Լրահոս

2022-03-17
  • Img default alt hy
    Հայաստան
    Աղի հարցը հումորի թեմա ա դարձել, բայց հիվանդությունը ձեռք ենք բերում, հետո մտածում՝ ոնց բուժենք․ վարչապետ
    Էդ ո՞վ է ասում, որ ռեֆորմներ չկան։ Ուզում եմ հիշեցնել, որ երեկվանից ուժի մեջ են մտել հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքի վերաբերյալ որոշումը, որը կարևորագույն ռեֆորմ է։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Ես ուզում եմ ընդգծել, որ այս բոլոր ռեֆորմները չունեն մի ուղղություն։ Մասնավորպաես դրանք և քաղաքակրթական են, և առողջապահական են, և կառավարչական են։ Սա շատ կարևոր ուղղություն է։ Հույս ունեմ, որ մենք այս ճանապարհով կշարունակենք։ Ես հիմա հետևում եմ, թե ինչ արձագանքներ կան առաջիկայում սպասվող ռեֆորմի մասին, որը վերաբերում է աղի օգտագործման չափանիշի մասին։ Դա հիմնականում հումորի թեմա է դառնում։ Ցավոք սրտի, ոչ բոլորը գիտեն, որ աղի գերօգտագործումը ինչ ազդեցություն է ունենում հանրային առողջության վրա։ Մենք խթանում ենք, որպեսզի նրանք հնարավորինս շատ հիվանդություն ձեռք բերեն, որ հետո մտածեն՝ ոնց բուժեն։ Առողջ ապրելակերպը պիտի լինի մեր ռազմավարական մոտեցումը»։
    11:52
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետին
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետ Միխել Մարտինին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Իռլանդիայի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա կապակցությամբ: Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Իռլանդիայի հետ փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը, որի առանցքում ժողովրդավարական արժեքներն ու գործնական շահերն են: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով նոր խթան կհաղորդենք երկկողմ փոխգործակցությանը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Իռլանդիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և բարեկեցություն»:
    11:49
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    22-ամյա երիտասարդը հարազատ պապից գողություն էր արել
    ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդի կողմից կատարված գողության դեպքի հանգամանքները: ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 22-ամյա երիտասարդը 2021թ. սեպտեմբեր ամվսա տարբեր օրերի, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, իր պապի բնակարանից վերցնելով վերջինիս պատկանող ավտոտնակի բանալիների կրկնօրինակները, մուտք է գործել ավտոտնակ և չհրկիզվող պահարանից հափշտակել խոշոր չափերի՝ 600.000 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև 585.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
    11:41
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ստեփանակերտում իրար են բախվել մեքենաները․ կան վիրավորներ
    Մարտի 16-ին ժամը 22։15-ի սահմաններում Ստեփանակետ քաղաքի Ս.Դավթի, Պ.Սևակի և Իսակովի փողոցները հատող խաչմերուկում իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Տ․ Ղ․-ի (ծնված՝ 1993թ.) վարած «Հոնդա ֆիտ» մակնիշի և Ա․ Մ․-ի (ծնված՝ 1990թ.) վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Տ. Ղ․-ն գանգուղեղային վնասվածք, աջից քունքոսկրի կոտրվածք անցումով մաստիդալ փորոքների, ձախից էպիդուրալ հեմատոմա մինիմալ սուբարախնոիդալ, արյունազեղում գանգուղեղային սալջարդ ախտորոշմամբ, իսկ Ա. Մ․-ն ձախ նրբոլոքի պրոքսիմալ մետաֆիզի բեկորային կոտրվածք տեղաշարժով, աջ դաստակի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
    11:33
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փաշինյանը կանանց կոչ է անում աշխատանքի անցնել Պարեկային ոստիկանությունում. աշխատավարձը բարձր է
    Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 2 միլիարդ 30 միլիոն 100 հազար դրամ հատկացնել ՀՀ ոստիկանությանը: Ոստիկանապետ Վահե Ղազարյանն ասաց, որ 289 միլիոն 900 հազար դրամ կհատկացվի Լոռու ու Շիրակի մարզերում նոր ձևավորվող պարեկային ծառայության 140 պարեկային ավտոմոբիլի ձեռքբերման նպատակով, 67 միլիոն 200 հազար դրամ՝ նույն մարզերում ավտոմոբիլների կահավորման նպատակով, 1 միլիարդ 670 միլիոն 100 հազար դրամ՝ վարչական սարքավորումների ձեռքբերման նպատակով: Նախագծի ընդունման դեպքում պայմանագրում կատարվելու է տրանսպորտային միջոցների մատակարարման վերջնաժամկետի փոփոխություն. 2022 թվականի մարտի 1-ի փոխարեն սահմանել համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 20 օր հետո: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ապրիլից Պարեկային ոստիկանության ծառայությունը կգործարկվի Շիրակի ու Լոռու մարզերում: Նրա խոսքով՝ սա շատ կարևոր նշանակություն ունեցող բարեփոխում է ու պետք է արձանագրել, որ Պարեկային ոստիկանության արդյունքները գոհացուցիչ են: «Մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ Հայաստանի արտաքին դիմագծի ամենակարևոր բրենդը ժողովրդավարությունն է, ու մենք ձևավորում ենք ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ոստիկանություն, իհարկե, այս գործընթացն առանց թերությունների չի անցնում», - նշեց Փաշինյանը: Վարչապետն ասաց, որ Պարեկային ոստիկանություն կլինի նաև Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի ու Արագածոտնի մարզերում. հիմա ընդունելություն է. մեկ տեղի համար մի քանի հավակնորդ կա: «Պարեկային ոստիկանությունում աշխատելու համար պարտադիր չէ բարձրագույն կրթություն ունենալը, մարդիկ ընդունվում են, դասընթացներ են անցնում, որակավորման քննություն են հանձնում ու անցնում են աշխատանքի: Ցանկացած ոք, ով ունի միջնակարգ կրթություն, կարող է հավակնություն ցուցաբերել: Ես ուզում եմ կոչ անել, որ կանայք նույնպես ակտիվորեն մասնակցեն այս գործընթացին», - նշեց Փաշինյանը: Նա ասաց, թե աշխատավարձը Պարեկային ոստիկանությունում բավականին ծանրակշիռ է՝ 350 հազարից սկսած: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն էլ ասաց, թե ողջունում է, որ կանանց ներգրավվման մասին հնչում է վարչապետի կողմից:
    11:28
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հարուցվել է քրգործ՝ պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ
    ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022թ. մարտի 16-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանը: Կատարվում է նախաքննություն:
    11:23
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք
    Մարտի 17-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք: Կատարվել է 2480 թեստավորում, առողջացել՝ 140 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 202 դեպք, որոնցից 409 047-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2924 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8589 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1642 է: Մեկ օրում մահացել է 2 կորոնավարակակիր։ Ընդհանուր կատարվել է 2 944 317 թեստավորում։
    11:07
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տնտեսվարողները ժողովրդի պանիկան զսպելու համար են ապրանքների գները բարձրացրել. Վահան Քերոբյան
    «Ամենօրյա կապի մեջ ենք ԵԱՏՄ գործընկերների հետ, որպեսզի պարենային անվտանգության ընդհանուր խնդիրները լուծվեն: Հացահատիկի բավարար պաշարներ ունենք, չեմ կարծում, որ առաջին անհրաժեշտության ապրանքների որևէ խնդիր ունենանք»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Դիտարկմանը, թե հակառակ նախարարության հավաստիացումներին, որ դեֆիցիտ չի լինի, քաղաքացիները խանութներից մեծ քանակությամբ ապրանքներ են գնում, հնարավո՞ր է՝ այս հանգամանքը նաև նպաստի որոշ ապրանքների դեֆիցիտի առաջացմանը, նախարարը պատասխանեց. «Մեծ քանակությամբ ապրանքներ գնող մարդիկ պետք է մտածեն, եթե ապրանքների պակաս կա, ինքը պետք է ուտի՞, կողքինը՝ չուտի՞, նման վարքագիծը վիճակն ավելի է վատացնում»: Հարցին, թե հնարավո՞ր է ապրանքնրի գինը բարձրանա, Քերոբյանը նշեց. «Պահանջարկի և առաջարկի զեղումն է, պահանջարկը կտրուկ բարձրացել է, այնպես չէ, որ մարդիկ շատացել են կամ շատ հաց են ուտում, դրա համար գնային ճշգրտումներ են պետք, միգուցե տնտեսվարողները ժողովրդի պանիկան զսպելու համար են ապրանքների գինը բարձրացրել, որպեսզի անհարկի գնումներ չանեն»:
    10:59
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սադրանք չի իրականացվել հայ-ադրբեջանական սահմանին․ ՊՆ
    Սոցիալական ցանցերով և տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունը, թե մարտի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սադրանք են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին, ինչի հետևանքով հայկական կողմից մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավորվել՝ չի համապատասխանում իրականությանը; Եվս մեկ անգամ հորդորում ենք սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություններ հրապարակելիս հիմնվել բացառապես պաշտոնական հաղորդագրությունների վրա:
    10:48
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հրազդան կիրճում ավտեմեքենան ընկել է ձորը, վարորդին և ուղևորին դուրս են բերել փրկարարները
    Մարտի 17-ին, ժամը 02։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում ավտոմեքենան ընկել է գետը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական խումբ։ Պարզվել է, որ Հրազդանի կիրճում՝ «Լոլիկ» ռեստորանի հարևանությամբ, ավտոմեքենան ընկել է գետը․ վարորդը և ուղևորը չեն կարողանում դուրս գալ գետից։ Փրկարարները գետից դուրս են բերել Կ․ Ա․-ին (ծնված 2001 թ․) և Գ․ Ս․-ին (ծնված 1981 թ․)։ Կ․ Ա․-ն և Գ․ Ս․-ն հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Կ․ Ա․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Գ․ Ս․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։
    10:44
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պատմության ուսուցչի գործով դատարանում ցուցմունք տվեցին նրա աշակերտները. «Hetq.am»
    Երևանի թիվ 129 դպրոցի պատմության արդեն նախկին ուսուցիչ Հակոբ Գրիգորյանը, դատական նիստերի դահլիճ մտնելով, նախ իր մեղադրանքը պաշտպանող դատախազի, հետո՝ դահլիճում գտնվող մյուս կանանց միամսյակը շնորհավորեց: Քիչ անց դահլիճ եկան նաև դպրոցի սաները՝ ծնողների հետ: «Էրեխեքս են»,- ասաց Հակոբ Գրիգորյանը, ու ժպիտ հայտնվեց դեմքին: Պատմության ուսուցիչն այս պահին չի աշխատում. իր վերաբերյալ քրեական գործի հարուցումից հետո դիմում է գրել ու դուրս եկել դպրոցից: Նրան մեղադրում են Հայատանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի հասցեին բռնության հրապարակային կոչեր անելու մեջ: Ուսուցիչը 7-րդ դասարանի աշակերտների հետ դասի ընթացքում խոսել է 44-օրյա պատերազմի, Շուշին հանձնելու մասին ու ասել, որ Նիկոլ Փաշինյանին ու ընտանիքին պետք է հրապարակում վառել: Դասի որոշ հատված, որի ընթացքում պատմության ուսուցիչն արել է նրա մեղադրանքի հիմքում դրված արտահայտությունը, ձայնագրել են ու ձայնագրությունը տեղադրել «Ֆեյսբուք»-ում: Հայտնի չէ, թե ուսուցչին ով է ձայնագրել: Ուսուցիչն իր գործով առաջին դատական նիստին առանց պաշտպանի է մասնակցել: Հայտնել է, որ զղջում է իր խոսքերի համար: Այժմ նրա շահերը դատարանում պաշտպանում է փաստաբան, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: Այսօրվա դատական նիստի ընթացքում ցուցմունք տվեց դպրոցի 4 աշակերտ, բոլորը՝ մինչև 14 տարեկան: Դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, միջոցներ էր ձեռնարկել երեխաների հարցաքննության տեսաձայնագրման համար. դատարանում «Դատական դեպարտամենտը» տեսաձայնագրություն էր իրականացնում: Դատարան նաև հոգեբան էր հրավիրվել. մինչև 14 տարեկան երեխաները հարցաքննվում են հոգեբանի մասնակցությամբ: Դատարան հրավիրված վկա երեխաները և վերջիններիս օրինական ներկայացուցիչները նիստի մեկնարկին դուրս եկան դահլիճից. դա օրենքի պահանջն է: Մինչ հարցաքննության կհրավիրվեր երեխաներից որևէ մեկը, դատարանը հոգեբանից ճշտեց՝ գուցե երեխաները կաշկանդված են կամ վախեցած: Իսկ երեխաներից մեկն իսկապես կաշկանդված էր: Մինչև նիստի մեկնարկը, դատարանի միջանցքում ասում էր, որ ներս չի գնալու: Երեխայի դեմքից ակնհայտ էր, որ խիստ հուզված է դատարանում հայտնվելու փաստից: Ծնողներն էլ նեղսրտեցին, որ երեխային այդ տարիքում դատարան են կանչել: Հետո երեխան ասաց, որ չի ցանկանում տեանկարահանվել: Երեխայի հետ միջանցքում զրուցելուց հետո որոշվեց, որ նա առաջինը չի գնա հարցաքննության. առաջինը ներս մտավ երեխաներից նա, ով պատրաստակամություն հայտնեց: Վկա Արտակ Կարապետյանը (անունը փոխված է-հեղ․) դատարանին հայտնեց, որ Հակոբ Գրիգորյանն իր սիրելի ուսուցիչներից մեկն է: Երեխան ասաց, որ ուսուցիչը պատերազմի հետ կապված ինչ-որ բան է խոսել, բայց հստակ չհիշեց, թե ինչ: Երբ երեխային հարցրին՝ քննիչի մոտ ցուցմունք տալիս ճի՞շտ ես ասել, դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրան հորդորեց ազատորեն խոսել, որովհետև ոչ ոք իր տված ցուցմունքների համար անգամ իրավունք չունի նրան դիտողություն անել: Երեխան ասաց, որ ճիշտն է պատմել քննիչին: Հետո դատավորը փորձեց պարզել՝ երեխան չի՞ հուզվի, չի՞ նեղվի, եթե դատարանում հրապարակվի քննիչի մոտ նրա տված ցուցմունքը, երեխան ասաց, որ չի նեղվի: Նախաքննական ցուցմունքում վկան պատմել էր, որ միայն մեկ անգամ է եղել, որ ընկեր Գրիգորյանը բարկացած է եղել ու խոսել է Շուշին տալու մասին, սակայն այդ պահին նա ուղղակի ջղայնացած է եղել, ուսուցչի խոսքերն իր վրա տպավորություն չեն թողել: Երկրորդը հարցաքննվեց այն երեխան, որը, ինչպես արդեն վերը նշեցինք, չէր ցանկանում հարցաքննվել: Մինչ երեխան դահլիճ կմտներ, հոգեբանն ասաց, որ նա չի ցանկանում տեսանկարահանվել: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը լրատվամիջոցներին խնդրեց դադարեցնել տեսանկարահանումը: Երեխայի հարցաքննության ընթացքում տեսաձայնագրություն իրականացնում էր միայն Դատական դեպարտամենտը: Դատավորը երեխային պարզաբանեց, որ այդ տեսաձայնագրությունը միայն գործին կցելու համար է, երեխային լրատվամիջոցներով «ցույց չեն տալու»: Երեխան ասաց, որ պատմության դասի օրը իրենց ուսուցիչն ուղղակի նեղված է եղել ու ցանկություն է ունեցել «կիսվել իրենց հետ», իսկ նրա խոսքերը իրենց՝ երեխաների մեջ չի տպավորվել: Դատախազ Վանուհի Փայտյանը հարցեր տալուց առաջ փորձեց երեխային գործին չառնվող հարցեր տալ, օրինակ՝ սիրո՞ւմ է պատմության դասը, թե՝ ոչ, որպեսզի երեխան իրեն անկաշկանդ և ապահով զգա: Երեխան ասաց, որ չգիտի՝ իրենց ուսուցիչն ինչի վրա էր բարկացած, չհիշեց՝ օրվա դասից դուրս արտահայտություն արե՞լ է, մեկին վիրավորե՞լ է, թե՝ ոչ: Երեխան հայտնեց, որ քննիչին իրականությունն է պատմել: Վկայի հարցաքննության ժամանակ հարցեր տալիս ուսուցչի փաստաբան Ռուբեն Մելիքյանը ցանկանում էր ոտքի կանգնած հարցերը տալ, սակայն դատավոր ՄՆացական Մարտիրոսյանը նշեց, որ հարցերը կողմերը պետք է նստած տան: Մելիքյանն այս դիրքորոշմանն առարկում է: Չնայած այդ հանգամանքին՝ չցանկացավ երեխաների ներկայությամբ բանավիճել ու նստած տվեց հարցերը: Մելիքյանը հետաքրքրվեց՝ դատարանում հարցաքննվող վկան ընկեր Գրիգորյանից ի՞նչ է սովորել: «Որ հայրենասեր լինենք»,- պատասխանեց երեխան: Վերջինս ասաց, որ ուսուցիչը հայրենիքը կորցնելուց էր նեղվել, նա պատերազմի մասնակից է եղել: Դատարանում հարցաքննված մյուս վկան ևս մանրամասներ չհիշեց ուսուցչի խոսքերից, նա ևս հայտնեց, որ ուսուցիչը մեկ անգամ է իրենց հետ խոսել պատերազմի թեմայով, դատարանին հայտնեց, որ երեխաներից մեկն է հարց տվել և ուսուցիչը պատասխանել է: Այս երեխան նախաքննության ընթացքում քննիչին պատմել է, որ պարոն Գրիգորյանը շատ է զայրացել ու ասել է, որ Նիկոլը դավաճան է, իրեն պետք է վառել երկրում տիրող իրավիճակի համար: Երեխայի մայրը դատարանին հայտնեց, որ իրեն տեղյակ չեն պահել այն մասին, որ երեխան հարցաքննվում է: Հարցաքննված 4-րդ վկան ասաց, որ ինքը ոչ մի բան չի հիշում, պատմության դասին էլ ուշադիր չի եղել: Երեխան նախաքննության ընթացքում ծնողի ներկայությամբ ցուցմունք է տվել ու հայտնել, որ պատմության ուսուցիչը դասերի ընթացքում քննադատում էր Նիկոլ Փաշինյանին, հերթական դասի ժամանակ քննադատել է ու ասել, որ նրա ընտանիքին պետք է վերացնել, բայց նրա խոսքերն իր վրա ազդեցություն չեն գործել: Ուսուցիչն, ըստ երեխայի ցուցմունքի, նաև իրենց հորդորել է լավ սովորել, որ Նիկոլ Փաշինյանի նման չլինեն: Երեխան դատարանին հայտնեց, որ քննիչին ասածը ֆեյսբուքում տեղադրված ձայնագրությունից է պատմել: Դատախազը հարցրեց՝ դու սովորաբար ինչ ասում ես, ճի՞շտ ես ասում: «Մեկ-մեկ խաբում եմ, բաներ կան՝ խաբել եմ»,- պատասխանեց երեխան: Նշենք, որ երեխաների ցուցմունքներից պարզ է դառնում, որ վերջիններիս հարցաքննության ժամանակ կողմնակի անձինք, մասնավորապես՝ ուսուցիչներ են ներկա եղել սենյակում, ինչպես նաև՝ տնօրենը, որն այս գործով վկա է: Սա այն դեպքում, երբ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ վկաները հարցաքննվում են միմյանցից անջատ և դեռևս չհարցաքննված վկաների բացակայությամբ: Այսօրվա նիստի ընթացքում խոսեց նաև ամբաստանյալ Հակոբ Գրիգորյանը: Ուսուցիչն ասաց, որ կիսով չափ արցախցի է, մայրը Հադրութից է, Արցախում կռվել ու վիրավորվել է: «Հայրենիքիս հանդեպ ցավը ստիպեց, որ ես այդպես խոսեմ»,- դատարանին բացատրեց Հակոբ Գրիգորյանը:
    10:36
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախը շարունակում է մնալ առանց գազի մինչև -7 ջերմաստիճանի պայմաններում․ Ելենա Կիրակոսյան
    Ուզում եմ տեղեկացնել, որ երեկ Արցախ հասնելուն պես ունեցել ենք մի քանի հանդիպումներ, գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանը։ «Թեպետ երեկ Արցախի տեղեկատվական շտաբի կողմից տարածվել է հայտարարություն այն մասին, թե իբրև ՀՀ կառավարության և ռուս խաղաղապահների կողմից համատեղ վարվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմն դեռևս երեկ սկսել էր վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները և գազամատակարարումը կարճ ժամկետում պետք է վերականգնված լիներ, այնուամենայնիվ մինչ այս պահը Արցախը շարունակում է մնալ առանց գազամատակարարման մինչև -7 ջերմաստիճանի պայմաններում: Եվ չնայած բնակչությունը և որոշ հաստատություններ կարողացել են ժամանակավոր լուծել ջեռուցման հարցը, բայց դպրոցները, մի շարք բուժ հաստատություններ, հանրային վայրեր շարունակում են կանգնած մնալ ջեռուցման լուրջ խնդրի առջև»:
    10:28
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին. Աբրահամյան
    Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Քանի որ դատական գործերի համակարգչային մակագրման համակարգի գործողությանը միջամտության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նկատմամբ լայն հանրության և մասնագիտական շրջանակների հետաքրքրությունը մեծ է, տեղեկացնում եմ հետևյալը. Հաշվի առնելով դատական գործերի համակարգչային մակագրման համակարգի կարևոր նշանակությունը արդար դատաքննության ապահովման համար՝ ՀՀ դատախազությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել քննությանն անհրաժեշտ տվյալները հնարավորինս սեղմ ժամկետում ստանալու և համակարգի գործարկման խոչընդոտները բացառելու ուղղությամբ։ Մասնավորապես, քրեական գործով նշանակված փորձաքննությունը կատարող փորձագետի կողմից արդեն իսկ ուսումնասիրվել են հետազոտման ենթակա օբյեկտները, և համակարգի վերագործարկումն ու շահագործումը չի կարող բացասաբար անդրադառնալ փորձաքննության օբյեկտիվության և լիարժեքության վրա։ Հետևաբար քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնվել է, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել։
    10:25
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում ավտոճանապարհները հիմնականում բաց են
    ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում բաց են։ Դեպի ՀՀ` Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ «Զանգեր»-Սարավան հատվածը դժվարանցանելի է բեռնատար մեքենաների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով մեքենաներ համար, դժվարանցանելի` մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ներքին գործերի նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին` ցուցաբերել զգոնություն և առայժմ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
    10:22
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Թափանցիկությունից խոսող կառավարությունն ամեն ինչ գաղտնի է անում. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Ամենաբաց ու թափանցիկ» իշխանության պարագլուխ Նիկոլ Փաշինյանն իր ղեկավարած կառավարության նիստերի օրակարգի հարցերի մեծ մասը, ինչպես հայտնի է, դարձրել է չզեկուցվող կամ գաղտնի։ Պարզ ասած՝ նա հարկ չի համարում հանրության աչքի առաջ քննարկման առարկա դարձնել բազում հարցեր, այն պարագայում, երբ իշխանության գալու շրջանում հայտարարում էր, թե ոչինչ գաղտնի չի մնա, իսկ ավելի ուշ ասում էր, որ Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, եւ նրանք կարող են կառավարության դուռը ոտքով բացել։ Մինչդեռ վերջին շրջանում ամեն ինչ գաղտնագրել են՝ նիստերի օրակարգն անգամ չեն տեղադրում գործադիրի կայքում, ինչպես արվում էր միշտ, անգամ նախկինների ժամանակ։ Կառավարության՝ ամեն հինգշաբթի նախատեսված նիստերից մի քանի օր առաջ, ամենաուշը երեքշաբթի օրը, կայքում հայտնվում էր առաջիկա նիստում քննարկվելիք օրակարգը։ Երեկ աշխատանքային օրվա ավարտին անգամ կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգը չէր տեղադրվել։ Այս առումով առավել եւս զավեշտական է, երբ Փաշինյանը հպարտորեն հայտարարում է, թե Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա»։
    10:17
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (մերկասառույց) և Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար: Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան քաղաքների, Սյունիքի մարզի բարձրադիր հատվածների, Լոռու և Գեղարքունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
    10:15
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արձագանք կա միայն ՀՀ ընդդիմադիր դաշտից․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, ինչ կատարվում է Արցախում, գնահատվում է որպես հումանիտար ճգնաժամ կամ հումանիտար աղետ: Միևնույն ժամանակ, տպավորություն կա, որ ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի իշխանությունների կողմից որևէ քայլ չի ձեռնարկվում, ավելին՝ նրանց, կարծես, առանձնապես չի էլ մտահոգում ստեղծված վիճակը: Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Փաստ» թերթի հետ զրույցում ասում է, թե արցախի իշխանավորներից շատերն այս ծանր շրջանում ՀՀ-ում են, ներկայացնում են, թե ինչ-որ աշխատանք են տանում, մինչդեռ անգամ չնչին աշխատանքը տեսանելի կլիներ այսօրվա իրավիճակում: «Արցախում այնպիսի ծանր վիճակ է, որ յուրաքանչյուր փոքր տեղաշարժ շատ մեծ տեսանելիություն կունենար: Մեծ հաշվով, ՀՀ իշխանությունների հետ համատեղ որևէ գործողություն չի արվում, արձագանք կա միայն ՀՀ ընդդիմադիր դաշտից: Անընդհատ զանգում են, մի քանիսը եղել են Արցախում: Առաջիկա օրերին ևս պատրաստվում են գալ Արցախ, պարզապես մեր կողքին լինել, որովհետև ՀՀ-ում, կարծես, ստեղծվել է մի իրավիճակ, երբ, ըստ էության, թույլ չեն տալիս, որ ընդդիմադիր թևն իր հնարավորություններն օգտագործի, և ինչ-որ դրական տեղաշարժ ունենանք: Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա, ընդհանուր առմամբ, իրականում չի կարող լինել այնպես, որ ի վնաս Արցախի, ՀՀ-ի ու հայության պաշտոնական հայտարարություններ անեն, բայց ներքին կարգով դրական աշխատանքներ տարվեն: Իսկ լուռ ինչ-որ գործ անելու արդարացումները չստացված ստախոս լինելու տրամաբանության մեջ են: Իրենք, մեղմ ասած, խաբում են և խաբում են բոլորին»: Այսուհանդերձ, պատգամավորը հավաստում է, որ արցախցին իր հայրենիքում մնալու առումով ավելի ու ավելի հաստատակամ է: «Անկախ ամեն ինչից՝ արցախցին, առավել ևս հիմա, կպած է իր հողին ու չի պատրաստվում լքել հայրենիքը: Չենք պատրաստվում որևէ կերպ լքել Արցախը, փախչել Արցախից, մեր հայրենիքը զիջել թե՛ արտաքին, թե՛ ներքին թշնամուն»,- ասաց Հակոբյանը»:
    10:10
    17.03.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են
    «Հրապարակ» Արցախի Խրամորթ գյուղի տղամարդիկ՝ Պաշտպանության բանակի եւ ռուս խաղաղապահների հետ, մարտական պատրաստվածության են բերվել, դիրքավորվել գյուղի տարածքում՝ պատրաստ դիմակայելու ադրբեջանցիների հնարավոր սադրանքներին։ «Փաստ» Իշխանությունները խստագույնս արգելել են իրենց պատգամավորներին որևէ մեկնաբանություն և կարծիք հայտնել «հայ-թուրքական» և «հայադրբեջանական» գործընթացների վերաբերյալ։ «Հրապարակ» Չնայած արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախօրեին ողջ բնակչության անունից հավաստիացնում էր, թե կողմ են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն, սակայն անգամ Ադրբեջանի առաջարկած՝ նախապայման հանդիսացող հինգ կետերը ՔՊ խմբակցությունում չեն քննարկել։ «Հրապարակ» «Ամենաբաց ու թափանցիկ» իշխանության պարագլուխ Նիկոլ Փաշինյանն իր ղեկավարած կառավարության նիստերի օրակարգի հարցերի մեծ մասը դարձրել է չզեկուցվող կամ գաղտնի։ «Ժողովուրդ» Խորհրդարանում պետք է քննարկվի կառավարության 2021 թ-ի կատարողականը: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների ԳՀ լաբորատորիայի ղեկավար Ալվինա Աղաբաբյանի հետ:
    10:01
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էդուարդ Աղաջանյանը նկատի է ունեցել, որ Արցախի ժողովուրդը կարող է Ադրբեջանի կազմո՞ւմ էլ անկախ ապրել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի պես ձեր խմբակցությունում շատե՞րդ եք կողմ, որ քննարկվի Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հարցը՝ հարցրինք ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ «Իհարկե, ընդունելի չէ այդ մոտեցումը, բայց ես կարծում եմ, որ Աղաջանյանը դա նկատի չի ունեցել, ինքը նկատի է ունեցել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը և տարածքային ամբողջականության հարցը չպետք է խառնենք իրար»։ Այսինքն, նկատի է ունեցել, որ Արցախի ժողովուրդը կարող է Ադրբեջանի կազմո՞ւմ էլ անկախ ապրել։ «Եթե տրամաբանում ես, շատ դժվար կլինի Ադրբեջանի հետ քննարկել Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը՝ առանց իրար հետ նորմալ հարաբերություններ ունենալու, այստեղ է ողջ տրամաբանությունը»։ Դրա համա՞ր եք ուզում ադրբեջանցիների հետ բարեկամանալ՝ հույս ունենալով, որ կճանաչեն Արցախի անկախությունը։ «Ոչ թե բարեկամանանք, այլ նորմալ հարաբերություններ ստեղծենք»։ Դուք հավատո՞ւմ եք Ձեր ասածին, որ Ադրբեջանի տարածքում արցախցին կարող է ապրել, և կարող է ճանաչեն Արցախի անկախությունը։ «Իհարկե։ Աղաջանյանն էլ դա է նկատի ունեցել»։ Մեր տեղեկություններով, չնայած արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախօրեին ողջ բնակչության անունից հավաստիացնում էր, թե կողմ են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն, սակայն անգամ Ադրբեջանի առաջարկած՝ նախապայման հանդիսացող հինգ կետերը ՔՊ խմբակցությունում չեն քննարկել»։
    09:56
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Խրամորթի տղամարդիկ մարտական պատրաստության են բերվել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի սահմանամերձ Խրամորթ գյուղի կանայք եւ երեխաները երեկ էլ գյուղ չեն վերադարձել` վարչական շրջանի ղեկավարության որոշմամբ, քանի որ անվտանգությունն ապահովված չէ։ Արցախյան աղբյուրներից տեղեկացանք, որ գյուղի տղամարդիկ՝ Պաշտպանության բանակի եւ ռուս խաղաղապահների հետ, մարտական պատրաստվածության են բերվել, դիրքավորվել գյուղի տարածքում՝ պատրաստ դիմակայելու ադրբեջանցիների հնարավոր սադրանքներին։ Ցերեկը Խրամորթ են այցելել նաեւ Արցախի մի խումբ պատգամավորներ՝ աջակցություն հայտնելու խրամորթցիներին։ Նրանցից մեկը մեզ փոխանցեց, որ խրամորթցի տղամարդկանց տրամադրությունը երեկ ավելի մարտական էր, քան նախորդ օրերին։ «Կանանց, երեխաների առկայությունը կաշկանդում էր որոշ գործողությունների համար»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների պատճառով Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք եւ երեխաները։ Թե երբ կվերադառնան նրանք գյուղ, երեկվա դրությամբ պարզ չէր։ Բանն այն է, որ ադրբեջանցիների դիրքային առավելությունը խրամորթցիներին դրել է հակառակորդի ուղիղ նշանառության տակ, եւ բարձունքի վրա գտնվելով՝ ադրբեջանցիները թիրախավորված կրակում են գյուղի վրա»:
    09:46
    17.03.22
    Ավելին