Լրահոս

2022-03-15
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարար ծառայությունը համալրվել է 12 ԱԹՍ-ով․ նախարար
    44-օրյա պատերազմից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունն ու արտակարգ իրավիճակների նախարարությունը համաձայնության են եկել որոշակի զինամթերքի քանակի ավելացման հարցում։ Ազգային ժողովում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ասաց, թե այս որոշումով ԱԻ փրկարարները կկարողանան տարրական պատկերացում ունենալ զենքի օգտագործման վերաբերյալ։ «Մենք տեսանք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ փրկարարները ներգրավվեցին պաշտպանական խնդիրներ կատարելու», - ասաց նա։ Նախարարի խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը համալրվել է 12 անօդաչու թռչող սարքով, որնցից 4-ը նախատեսված է հատուկ նշանակության աշխատանքների իրականացման համար, իսկ մեկը մինչև 150 մետր խորության պայմաններում որոնողափրկարարական աշխատանանքեր իրականացնող ջրային դրոն է։
    11:43
    15.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Ձյան ծածկի բարձրությունը Հրազդանի, Ապարանի, Ջերմուկի հատվածում կազմում է 60-90 սմ
    Ակտիվ ցիկլոնի գործունեության արդյունքում hանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ ձյան ծածկի բարձրությունն այսօրվա դրությամբ Տավուշում կազմում է 10-40սմ, Լոռիում՝ 17-43սմ, լեռնային շրջաններում՝ 20-50սմ, Հրազդանի, Ապարանի, Ջերմուկի հատվածում՝ 60-90սմ: Հանրապետության բարձր լեռնային գոտիներում՝ Արագածի մերձգագաթային հատվածում, ձյան ծածկը 234սմ է, Ամբերդում՝ 103սմ է: Այսօր ցերեկը ձյան տեսքով տեղումները հանրապետության ամբողջ տարածքում կպահպանվեն, երեկոյան ժամերին դրանք աստիճանաբար կդադարեն, մարտի 16-ին կշարունակվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում: Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի և 17-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 6-8 աստիճանով:
    11:37
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ներքին Հանդ գյուղի մոտ ադրբեջանցիները մոտ 1 կմ առաջ են եկել ու վրաններ տեղադրել. վարչական ղեկավար
    Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում մարտի 3–ից 5–ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական Զինված ուժերը մոտ մեկ կիլոմետր առաջ են եկել եւ վրաններ տեղադրել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։ «Սահմանից իջել են մեր տարածքում նստել։ Պաշտպանության նախարարությունում տեղյակ են, եկել են պոստ դրել։ Ադրբեջանական կողմի դիրքից դիտարկվում է գյուղի գերեզմանոցը, խմելու ջրի ակունքները նույնպես դիտարկվում են, մեր գյուղի արոտավայրերը գտնվում են այդ հատվածում, բնակիչները մտավախություն ունեն այնտեղ գյուղատնտեսական աշխատանքներ կատարել։ Բարերարը տնկիներ են բերել, որ գյուղացիները այգիներ հիմնեն, բայց հիմա մարդիկ չեն կարող այդ տարածքում աշխատել, վտանգավոր է»,– ասաց Խաչատուր Բաղդասարյանը։ Նա նշեց, որ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը առաջին օրվանից տեղյակ է խնդրից եւ պարբերաբար այցելում է իրենց համայնք։
    11:20
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախն ու արցախահայությունն այսօր մեր բոլորի և մեզնից յուրաքանչյուրի կարիքն ունեն. Վանեցյան
    «Պատիվ ունեմ» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ավարտվեց աշխատանքային այցս Արցախ։ Դժվար է առանց էմոցիաների ամփոփել այն։ Վիրավոր Արցախն այսօր լրջագույն փորձությունների մեջ է․ անվտանգային խնդիրներին, ամենօրյա ռեժիմով եկող սպառնալիքներին, քաղաքական չլուծված հարցերին ավելացել է նաև հումանիտար աղետը, որի միջոցով թշնամին փորձում է հոգեբանական ճնշման ենթարկել Արցախում ապրող մեր հայրենակիցներին։ Ստեփանակերտում իմ ունեցած մի շարք հանդիպումների առանցքում հենց այս հարցերն էին՝ սոցիալական ու հումանիտար խնդիրներից մինչև ռազմական և անվտանգային մարտահրավերներ։ Խնդիրներն իսկապես շատ են, և ամեն հաջորդ այցիս ժամանակ ցավով արձանագրում եմ, որ դրանք ավելի են շատանում։ Այս ամենի հետ կապված քննարկումներ ունեցա, կարծիքներ փոխանակեցի արցախցի գործընկերներիս հետ, տեղում ծանոթացա հանրությանը հուզող հարցերին։ Այն ամենն, ինչ անձամբ տեսա ու լսեցի Արցախում խիստ մտահոգիչ էր։ Ոչ բոլոր խնդիրների լուծումներն եմ այս պահի դրությամբ հստակ պատկերացնում, բայց մի հարցում առավել քան վստահ եմ՝ այսօր բոլորս պիտի համախմբվենք Արցախի շուրջ ու Արցախի համար, օր առաջ պիտի սկսենք աշխատել լուծումներ գտնելու ուղղությամբ, այլապես կկանգնենք Արցախից մնացած փոքր հատվածն էլ կորցնելու իրական վտանգի առաջ։ Ցավոք, այսքան բարդ իրավիճակում Հայաստանում չկան իշխանություններ, որ կամք ու վճռականություն կդրսևորեն լուծումներ գտնելու հարցում։ Ուստի մնում է ապավինել միայն սեփական ուժերին․ մենք բոլորս ու մեզնից յուրաքանչյուրը, հատկապես՝ քաղաքական ուժերը, պիտի կոնսոլիդացվենք Արցախի շուրջ, պիտի կանգնենք մեր արցախահայության թիկունքին։ Մեր քաղաքական ուժը մոտ օրերս քննարկումներ կնախաձեռնի՝ հասկանալու և մշակելու համար այս ուղղությամբ մեր անելիքները։ Նախատեսում ենք հնարավորինս արագ և հնարավորինս խորքային մոտեցում դրսևորել՝ գործողությունների ծրագիր մշակելու և լուծումներ գտնելու ուղղությամբ։ Արցախն ու արցախահայությունն այսօր մեր բոլորի և մեզնից յուրաքանչյուրի կարիքն ունեն»։
    11:11
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Խաղաղություն՝ պատերազմի ժամանակ. Վահե Հովհաննիսյան
    Այն պահին, երբ աշխարհը սուր պատերազմի փուլում է, Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանին առաջարկում են խաղաղություն։ Սա լուրջ տագնապի առիթ է։ Ադրբեջանը հումանիտար սուր ճգնաժամ է առաջացնում Արցախում ու միաժամանակ հրապարակայնացնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի իր 5 սկզբունքները։ Թուրքիան՝ Էրդողանի, Չավուշօղլուի շուրթերով, Հայաստանին ինտենսիվ հորդորում է ընդունել Արդբեջանի պայմանները։ Հորդորն այնքան ինտենսիվ է, որ խոսքն արդեն խաղաղության պարտադրման մասին է։ Ադրբեջանի ձևակերպած 5 կետերը բավական գրագետ են, միջազգային իրավունքի և հանրության տեսանկյունից՝ հասկանալի և ընդունելի։ Եվ սա դժվարացնելու է մեր հակաքայլերը։ Ադրբեջանն ասում է՝ ես խաղաղության ձեռք եմ մեկնում, եթե Հայաստանը ընդունեց, կունենանք խաղաղ տարածաշրջան։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը հումանիտար աղետով խեղդում է Արցախը և պարզ հասկացնում Երևանին, որ խաղաղությունը չընդունելու դեպքում, Ադրբեջանական բանակը պատրաստ է սահմանազատում և սահմանագծում կատարել սեփական հայեցողությամբ։ Թուրքիան միևնույն ժամանակ զգուշացնում է, որ հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններում երրորդ կողմ անհրաժեշտ չէ՝ նկատի ունենալով Ռուսաստանն ու Մինսկի խումբը։ Այդ ընթացքում Ադրբեջանը Իրանի հետ կնքում է լրջագույն համաձայնագրեր և ակնհայտորեն Իրանի հետ ձեռք է բերել ստվերային լուրջ պայմանավորվածություններ։ Պաշտոնական Երևանի արձագանքը ՀՀ ԱԳՆ հայտարարում է, որ Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի պայմաններին և դիմել է Մինսկի խմբին՝ բանակցություններ կազմակերպելու խնդրանքով։ Մինսկի խումբը նման մանդատ չունի, և մեր ԱԳՆ-ը դա շատ լավ գիտի։ Սա մանևրող քայլ է, և դեռ պարզ չէ, այն թե ինչ արձագանք կստանա Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։ Այս ընդհանուր լարված և տագնապ առաջացնող ֆոնին պարզ հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր Արարատ Միրզոյանը այդքան լայն և ջերմ ժպտում Չավուշօղլուին։ Այն նույն Չավուշօղլուին, որի բայրաքթարները ամիսներ առաջ ռմբակոծում էին մեր բնակավայրերը, ծննդատները։ Անհատապես Ա. Միրզոյանն ինձ չի հետաքրքրում. իհարկե պետք է հանդիպել, իհարկե պետք է քննարկել, բայց ամիսներ առաջ արյունոտ պատերազմ տեսած պետության արտգործնախարարը պարտավոր էր ավելի զուսպ լինել արյունոտ պատերազմի համահեղինակի հետ։ Սա պետության արժանապատվության խնդիրն է։ Իրական Հայաստանի արձագանքը Հայաստանը այսպիսով մտավ նոր, չափազանց բարդ փուլ. խոսքն այս պահին կա´մ նոր պատերազմիվտանգի, կա´մ պատմական էջի վավերացման մասին է։ Ու այս բարդ և պատմական որոշումները կայացվում են փակ սենյակներում՝ մի քանի հոգու որոշմամբ։ Այն նույն փակ սենյակում, որտեղ ժամանակին կայացվել են ճակատագրական սխալ որոշումներ՝ բերելով պատերազմի և պարտության։ Կա՞ արդյոք երաշխիք, որ պատմությունը չի կրկնվում։ Հայկական վերնախավերի արձագանքը 5-րդ նախագահի երդմնակալության ժամանակ դահլիճը հոտնկայս դիմավորեց Նիկոլին։ Դահլիճի նվազագույնը կեսը այլ միջավայրերում այլ կարծիքի է և Նիկոլի մասին արտահայտվում է վերջին բառերով, բայց դա չի խանգարում Նիկոլի ներկայությամբ նրան մեծարել ոտքի վրա։ Կարո՞ղ ենք այս քաղաքական-հանրային վերնախավերով պետություն պահել։ Սա ամենևին այսօրվա խնդիր չէ, սա հին պատմությամբ խնդիր է։ Դահլիճում մթնոլորտը նախապատերազմական կամ նախախաղաղության չէր, ամենևին։ Վերնախավերի արժեհամակարգում միշտ իշխել է սեփական շահը, սեփական բարեկեցությունը, սեփական ապօրինության ինդուլգենցիան, միշտ լռելու և հարմարվելու ֆոնին։ Իսկ պետությունը՝ հետո, տակը ինչ մնաց-մնաց։ Ի վիճակի՞ է այսօրվա հայկական վերնախավը այս ճակատագրական պահին միտք գեներացնելու և հասարակության տագնապ հնչեցնելու։ Կասկածելի է թվում։ Հայ ժողովրդի արձագանքը Արցախում հումանիտար աղետ է, մարդիկ տներում սառում են, հիվանդանոցները, ծննդատները, դպրոցներն ու մանկապարտեզները ծայրահեղ վիճակում են։ Միտումնավոր սարքած հումանիտար աղետ, որի նպատակը առաջիկայում ստորացուցիչ պայմաններ պարտադրելն է։ Հայաստանը մեծ մասամբ անտարբեր ապրում է։ Բայց խնդիրը ժողովուրդը չէ. պետության վերնախավում չի ձևավորվում իրավիճակին համապատասխան հավաքական մթնոլորտը։ Եվ, հետևաբար, այդ ամորֆ մթնոլորտն էլ պրոյեկցվում է ողջ երկրի վրա։ Եթե իշխանության դահլիճներում լիներ ոչ թե ֆուրշետային-խնջույքային հարմարավետ մթնոլորտ, այլ՝ազգային տագնապի, ապա հասարակությունն էլ կլիներ այդպիսին։ Իսկ եթե վերնախավում այսպես է, ապա ինչո՞ւ ենք զարմանում, որ հասարակ քաղաքացին էլ Մեքսիկայով արտագաղթում է ԱՄՆ կամ որպես լրահոս է ընկալում իր առաջիկա ստորացուցիչ կապիտուլյացիան կամ պատերազմի վտանգը։ Էջմիածինը տագնապ է հնչեցնում Պատահական չէ, որ վերջին շրջանի ամենապատկառելի խոսքը Վեհափառինն էր։ Այդ խոսքը մտավ հարյուր հազարավոր ընտանիքներ, և դա շատ լավ է։ Մարդիկ կարիք ունեն նման խոսքի։ Հենց պետականությունը փլուզվում է, եկեղեցին սկսում է վերցնել հայապահպանության ղեկը։ Սա մեր բազմադարյա պատմական ցիկլն է։ Սա ամենևին պարզապես եկեղեցու կարևորության արձանագրումը չէ, սրան պետք է նայել հակառակ կողմից. եթե եկեղեցին սկսում է իր վրա նման գործառույթներ վերցնել, ուրեմն պետությունը լուրջ ճգնաժամի մեջ է։ Այլոց արձագանքը Առանձին և կարևոր քննարկման թեմա է ընդդիմության, հանրային գործիչների, մտահոգ հասարակության, դիվանագիտական ռեսուրսի, ունակ անհատների արձագանքը։ Սրա մասին անպայման պետք է խոսել։
    11:07
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է 4 մահ
    Մարտի 15-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 55 նոր դեպք: Կատարվել է 2170 թեստավորում, առողջացել՝ 237 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 076 դեպք, որոնցից 408 799-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3060 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8579 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1638 է. նախորդն օրն արձանագրվել է 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Մեկ օրում մահացել է 4 կորոնավարակակիր։ Ընդհանուր կատարվել է 2 938 644 թեստավորում։
    11:06
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ադրբեջանցի զինվորականները 15 օր առաջ վրաններ են խփել գյուղի գերեզմանոցի մոտ. Ներքին Հանդի բնակչուհին ահազանգում է
    Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի բնակչուհի, թոշակառու Հասմիկ Ղազարյանն այսօր կապ հաստատեց ArmDaily.am-ի խմբագրություն և ասաց, որ չի կարողանում այցելել Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ զոհված որդու գերեզմանին, քանի որ ադրբեջանցիները մոտ 15 օր առաջ տեղավորվել ու վրաններ են խփել նախկին Վերին Հանդ գյուղի տարածքում, որտեղ գտնվում է նաև Ներքին Հանդի գերեզմանոցը։ Ներքին Հանդի բնայչուհին ասաց, որ ադրբեջանցիների հայտնվելը նորություն էր ու գյուղի բնակիչները նրանց նկատել են պատահաբար, երբ գերեզմանի մոտակայքում կենդանիներին են տարել արոտի։ «Ներկա պահին մեր գյուղի անմիջապես դիմացն են կանգնած։ Արդեն երկու հատ վրան դրել են, երեքն էլ կան ու փաստացի հինգ հատ վրան կա մեր տարածքում։ Այս րոպեին կարող եմ ասել, փաստորեն փետրվարի 27 կամ 28-ին են եկել՝ մարտին այնտեղ են եղել՝ հաստատ եմ ասում Ձեզ և նոր են հայտնվել»,-ասաց տիկին Հասմիկը։ Ներքին Հանդի բնակչուհին ասաց, որ ամբողջ գյուղի գերեզմանոցն է այժմ թշնամու վերահսկողության տակ, գյուղը սնող խմելու ջրի աղբյուրը ևս այնտեղ է գտնվում, որտեղ այս պահին ադրբեջանցի զինվորականներն են տեղակայվել։ «Մեր մահացածները ամփոփված են այդ գերեզմանոցում, մեր գյուղում ով մահանում է՝ այդտեղ ենք թաղում, մեր ջուրն այնտեղից է գալիս՝ անմիջապես իրենց դիմացն է։ Փաստացի հիմա այնտեղ են ադրբեջանցիները՝ հինգ վրան խփած։ Մենք ի՞նչ կարող ենք անել, գյուղացի մարդիկ ենք, ոչինչ կարող ենք»,-ասաց տիկին Հասմիկը։ Ներքին Հանդի բնակչուհին նշեց, որ բազմաթիվ մարդիկ բանջարեղենների մեծ տարածքներ ունեին, իրենց կենդանիների արոտավայրերն են ու փաստացի գյուղի առաջ ապրուստի խնդիր է առաջանալու։ Բանջարեղենի տարածք ունեցող գյուղացին վախենում է գնալ իր տարածք, քանի որ չգիտի ինչ խնդիր կարող են ունենալ ադրբեջանցի զինվորականների հետ, բացի այդ մի քանի տարի առաջ Կառավարությունն իրենց մրգատու ծառերի տնկիներ էին տվել, սակայն մարդիկ վախենում են գնալ այդ կողմ։ «Մենք այնտեղից կանաչի էինք հավաքում, անասունների հերթն էր, մեր հարևանի հերթն էր, ամուսինս իր եղբոր հտ գնացել են այդ կողմերը՝ տեսել են՝ վրաններ են խփած, երկուսը դատարկ են եղել, երրորդի միջից արդեն բարձր ձայներ են լսել։ Հետո որ իջան մեր պոստ, մեր հայ զինվորականները ասել են՝ ինչի՞ եք գնացել այնտեղ։ Չհասկացանք, մեր գյուղն է, մեր ապրուստն է, մենք դրանով ենք ապրում՝ ոնց թե ինչի ենք գնացել։ Մեր սեփական հողերն է փաստացի, մեր գյուղն է դա, իսկ հիմա չենք կարողանում գնալ՝ վախենում ենք»,-ասաց Հասմիկը։ Ներքին Հանդի բնակչուհին նշեց, որ աշխարհազորի ղեկավարն այսօրվա դրությամբ իր ամուսնու և տղայի հետ գնացել են, նայել են ադրբեջանցի զինվորականների նոր դիրքավորումը, սակայն ոչինչ անել չեն կարող, քանի որ վերադասից որևէ գործողության դիմելու հրաման չկա։ «Այսօրվա դրությամբ աշխարհազորի պետն ասում է, որ փաստացի մեզ հրաման չեն տալիս։ Ասում է՝ ՊՆ-ն պետք է հրահանգ տա, որ տեսնենք ինչ ենք անում՝ հրահանգ չկա։ Գյուղում նորմալ է, բայց վախով ենք ապրում։ Չորս օր առաջ կրակոցներ էին հնչում, 400 մետրի վրա ենք, իրենց պոստը մեր գյուղի դիմացն է՝ ասում են՝ ինչ-որ պալիգոն են սարքել»,-ասաց Ներքին Հանդի բնակչուհին։ Ահազանգի մասով փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՊՆ-ից եւ ԳՇ-ից, սակայն մեր զանգերը, ինչպես միշտ, անպատասխան մնացին։
    10:58
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայկական կողմի համար սկզբունքային է՝ վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը․ Արարատ Միրզոյան
    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների: Նախարարը հիշեցնում է, որ ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի 5 սկզբունքներին, որոնք հայկական կողմին փոխանցել է Ադրբեջանը, ներկայացրել է դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից երեկ հրապարակվեց, ըստ իրենց, Հայաստանին փոխանցված խաղաղության պայմանագրի 5 սկզբունքները։ Արդյո՞ք հենց դա է Հայաստանին փոխանցված փաստաթուղթը։ Այո, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանրայնացրել է Հայաստանին փոխանցված առաջարկները։ Ի դեպ, ուշագրավ է, որ փետրվարի 21-ով թվագրված նամակը հայկական կողմին փոխանցվել է միայն մարտի 10-ին։ Ինչպիսի՞ն է հայկական կողմի դիրքորոշումը նշյալ առաջարկների վերաբերյալ։ Նախ կարևոր է ընդգծել, որ խաղաղության պայմանագրի շուրջ յուրաքանչյուր բանակցություն պիտի ընթանա առանց նախապայմանների։ Ինչ վերաբերում է բուն առաջարկներին, ապա երկու երկրներն, ըստ էության, դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ։ Հարկ է նկատել նաև, որ առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական առաջարկին՝ համահունչ նշված դիրքորոշմանը։ Ադրբեջանի կողմից հնչեցված առաջարկներում անդրադարձ է կատարվում նաև երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Ինչպե՞ս են ընթանում այս գործընթացները։ Մենք համարում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունները պետք է լիարժեք կյանքի կոչվեն, և մենք շարունակում ենք հետևողական լինել այս ուղղությամբ։ Ինչպես գիտեք, մենք նույնիսկ հանդես ենք եկել այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համալիր առաջարկներով, ինչպես օրինակ զորքերի հայելային հետքաշմամբ և միջազգային մոնիթորինգի մեխանիզմի ներդրմամբ սահմանազատման գործընթացի մեկնարկի առաջարկը, որոնք սակայն ադրբեջանական կողմը մերժել է։ Ի՞նչ ձևաչափում եք տեսնում խաղաղության պայմանագրի շուրջ հնարավոր բանակցությունները։ Ավելի վաղ արդեն իսկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը և Հելսինկյան եզրափակիչ ակտը։
    10:51
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախից Ուկրաինա զինվորականներ են ժամանում․ տեղեկությունը տարածել է Ուկրաինայի ԳՇ-ն
    Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունն առ այն, որ Արցախից Ուկրաինա զինվորականներ են ժամանում, բացարձակ ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ աղերս չունի։
    10:41
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    1 ռուբլին գնվում է նվազագույնը 3.36 դրամով
    Երևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 3.36 դրամով, առավելագույնը՝ 4.04 դրամով, միջինը՝ 3.80 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 4.65 դրամով, առավելագույնը՝ 5.50 դրամով, միջինը՝ 5.05 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքից։ Իսկ 1 դոլարը գնվում է նվազագույնը՝ 500 դրամ է, առավելագույնը՝ 508 դրամով, միջինը՝ 503.76 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 509 դրամով, առավելագույնը՝ 518.50, միջինը՝ 514.09։
    10:35
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախում որոշ շրջանակներ տարակուսած են ՀՀ իշխանությունների պահվածքից. Վանեցյան
    Hraparak.am-ը ներկայացնում է հարցազրույց ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ - Կիրակի օրը Հայաստանի իշխանությունն ու որոշ քաղաքական շրջանակներ մասնակցում էին ՔՊ-ի կողմից առաջադրված եւ ընտրված Հայաստանի հինգերորդ նախագահի երդմնակալության արարողությանը, իսկ Դուք մեկնել էիք Արցախ։ Կասե՞ք՝ ի՞նչ իրավիճակ է Արցախում։ - Իրականում շատ ծանր վիճակ էր Արցախում, ես կասեի՝ հումանիտար աղետ։ Չհաշվենք հետպատերազմյան խնդիրները, որոնք դեռեւս հաղթահարված չեն, բայց այսօր Արցախում բնակվող ժողովուրդը եւ, առհասարակ, Արցախը կանգնած է հումանիտար աղետի առջեւ։ Եթե ավելի պարզ ու հասկանալի լինի՝ ինչ է կատարվում այնտեղ, ասեմ, որ մարդիկ արդեն 6-7 օր է՝ զրկված են բնական գազից։ Հակառակի պես Արցախում այս օրերին շատ ցուրտ է, մինուսային ջերմաստիճան է, ձյուն է գալիս, մենք գիտենք, որ Արցախում, սովորաբար, սաստիկ տեղումներ չեն լինում, բայց կարծես համընկնում լիներ՝ գազի խողովակի վնասումն ադրբեջանցիների կողմից եւ Արցախում եղանակային պայմանների վատթարացումը։ Եվ առաջիկա մի շաբաթն էլի ցուրտ է լինելու, ուստի կարո՞ղ ենք ենթադրել, որ Ադրբեջանը նախօրոք իմացել է՝ ինչ եղանակ է սպասվում այնտեղ, եւ վնասել է գազատարը։ Կարծում եմ՝ այո։ Բայց մենք չպետք է դիտարկենք միայն Արցախում գազ չլինելու հանգամանքը։ Ես սա դիտարկում եմ այլ տեսանկյունից՝ ադրբեջանցիներն անում են ամեն ինչ, որպեսզի զզվեցնեն արցախցիներին, որպեսզի նրանք ուղղակի թողնեն-գնան Արցախից։ Նույնկերպ Խրամորթ գյուղում օրը երկու-երեք անգամ ադրբեջանցիները բարձրախոսով հայտարարում են, թե գնացե՛ք այս գյուղից, այս գյուղը մերն է եւ այլն։ Վերջին օրերին մենք տեսանք նաեւ, որ ծանր զինատեսակներով կրակոցներ եղան Արցախի որոշ գյուղերի շրջակայքում։ Դրանից զատ՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցիներն անմիջապես հայտնվում են հակառակորդի նշանառության տակ։ Դեռեւս չեն սպանում նրանց, բայց վախեցնում են։ Ու այս ամենը, ես կարծում եմ, մենք պետք է դիտարկենք մի շարքի մեջ․ քայլեր են իրականացվում ադրբեջանցիների կողմից Արցախը հայաթափելու ուղղությամբ։ - Իսկ արցախցիները, ինչպես նաեւ տեղի քաղաքական շրջանակներն ի՞նչ են մտածում այս ամենի վերաբերյալ։ - Ես շփվել եմ ինչպես հասարակ բնակիչների հետ՝ գյուղերում եւ Ստեփանակերտում, նաեւ շփվել եմ գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ պատերազմից հետո առաջին անգամ շփվել եմ Արցախում իշխող «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչների հետ, իրենց խորհրդարանական խմբակցության ղեկավարի հետ է հանդիպում եղել։ Գրեթե բոլորը մտահոգված են այս իրավիճակով, հասկանում են, որ Ադրբեջանի քայլերը հենց այդ նպատակն են հետապնդում՝ հայաթափել Արցախը։ Դրանից բացի, որոշ շրջանակներ տարակուսած են Հայաստանի իշխանությունների պահվածքից եւ ուղիղ ասացին դրա մասին։ Այսինքն՝ մենք ականատես ենք, որ Հայաստանի իշխանությունները կարծես լվացել են իրենց ձեռքերն Արցախից եւ ազատվել այդ «բեռից» ու այսօր որեւէ բան չեն անում։ Դրա վառ ապացույցը, օրինակ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է կառավարության նիստի ժամանակ, երբ ասաց՝ Արցախի իշխանությունները եւ միջազգային գործընկերները զբաղվում են գազատարի վերականգնման աշխատանքներով, ու կարծում է, որ այդ հարցը կլուծվի։ Հիմա հարց է առաջանում՝ Հայաստանն այլեւս Արցախի հետ որեւէ կապ չունի՞, այսինքն՝ մենք Արցախը կորցրի՞նք։ - Ասացիք՝ գրեթե բոլորը մտահոգված են այս հարցերով, նշանակում է՝ կան շրջանակներ կամ մարդիկ, որոնց չի՞ մտահոգում այս իրավիճակը։ - Կան շրջանակներ, որոնք չեն բարձրաձայնում այդ մասին՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով։ - Իշխանակա՞ն շրջանակներ։ - Այո։ Ավելի ճիշտ՝ չասենք հենց իշխանական․․․ - Իսկ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում ունեցե՞լ եք։ - Արայիկ Հարությունյանի հետ ես հանդիպում չեմ ունեցել, բայց հանդիպել եմ խմբակցությունների հետ։ Նպատակը հետեւյալն է՝ ՀՀ Ազգային ժողովում մեր խմբակցությունն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որի մասին առաջիկայում կխոսենք, եւ այդ օրենսդրական նախաձեռնության շրջանակներում պատրաստվում ենք Ազգային ժողովում լսումներ անցկացնել եւ այդ լսումներին ուզում ենք հրավիրել Արցախի մեր գործընկերներին՝ թե՛ խորհրդարանի պատգամավորներին, թե՛ հասարակական, քաղաքական տարբեր գործիչների, որպեսզի կարողանանք բարձրաձայնել այս հարցերը, խոսենք Արցախի խնդրի եւ Արցախի ապագայի մասին։ Եվ նրանք մեծ սիրով ընդունեցին մեր հրավերը եւ մասնակցելու են լսումներին։
    10:34
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ադրբեջանը գրավում է Կապան-Մեղրի ճանապարհը. Էդգար Էլբակյան
    Շարունակելով առաջխաղացումը ՀՀ «միջազգայնորեն ճանաչված տարածքով», որի անձեռնմխելիության հանդեպ միշտ կույր լավատեսություն են ունեցել և ունեն «հիմնադիր նախագահի վերջին օրերի» աղանդավորները և կապիտուլյանտականները, Ադրբեջանը ևս 2 կմ խորացել է՝ գրավելով Հանդ գյուղատեղին, Ներքին Հանդ գյուղի գերեզմանոցը, զրկելով գյուղը խմելու ջրից, և հայտնվել գյուղից ընդամենը 1 կմ հեռավորության վրա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը: Նա նաեւ հավելել է. «Նպատակն ակնհայտ է՝ օգտվել քաղաքական առավելությունից, այն է՝ Հայաստանում իրենց դրածո կամակատար իշխանության առկայությունից և, ըստ այդմ, զրոյական դիմադրությունից՝ առաջանալով Ծավ գետի հոսանքով ու կտրելով Սրաշան-Ծավ, ասել է թե՝ Կապան-Շիկահող-Շվանիձոր-Մեղրի ճանապարհը (տեղանքի քարտեզը՝ մեկնաբանությամբ)»:
    10:30
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ
    ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման, ինչպես նաև քննչական դեպարտամենտների աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երևան քաղաքի բնակիչներ Կ․Ե-ն և Ա․Ա-ն 2021-2022 թվականների ընթացքում նախնական համաձայնության գալով իրար հետ, շահադիտական նպատակով կազմակերպել են Հայաստանի Հանրապետության շուրջ երկու տասնյակից ավելի քաղաքացիների անօրինական միգրացիան օտարերկրյա պետություններ, որը կատարել են վերջիններիս կողմից օտարերկրյա պետություններ մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր և տեղեկություններ ներկայացնելով: Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, որի արդյունքում հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր պատրաստելու համար նախատեսված սարքեր և սարքավորումներ, կեղծ կնիքներ, դրոշմներ, մի շարք քաղաքացիների անձնագրեր, անօրինական միգրացիայի կազմակերպման դիմաց վճարված գումարներ և հանցագործության կատարման համար նախատեսված այլ իրեր ու առարկաներ։ Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են երկու անձինք, որոնց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ են ներկայացվել դատարան։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը մինչև ութ տարի ժամկետով ազատազրկում է նախատեսում անօրինական միգրացիայի կազմակերպման համար և զգուշացնում, որ Ծառայությունը հետևողական է այսօրինակ հանցագործությունների կանխման և դրանց ամբողջական բացահայտման գործում։
    10:27
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այսօրվանից հանրային սննդի օբյեկտներում արգելվում է բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը. ԱՆ
    Այսօրվանից հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը, հայտնում են ԱՆ-ից: Մարտի 15-ից ուժի մեջ է մտնում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ը) ենթակետով նախատեսված դրույթը: Օրենքով սահմանված սահմանափակման արգելքը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում. պաշտոնատար անձի նկատմամբ՝ 150 000 – 200 000 ՀՀ դրամ, ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50 000 ՀՀ դրամ: Սույն դրույթի վերահսկողությունն իրականացվում է ՀՀ Ոստիկանության կողմից: Հիշեցնենք, որ օրենքի նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը` որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելը:
    10:24
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գարնան առաջին ամպրոպն իմ տարերքն է․ ե՞րբ կգա գարուն․ պարզաբանում է Սուրենյանը
    Հայաստանում այս օրերին ամենաշատ հնչող հարցերից են՝ այս տարի ե՞րբ կտեսնենք գարուն, այս տեղումնաբեր ցիկլոնի ազդեցությունը ե՞րբ կթուլանա և ե՞րբ է սպասվում օդի ջերմաստիճանի բարձրացում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նման հարցեր շատ է ստանում, սակայն չի շտապում ժամկետներ նշել: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա տեղեկացրել է, որ Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը: «Մարտի 15-ին հանրապետության ողջ տարածքում ցիկլոնի ազդեցությունը պահպանվելու է: Ժամանակ առ ժամանակ հանրապետությունում, նույնիսկ հովտային գոտիներում, կտեղա ձյուն, լեռնային գոտիներում սպասվում է նաև բուք։ Մարտի 16-ին ցիկլոնը տեղաշարժվում է դեպի հարավ-արևելք, տեղումները հյուսիսային և կենտրոնական շրջաններում կդադարեն, իսկ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում կշարունակի տեղալ ձյուն։ Մարտի 17-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, քանի որ գտնվելու ենք անտիցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 18-ին կեսօրից հետո Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը, ինչի արդյունքում տեղումները վերսկսվելու են։ Ինչ վերաբերվում է օդի ջերմաստիճանին, ապա պետք է ասեմ, որ եղանակի տաքացում առաջիկա 5 օրերին ակնկալել պետք չէ, ջերմաստիճանը դեռ նվազելու է, մարտի 16-17-ին գիշերները կցրտեն ևս 4-6 աստիճանով», - ասել է Գագիկ Սուրենյանը։ Նա նկատել է, որ 2021թ մարտը նույնպես աչքի էր ընկել առատ տեղումներով և ջերմաստիճանի վայրիվերումներով, սակայն այս տարի ջերմաստիճանի անկման ընթացքը և ձյան առատ տեղումները բավականին տևական են։ Ինչի՞ մասին են խոսում այս ձյունառատ տեղումները, ի՞նչ նշանակություն ունեն գյուղատնտեսական տեսանկյունից: Գագիկ Սուրենյանի խոսքով, այս տարվա ձմեռը շրջանների մեծ մասում առանձնացավ սակավ տեղումներով, սակայն, այս պահին բնությունը փոխհատուցում է։ Ինչպես շատերը, Գագիկ Սուրենյանը նույնպես սպասում է գարնանը, քանի որ այն իր ամենասիրելի եղանակն է: «Ես սիրում եմ գարունը, քանի որ գարունը համարում եմ կյանքի վերսկսում։ Գարնան առաջին ամպրոպն իմ տարերքն է, անչափ սիրում եմ», - ասել է Գագիկ Սուրենյանը։
    10:16
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հակառակորդը փորձում է տիրանալ Խրամորթ և Խնապատ գյուղերի արանքում գտնվող բարձունքին․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում վերջին օրերի սահմանային լարվածությունը ոչ թե սովորական լարում է՝ ադրբեջանական կողմի հերթական սադրանքը, այլ՝ հատուկ օպերացիա: Արցախից մեզ հայտնում են, որ հակառակորդը մի քանի օր շարունակ թիրախավորել և հատուկ գործողություններով փորձում է տիրանալ Խրամորթ և Խնապատ գյուղերի արանքում գտնվող բարձունքին։ Խոսքը Քարագլուխ բարձունքի մասին է, որի վերահսկողությունը ստանալով՝ հակառակորդը ողջ Ասկերանը կվերցնի իր նշանառության տակ, և շատ կհեշտանա Ստեփանակերտը գրավելը: Այս պատճառով էլ արդեն մի քանի օր է՝ իրենց գյուղ են վերադարձել բազմաթիվ խրամորթցիներ, որոնք տարհանվել էին կրակահերթերի առաջին օրերին։ Հակառակորդի ծրագիրը շատ պարզ է՝ գյուղերը դատարկել, ապա մտնել ու տիրանալ այդ բարձունքին»։
    10:12
    15.03.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են
    «Հրապարակ» Հակառակորդը մի քանի օր շարունակ թիրախավորել եւ հատուկ գործողություններով փորձում է տիրանալ Խրամորթ եւ Խնապատ գյուղերի արանքում գտնվող Քարագլուխ բարձունքին, որի վերահսկողությունը ստանալով՝ հակառակորդը ողջ Ասկերանը կվերցնի իր նշանառության տակ, եւ շատ կհեշտանա Ստեփանակերտը գրավելը: Այս պատճառով էլ իրենց գյուղ են վերադարձել բազմաթիվ խրամորթցիներ: «Ժողովուրդ» Մինչ Արցախում ապրող երեխաները զրկված են կրթություն ստանալու տարրական իրավունքից, ՀՀ ԱԺ պատգամավորները որոշել են հավաքվել տաքուկ անկյունում՝ Աղվերանում և քննարկում կազմակերպել կրթության մասին: «ArmDaily.am» Կապանի Վերին Հանդ գյուղի տարածքում, որտեղ գտնվում է նաև Ներքին Հանդի գերեզմանոցը, ադրբեջանցիները 5 վրան են դրել: «Ժողովուրդ» Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի հետ բանակցել է շատ ավելի վաղ: «Փաստ» ՌԴ քաղաքական վերնախավում բավականին տարակուսած ու վրդովված են այն հանգամանքից, որ հատկապես այս օրերին Հայաստանում առավել ակտիվացել են հակառուսական տրամադրություններ գեներացնող որոշ շրջանակներ, փոխարենը պրոռուսական ընդամենը 1-2 ակցիա է իրականացվել, այն էլ՝ բավականին սակավամարդ: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ:
    10:07
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում ճանապարհները ձյան պատճառով դժվարանցանելի են, ցածր տեսանելություն կա
    ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ գիշերը տեղացած ձյան պատճառով դժվարանցանելի է Ստեփանակերտ-Դրմբոն միջշրջանային ճանապարհի «Ցեխ ձոր» հատվածը, Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհահատվածի «Բովուրխանի» ոլորանները, Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը: Նշված ճանապարհահատվածներում տեսանելիությունը ցածր է և տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում և Սարավանում մերկասառույց է, բուք և մառախուղ։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին ցուցաբերել զգոնություն և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
    10:03
    15.03.22
    Ավելին