պաղեստինից՝ Գերմանիա հասած գաղթականների դուստր էր ու սիրում էր ծիծաղել հատկապես Օլիվերի պատուհանի տակ: