Այս դիտողությունը, սակայն, չի ընդունվել կառավարության կողմից՝ հետևյալ ձևակերպմամբ. «Հաշվի առնելով միջոցառման կարևորությունը և հիմք ընդունելով, որ միջոցառումն իրականանալու է 2021 թվականի հոկտեմբերի 11-13-ը և գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան մրցակցային կամ առանց մրցույթ որևէ ընթացակարգերով միջոցառումը կազմակերպել ժամկետային առումով հնարավոր չէ, ուստի նպատակահարմար է որպես դրամաշնորհ տրամադրել 17137.2 հազար դրամ՝ միջոցառման կատարող սահմանելով «Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ին»:
Իսկ թե ո՞վ է Գևորգ Աղաբալյանը և ինչո՞ւ է հենց նրան վստահվել այս դրամաշնորհը՝ հարցադրումների պատասխանը պետք է փնտրել «հետհեղափոխական» Հայաստանում՝ լրատվական հրապարակումներում:
Այսպիսով` Գևորգ Աղաբալյանի EX production կազմակերպությունը դեռ 2019 թվականին Քաղաքացու օրվա մարզային տոնակատարությունները կազմակերպած ընկերությունների թվում է եղել, և ըստ հրապարակումների՝ Սյունիքի և Վայոց ձորի միջոցառումների կազմակերպման համար նրան կրկին տրամադրվել էր ավելի քան 17 մլն դրամ:
Նշվում է նաև, որ Գևորգ Աղաբալյանը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար, ԱԺ իշխանական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի ընկերն է, և, որ Աղաջանյանը ջանք չի խնայել, որպեսզի Գևորգ Աղաբալյանին դարձնի Մարզահամերգային համալիրի տնօրեն:
Եվ վերջապես, Գևորգ Աղաբալյանը թավշյա հեղափոխության օրերին տեխնիկական լուրջ աջակցություն է ցուցաբերել Նիկոլ Փաշինյանին: