Լրահոս
Հասարակական
22:34
18.01.20
112

«Ֆեյսբուքը դատարան է դարձել». Կուտոյանի մահվան արձագանքները

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ողբերգական մահից մեկ օր անց հայտարարություն է տարածել Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը: Նշվում է, որ «իրավապահ մարմինները, այդ թվում ԱԱԾ-ն անելու են հնարավորը ողբերգության հարուցած բազմաթիվ հարցերին սպառիչ պատասխաններ տալու համար»։

Կուտոյանը ԱԱԾ-ն ղեկավարել է ավելի քան երկու տարի և պաշտոնից հեռացել 2018-ի իշխանափոխությունից հետո: ԱԱԾ-ն Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի և ցնցող է համարել։ Ցավակցելով նրա հարազատներին Կուտոյանի գործընկերները նշում են, որ նա մասնագիտական մեծ կարողություններ ունեցող, կիրթ, բարեխիղճ և պատասխանատվության մեծ զգացումով օժտված սպա էր և, չնայած իր երիտասարդ տարիքին, նաև՝ փորձառու պաշտոնյա։

Գեորգի Կուտոյանը 38 տարեկան էր, ունի չորս տարեկան որդի:

Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին: Հուղարկավորությունը` երկուշաբթի հունվարի 20-ին:

Կուտոյանի մահվան վերաբերյալ շրջանառվող վարկածներից որևէ մեկը Հայաստանի խորհրդարանի պատգամավորները լուրջ չեն ընդունում: Սպասում են իրավապահները բացահայտեն գործը ու, խորհրդարանականների կարծիքով որքան շուտ, այնքան լավ: