Լրահոս

2022-01-14
  • Միջազգային
    Գնացքի վթարի հետևանքով առնվազն 9 մարդ մահացել է
    Հյուսիսարևելյան սահմանային երկաթուղու գլխավոր տնօրեն Անշուլ Գուպտան հայտնել է, որ առնվազն ինը մարդ զոհվել և ավելի քան 70-ը տուժել են Հնդկաստանում՝ ռելսերից մարդատար գնացքի 12 վագոնների դուրս ընկնելու հետևանքով: Ավելի վաղ հաղորդվել Էր երեք զոհվածի մասին: Գնացքի վթարը տեղի Է ունեցել նախօրյակին Արևմտյան Բենգալիայի նահանգում: «Կտրուկ շարժման» հետևանքով գնացքի 12 վագոնները դուրս են եկել ռելսերից կամ բախվել միմյանց, դրանցից երկուսը շրջվել են: «Զոհվել Է ինը մարդ, շուրջ 70-ը տուժել են»,- Գուպտան ասել Է «News18» հեռուստաալիքին: Նա նշել Է, որ ներկա դրությամբ փրկարարական գործողություններն ավարտվել են, անցկացվում Է հետաքննություն: Նրա խոսքով՝ միջադեպի ժամանակ գնացքը տեղափոխում Էր 1053 ուղևորի: Ավելի վաղ Հնդկաստանի հաղորդակցության ճանապարհների նախարարը հայտարարել Է, որ երկրի իշխանությունները 500 հազարական ռուփի կհատկացնեն զոհվածների ընտանիքներին, 100 հազարական ռուփի՝ ծանր վերքեր ստացած մարդկանց և 25 հազարական ռուփի այն մարդկանց, որոնք թեթև վնասվածքներ են ստացել: «Ռիա նովոստին» հաղորդել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ստեղծված իրադրությունը քննարկել Է Արևմտյան Բենգալիայի վարչապետ Մամատա Բաներջի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:
    11:47
    14.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ունեցել ենք հիվանդանոցներ տեղափոխված վիրավոր զինծառայողների շատ ցածր մահացության ցուցանիշ․ Թորոսյան
    Արսեն Թորոսյանը գրում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորների և Արցախից տեղահանվածների բուժօգնության կազմակերպման մասին, ըստ էության, առիթ չի ունեցել խոսելու․ Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ որոշ ամփոփ տվյալներ ներկայացրեցի, որոնք կապված են այդ բուժօգնության ֆինանսավորման հետ, ինչպես նաև ներկայացրեցի որոշ ոչ ֆինանսական մանրամասներ։ Ուզում եմ ևս մեկ անգամ փաստել, որ առողջապահության նախարարության շարունակական համակարգման և առողջապահական համակարգի (քաղաքացիական և ռազմական) սինքրոն աշխատանքի շնորհիվ պատերազմի ժամամակ մատուցվել է լավագույն բուժօգնությունը թե’ վիրավոր զինծառայողներին, թե’ Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին։ Որևէ մեկի բուժօգնություն չի ուշացել և այս աշխատանքների արդյունքում մենք ունեցել ենք հիվանդանոցներ տեղափոխված վիրավոր զինծառայողների շատ ցածր մահացության ցուցանիշ (ցավոք իհարկե բոլորի կյանքը չի հաջողվել փրկել)։ Դեռ առիթներ կլինեն խոսել այդ դաժան օրերի մասին, բայց օգտագործելով առիթը ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլոր բուժաշխատողներին, ովքեր այդ օրերին օր ու գիշեր ջանք չխնայեցին կյանքեր փրկելու համար»։
    11:40
    14.01.22
    Ավելին
  • Առողջապահական
    Կորոնավիրուսի վերջին տվյալները Հայաստանում
    ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ այսօր՝ հունվարի 14-ին, ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք: Կատարվել է 4811 թեստավորում, առողջացել՝ 101 քաղաքացի, գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով 1 մահվան դեպք: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347 084 դեպք, որոնցից 333 412-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3972պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8015 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1515 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառներով: Նախորդ օրը մահացել է 2 կորոնավարակակիր: Ընդհանուր կատարվել է 2 630 763 թեստավորում։
    11:37
    14.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Սլավոնական համալսարանի ռեկտորն ԱԱԾ-ին խնդրել է ապահովել իր անվտանգությունը
    Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հայտարարել է, թե իրեն խնդրում են հրաժարական չտալ ռեկտորի պաշտոնից։ Վերջինս շնորհակալություն է հայտնել նման վստահության, սիրո և հարգանքի համար։ «Ես դեռ պիտի շատ աշխատեմ՝ նման վերաբերմունքը արդարացնելու համար: Որոշ պարզաբանում տամ Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի ընտրության և նշանակման ընթացակարգի մասին, որպեսզի ամեն ինչ պարզ դառնա: Համալսարանը ունի երկու համահավասար հիմնադիր, երկու պետություն, այն իր բնույթով Միջպետական հաստատություն է, որի գործունեությունը կանոնակարգող Միջպետական համաձայնագրում ժամանակին իմ պնդմամբ ամրագրվել է ռեկտորի՝ համալսարանի Ընդհանուր ժողովի կողմից (որը կառավարման բարձրագույն մարմինն է) ընտրության դրույթը: Սակայն հիմնադիրները իրենց ընթացակարգերում ամրագրել են թեկնածուների նախօրոք համաձայնեցման պահանջը (ինչը արդար է. հիմնադիրներ են, իրավունք ունեն նաև համաձայնություն չտալու): Այնուհետև Ընդհանուր Ժողովի կողմից ընտրված թեկնածուն հաստատվում է ռեկտորի պաշտոնում հիմնադիրների համատեղ հրամանով՝ պաշտոնավարման հինգ տարի ժամկետով: Մեր վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլին, հաջորդ ընտրությունները 2023-ին են: Ռուսաստանյան հիմնադրի ներկայացուցիչը Գիտության և Բարձրագույն կրթության նախարարությունն է: Նախարար Ֆալկովը իր պաշտոնավարության ամբողջ ընթացքում (առավել, քան երկու տարի) զարմանալի անտարբերություն է ցուցաբերել համալսարանի նկատմամբ, բազմաթիվ անգամներ մերժել է իմ առաջարկները՝ հանդիպելու և համալսարանի խնդիրները քննարկելու: Իմ կողմից՝ նրա հանցավոր անգործության և հիմնադրի պարտականությունները չկատարելու կապակցությամբ ներկայումս հաղորդում է պատրաստվում ՌԴ դատախազություն (ահա թե ինչով նրանք պիտի զբաղվեն՝ Հայաստան ֆալսիֆիկացված թղթեր ուղարկելու փոխարեն): Բնական է, որ նման իրավիճակում ես չեմ պատրաստվում իմ թեկնածությունը առաջադրել ռեկտորի գալիք ընտրություններում», - նշել է նա։ Այնուհետև Արմեն Դարբինյանը դիմել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին։ «Հաշվի առնելով Հայ-Ռուսական համալսարանի և իմ անձի շուրջ ստեղծված իրավիճակը, որը, իմ գնահատմամբ, հղի է նաև իմ ֆիզիկական գոյության նկատմամբ հնարավոր ոտնձգություններով, պաշտոնապես պահանջում եմ պետականորեն ապահովել իմ ֆիզիկական անվտանգությունը», - նշել է Դարբինյանը։ Հիշեցնենք՝ երեկ Արմեն Դարբինյանը հայտարարել էր, թե ռուսաստանյան որոշ շրջանակներ չեն ներել իր ազգային արժանապատիվ կեցվածքը և Մարգարիտա Սիմոնյանին ուղղված բաց նամակը. նա պատրաստվում է հրաժարական տալ։ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն արձագանքել էր Արմեն Դարբինյանին՝ նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՌԴ գլխավոր դատախազության միջոցով ստացել է ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության՝ 2021թ. կատարված ստուգման և Հայ-ռուսատան համալսարանի գորունեության առանձին ոլորտների պլանային, համալիր, խառը ստուգման վերաբերյալ նյութեր, որոնցում առկա են տվյալներ նշված համալսարանում 2020-2021թթ. ընթացքում թույլ տրված ենթադրյալ բյուջետային և գնումների մասին օրենսդրության խախտումների, բյուջետային միջոցների առերևույթ ոչ արդյունավետ օգտագործման, աշխատավարձերի չհիմնավորված վճարման (վատնման կամ յուրացման), հաշվապահական հաշվառման և հաշվետվության տվյալների ենթադրյալ խեղաթյուրման հանգամանքներ:
    11:31
    14.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Պետությանը պատճառվել է ավելի քան 200 մլն դրամի գույքային վնաս․ նախաքննությունն ավարտվել է
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՍՊ ընկերության տնօրենի կողմից խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով ՀՀ պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքոմ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, պետությանը պատճառված վնասի չափը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՍՊ ընկերության տնօրենը, քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված անձանց օժանդակությամբ, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով պետությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, 2015թ. հունվարից մինչև 2018թ. հունիսն ընկած ժամանակահատվածում, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու շահադիտական նպատակով, օգտագործելով ինքնությունները չպարզված անձանց կողմից կազմված, իրավունք վերապահող պաշտոնական ակնհայտ կեղծ փաստաթղթեր, դրանք ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարություն և ստացել գումար: Մասնավորապես, ընկերության տնօրենը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից տրված՝ տրանսպորտային միջոցների զննության անցկացման գործունեության կազմակերպման լիցենզիայի պայմանների իրականացման շրջանակներում, Կապան և Գորիս քաղաքներում տեղակայված կայաններում ընկերության կողմից առանց տեխնիկական զննության ծառայություններ մատուցելու, օգտագործելով պաշտոնական կեղծ փաստաթղթեր, այն է՝ ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 15-ի թիվ 346-Ն որոշման 3-րդ կետի համաձայն տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու փաստը հավաստող և նշված ծառայությունների մատուցման դիմաց վճարման համար հիմք հանդիսացող տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի արատորոշման քարտերը, տեխնիկական զննության կայան ներկայացվող կտրոնները, փաստացի տեխզննում չանցած ավտոմեքենաների տեխզննման կտրոնների երկրորդ հատվածները, դրանք ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարություն և դրանց հիման վրա խաբեությամբ ՀՀ պետական բյուջեից ստացել է ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին փոխանցված ընդհանուր 203.572.000 ՀՀ դրամ գումար՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ ՍՊ ընկերության տնօրենի վերաբերյալ մասը քրեական գործից անջատվել, առանձնացվել է առանձին վարույթում, և ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին: Նախաքննական մարմնի որոշմամբ՝ ընկերության տնօրենի անշարժ գույքի՝ երկու հողամասի, երեք բնակարանի և մեկ արտադրամասի վրա կալանք է դրվել: Պաշտոնական փաստաթղթեր կեղծելու մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ փաստաթղթային կեղծիքներ կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
    11:24
    14.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Քարաթափման հետևանքով հսկայական քարերը թափվել են ճանապարհով երթևեկող Opel-ի վրա. կա վիրավոր
    Երեկ՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ, 56-ամյա Գևորգ Ռամազյանը Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում ընթանալիս է եղել, երբ հսկայական քարաբեկորները քարաթափման հետևանքով ընկել են ավտոմեքենայի վրա: Դեպքի վայրից Գագիկ Շամշյանը հայտնում է, որ քարաթափման հետևանքով ուղևոր, Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Պավլիկ Մանուկյանը մարմնական վնասվաքծներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն:
    11:19
    14.01.22
    Ավելին
  • Հայաստան
    ՔՊ-ական պատգամավորի ավելորդ ոգևորությունը՝ ավելորդ բառում
    ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքում կիսվել է իրենց ներկայացրած նախագծերից մեկով, ըստ որի շրջանառության մեջ է դրվել Ազգային ժողովի պատգամավորներ՝ Վիլեն Գաբրիելյանի, Անդրանիկ Քոչարյանի և Արմեն Խաչատրյանի կողմից ներկայացված «Փրկարար ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Ուշագրավը պատգամավորի մեկնաբանությունն է․ «Սա մեկ. Այ սենց հերթով, շարքով, հստակեցված բովանդակությամբ, ամուր հիմքեր ստեղծող փոփոխություններն արվելու են, առանց շտապողականության, ավելնորդ էմոցիաների և պաթոսի»,- գրել է նա՝ թույլ տալով կոպիտ ուղղագրական սխալ և միայն կարճ ժամանակ անց է խմբագրել գրածը՝ հեռացնելով  ավելորդ բառի ավելորդ տառը:
    10:52
    14.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Մոսկվայում այսօր կկայանա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը
    Այսօր՝ հունվարի 14-ին, տեղի է ունենալու Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Հանդիպումը կկայանա Մոսկվայում։ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը երեկ հայտարարել էր, թե, իրենց տպավորությամբ, Թուրքիան կիսում է Հայաստանի հետ առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։ Նա նշել էր, թե այս հանդիպումը կրելու է ճանաչողական բնույթ։ «Դժվար է ակնկալել, որ մեկ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի ունենալ շոշափելի արդյունքներ, սակայն դրանով կտրվի գործընթացի մեկնարկը»,- ասել էր ԱԳՆ խոսնակը։
    10:42
    14.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Վերելակի ընկնելու պատճառով 2 հայ է մահացել Մոսկվայում
    Նշվում է, որ նրանք բանվորներ էին, ովքեր զբաղվում էին վերելակի վերանորոգմամբ, որը նախատեսված է հյուրանոցի անձնակազմի համար։
    10:38
    14.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Այս իշխանության համար «լուծումները» հայ-թուրքական սիրախաղի շրջանակներում են․ Տիգրան Աբրահամյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է, որ Տեղ գյուղում ադրբեջանցիների գործողությունների հետևանքով առևանգված, ապա ռուս զինծառայողների ջանքերով հայրենիք վերադարձած հովիվի միջադեպը պարզ ցույց է տալիս սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության մակարդակը, իսկ ավելի ճիշտ՝ դրանց խոցելիությունը․ «Եթե մեր հովիվը գտնվել է ադրբեջանական դիրքերի մերձակա հատվածում, ապա սահմանագծի այդ հատվածում ծառայություն իրականացնող ուժերը պետք է կանխեին նրա մուտքը վտանգավոր հատված։ Եթե նույնիսկ չի կանխվել մեր հայրենակցի մուտքը վտանգավոր գոտի, ապա պետք է ֆիքսվեր ադրբեջանցի 4 զինծառայողների շարժը դեպի սահմանագծի հայկական հատված, մեր հովիվի հետ քաշքշուկն ու առևանգումը։ Նույն տրամաբանությամբ, ադրբեջանցիները կարող էին իջնել Գորիս-Տեղ-Ստեփանակերտ մայրուղի, սադրանքի դիմեին ու դա ոչ ֆիքսվեր, ոչ էլ առավել ևս՝ կանխվեր։ Չգիտեմ, թե քանի անգամ պետք է խոսել խնդիրների ու դրանց լուծումների մասին, երբ այս իշխանության համար «լուծումները» հայ-թուրքական սիրախաղի ու Ադրբեջանի հետ անպատասխան սիրո շրջանակներում են»։
    10:31
    14.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Բախվել են Toyota Camry-ն ու Toyota Ipsum-ը. կան վիրավորներ
    Այսօր՝ հունվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում Դավիթ Անհաղթ- Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Camry և Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաները: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ:
    10:26
    14.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Մի շարք շրջաններում ձնաբուք է
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ «Մեղրու սար» կոչվող հատվածը փակ է բքի պատճառով։ Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային, Գյումրի-Ամասիա և Գյումրի-Բավրա (բուք է) ավտոճանապարհները։ Սյունիքի մարզում (բացառությամբ Կապան քաղաքի), Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում և Վայոց ձորի մարզի բարձրադիր հատվածներում տեղում է ձյուն։ Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է։ Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում և Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում ձնաբուք է: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    10:21
    14.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայ խաղաղապահները Ղազախստանից վերադառնում են հայրենիք
    Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ղազախստանում գտնվող ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հայկական զորամիավորումը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով հայրենիք է վերադարձել։ «ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերից Հայաստանի Հանրապետության ստորաբաժանումների անձնակազմն ու տեխնիկան, որոնք կատարել են Ղազախստանի Հանրապետությունում սոցիալական հատուկ նշանակության օբյեկտների պաշտպանության խնդիրները, վերադարձել են հայրենիք»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
    10:18
    14.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Իշխանություններին անհանգստացնում է հատկապես Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 17-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանը խոստանում է թեժ լինել: Բանն այն է, որ այդ օրերին միանգամից չորս ընտրություն է լինելու՝ Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի և ՀՌՀ երկու անդամի: Նկատենք, որ իշխանություններին անհանգստացնում է հատկապես Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը, որի թեկնածուն Քրիստիննե Գրիգորյանն է: Նշենք, որ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն, բոլոր անձերին վերաբերող քվեարկությունները, այդ թվում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է փակ-գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: 107 պատգամավոր ունեցող խորհրդարանում այդ թիվը կազմում է 64, և հենց սա է անհանգստացնում իշխանականներին, քանի որ խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորների թիվը 71-ն է: Այսինքն՝ շատ բացականեր ունենալու պարագայում ՄԻՊ-ի ընտրությունը կարող է պարզապես տապալվել: Եվ հենց դա է պատճառը, որ արդեն բոլոր պատգամավորներին զգուշացվել է այդ օրերին ուշադիր լինել և չբացակայել նիստերից: Նկատենք, որ այսօր տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, և միայն դրանից հետո կհաստատվի նախագծերի հերթականությունը, և պարզ կդառնա, թե կոնկրետ որ օրն է տեղի ունենալու ընտրությունը: Իսկ մինչ այդ նկատենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեռ չի հանդիպել ՄԻՊ թեկնածուին. հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ: Մյուս ընդդիմադիր՝ «Հայաստան» խմբակցությունն արդեն հասցրել է հանդիպում ունենալ, սակայն ընտրության մասով որոշում չունեն: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հարցին՝ ինչպես եք քվեարկելու, ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշեց. «Դեռ քննարկում այդ հարցով ֆրակցիան չի ունեցել»»։
    10:16
    14.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նարեկ Մանթաշյանը կմնա կալանավորված
    ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը այսօր՝ հուվարի 14-ին, մերժել է «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանի վերաքննիչ բողոքը։ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը և դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։
    10:09
    14.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Իմ դիպլոմը կեղծ չէ, տեղեկությունները սխալ են․ Մելիքսեթ Պողոսյան
    Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը վստահեցնում է, որ իր բուհական դիպլոմը կեղծ չէ։ «Ես ավարտել եմ պետական կարգավիճակ ունեցող համալսարան։ 1992 թվականին իմ անձնական գործերը տվել եմ ինստիտուտ, իրենց հարցրել եմ՝ այն պետական կարգավիճակ ունի՞, թե՞՝ ոչ, ասել են՝ ունի։ Դրա հիման վրա ես սովորել եմ իրավագիտության բաժնում եւ ավարտել եմ 1996 թվականին։ Ես կտրականապես հերքում եմ տեղեկությունը, որ իմ դիպլոմը կեղծ է»,- նշել է Պողոսյանը։ Պողոսյանն ասել է, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը մարզպետ նշանակվելիս ներկայացրել է կառավարությանը։ «NEWS.am»-ի հետ զրույցում Գորիսի Սյունիք ինստիտուտի տնօրեն Գրավիկ Բաբայանն ասել է, որ ինստիտուտը հավատարմագրում չունի, սակայն նախարարությունն արտոնագիր է տվել ինստիտուտին 1992 թվականին։ «1991 թվականին համալսարանը բացել ենք, 1992 թվականին արտոնագիրը ստացել ենք։ Համալսարանը եղել է արտոնագրված, ինչի հիման վրա իրեն տրվել է համապատասխան դիպլոմը։ Հետևաբար՝ Մելիքսեթ Պողոսյանին տրված դիմումը չի կարող լինել կեղծ, և առհասարակ կեղծ դիպլոմներ մեզ մոտ երբևէ չեն տրվել։ Կեղծ որակավորումը շատ սխալ է այս դեպքում»,- ասել է նա։ Ավելի վաղ «Yerevan Today»-ը հարցումների միջոցով պարզել էր, որ «Սյունիք» ինստիտուտ արտադրական կոոպերատիվը 1996 թվականի հուլիսի 22-ին բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով «Ժուռնալիստիկա», «Ֆինանսներ և վարկ» և «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությունների գծով ստացել է արտոնագիր՝ 1997 թվականի հուլիսի 16-ին՝ «Իրավագիտություն» մասնագիտության գծով արտոնագիր։ Ըստ աղբյուրի՝ ստացվում է, որ Սյունիքի մարզպետը 1992 թվականին ընդունվել, 1996 թվականին ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտը՝ իրավագիտություն մասնագիտությամբ, սակայն այդ ինստիտուտը իրավագետ կրթելու արտոնագիր ստացել է մարզպետի ավարտելուց մեկ տարի անց միայն։
    10:04
    14.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Նախարար Ավանեսյանը վարչապետի հանձնարարականին մատների արանքով է նայում․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռևս 2020-ի դեկտեմբերի 2-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվում էր՝ կորոնավիրուսի մահվան թվերի վիճակագրության հետ կապված եզրակացության հանգել են արդյոք, թե դեռ ոչ, քանի որ Առողջապահության նախարարության ու Վիճակագրական կոմիտեի թվերի միջև 700-ով տարբերություն կա: Հարցը, հիշեցնենք, դեռ ամիսներ առաջ Ազգային ժողովի ամբիոնից Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էր հնչեցրել: Կորոնավիրուսի մահվան իրական պատկերը ներկայացնելու համար վարչապետը նախարարին մեկ ամիս ժամանակ էր տվել: «Ժողովուրդ» օրաթերթն այս տարվա առաջին աշխատանքային օրը՝ հունվարի 3-ին, Ավանեսյանի մամուլի քարտուղարից հետաքրքրվել է՝ ինչ նորություն ունեն: «Արդյունքներն ամփոփվել են, եկող շաբաթ կներկայացնենք»,- ասել է նա: Երեկ մամուլի քարտուղարին նորից հարցրեցինք՝ թվերը երբ են ներկայացվելու: Նա, սակայն, չի արձագանքել մեր նամակին: Առողջապահության նախարարը, փաստորեն, վարչապետի հանձնարարակին մատների արանքով է նայում ու սահմանված ժամկետներում չի կատարում դրանք»:
    10:02
    14.01.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով «Թերթ.ամ» «ՀՀ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական որևէ ծառայող չպետք է լինի». ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան: «Հրապարակ» Ադրբեջանի զինուժը հերթական սադրանքն է իրականացրել սահմանին, ինչին հետևել է Իլհամ Ալիևի՝ մեզ ուղղված հոխորտանքի ու ստորացումների հերթական չափաբաժինը: «168 Ժամ» Թերթի մոսկովյան աղբյուրները հավաստիացրել են, որ Երևանն ու Անկարան, շտապում են դուրս գալ ուղիղ շփումների ու փոխայցելությունների դաշտ՝ փորձելով պահպանել գործընթացի կոնֆիդենցիալությունը ՌԴ-ից: «Իրավունք» ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ստանձնել է Առողջապահության նախարարության, այսպես ասած, «սեռիյ կարդինալի» դերակատարությունը: «Ժողովուրդ» Փաստացի պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը շարունակում է պաշտոնավարել այն դեպքում, երբ նրան մեղադրանք է առաջադրված: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ:
    10:00
    14.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Պատերազմող երկրի գլխավոր շտաբի պետը՝ մեղադրյալ․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փաստացի պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը շարունակում է պաշտոնավարել այն դեպքում, երբ նրան մեղադրանք է առաջադրված: Հիշեցնենք, որ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով` պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք նյութական ծանր հետեւանքներ են առաջացրել: Հոդվածի այս կետով 4-8 տարվա ազատազրկում է նախատեսվում` գույքի բռնագրավումով կամ առանց դրա: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն՝ հասկանալու համար, թե արդյոք հսկող դատախազը դիմել է կառավարություն, որպեսզի գլխավոր շտաբի պետի լիազորությունները կասեցվեն, ինչին ի պատասխան՝ գերատեսչությունից բացասական պատասխան տվեցին: Ստացվում է՝ չնայած նրան, որ ԳՇ պետին մեղադրանք է առաջադրված պաշտոնեական դիրքի չարաշահման համար, այնուամենայնիվ, Դավթյանը շարունակում է պաշտոնավարել: Հավելենք, որ նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, որը ԱԱԾ մեկուսարանում է, ՀՀ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանին, որը կալանքի տակ է, ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, որը ևս կալանքի տակ է, և ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին ու ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին, որոնք ստորագրությամբ ազատ են արձակվել»:
    09:55
    14.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հրամանատարը․ Վահագն Ասատրյանն այսօր կդառնար 45 տարեկան
    Յուրահատուկ վերաբերմունք ուներ իր մոր նկատմամբ. ամենաթեժ մարտական գործողությունների ժամանակ անգամ պատասխանում էր երկու մարդու հեռախոսազանգի՝ ընդհանուր վերադասի և մոր: Կարևոր չէր՝ հրետակոծություն էր, ավիացիայի հարվածներ էին, միևնույն է՝ պատասխանում էր: Ասում էր. ‹‹Մամ ջան, լավ ենք` խփելով, ջարդելով առաջ ենք գնում…››: Այսպիսին էր ՀՀ Ազգային հերոս, ռազմական 5 բուհ ավարտած Վահագն Ասատրյանը։ Բուժաշխատողներ Ֆելիքս Ասատրյանի և Սիմա Պետրոսյանի ընտանիքում 45 տարի առաջ հենց այս օրը՝ հունվարի 14-ին, ծնվեց Վահագնը՝ տան կրտսեր տղան։ Դեռ մանկուց զինվորական կրթության և ծառայության ընթացքում Վահագնի համար հերոսի, զինվորական հրամանատարի բացարձակ կերպար է եղել Մոնթե Մելքոնյանը։ Պատերազմի սկսվելու առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Վահագն Ասատրյանն իր ղեկավարած ստորաբաժանման հետ մեկնել էր Սյունիքի մարզ, որտեղից նույն օրը տեղափոխվել Արցախի Հանրապետության Շահումյանի շրջան։ Հոկտեմբերի առաջին օրերին Վահագնի մշակած ռազմական գործողությամբ ու հրամանատարությամբ իր ստորաբաժանումը կարողացել է վերագրավել Շահումյանի շրջանի «Շղթաներ» դիրքը՝ տալով մեկ զոհ՝ Խաչատուրյան Խաչատուրին։ Վահագն Ասատրյանի կարգադրությամբ այդ դիրքը կոչվել է զոհված Խաչատրյանի պատվին։ Վահագն Ասատրյանն իր ղեկավարած ստորաբաժանման հետ Շահումյանի շրջանից տեղափոխվել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ջրականի հատված։ Ընթացող մարտական գործողությունների ժամանակ իր ստորաբաժանման հետ ընկել է շրջափակման մեջ։ Ասատրյանի հրամանատարությամբ իր ստորաբաժանումը կարողացել է ճեղքել և դուրս գալ շրջափակումից։ Այդ մարտերի ժամանակ նրա ստորաբաժանումը տվել է մեկ զոհ՝ Հենզելը։ Ըստ ականատեսների՝ շրջափակման մեջ գտնվելու ժամանակ իրադրությունն այնպիսին էր, որ ոչ ոք ողջ մնալու հավանականություն չուներ։ Ասատրյանի օգնական Արթուր Մուսայելյանը ասում է, որ Հադրութի շրջանում (Ջրական, Հադրութ) ընթացող մարտական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները ամբողջ ռազմաճակատով փնտրել են Վահագն Ասատրյանին։ Ռադիոհետախուզական տվյալների համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին հրահանգված էր Վահագն Ասատրյանին հայտնաբերելու դեպքում անմիջապես Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ կայանքի հարվածով ոչնչացնել։ Իր ղեկավարած հատուկ նշանակության ստորաբաժանման հետ կատաղի մարտեր է մղել Հադրութ քաղաքում և մերձակայքում։ Հերոս Ասատրյանը զոհվել է հոկտեմբերի 12-ին Հադրութ քաղաքի պաշտպանության ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված հրթիռի հարվածից։ 2014 թվականի մայիսի 28-ին Վահագն Ասատրյանը «զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար» պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։ 2020թ․ հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ «հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար Վահագն Ասատրյանը հետմահու արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանը։ Հերոսը հանգչում է Եռաբլուր զինվորական պանթեոնում։
    00:01
    14.01.22
    Ավելին