Լրահոս
Քաղաքական
18:14
06.03.19
359

Ընդդիմությունը Փաշինյանին հորդորում է դիմել ԱԱԾ

Խորհրդարանական ընդդիմությունը չի պատրաստվում գուշակություններ անել, որպեսզի պարզի, թե ում նկատի ուներ վարչապետը, երբ Իրանում հայ քաղաքական գործիչներին օտարերկրյա գործակալներ էր անվանում:

«Ամենածիծաղելի բանը կլիներ ԲՀԿ ում գտնել գաղտնի գործակալներ, դա կլիներ 21-րդ դարի պատմությունը, որը հիանալի վեպ կդառնար:  Եթե չեն բացվում չակերտները, ես պարտավոր չեմ սուրճի բաժակ նայել, կամ կամ խաչբառ լուծել, դա իմ  ժանրը չէ»,- 5 TV-ին ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեվորգ Գորգիսյանի խոսքով էլ,  եթե վարչապետը պնդում է, որ կան նման մարդիկ քաղաքական դաշտում, ապա ԱԱԾ-ն պետք է գնա այդ մարդկան հետևից: «Եթե պարոն վարչապետի ձեռքում կոնկրետ անձանց նկատմամբ կան կոնկրետ փաստեր, կարծում եմ, ճիշտ կլինի դրանք փոխանցել համապատասխան մարմիններ և սկսել համապատասխան գործընթաց»,-նշել է Գորգիսյանը՝ հավելելով, որ հակառակ դեպքում, ասվածը քաղաքական դաշտը ապականելու հերթական քայլ է, որը իրենք չեն ողջունում:

Իսկ «Իմ քայլը» խմբակցությունից Հրաչյա Հակոբյանի կարծիքով, եթե վարչապետը  նման հայտարարություն է  արել, ուրեմն նա տեսնում է այդպիսի մարդկանց:  Ինքը՝ պատգամավորը, չի տեսնում: «Կարծում եմ բացահայտումներ պետք է լինեն: Ես չգիտեմ, ովքեր են գործակալները»:  Կա՞ն գործակալներ «ԻՄ քայլը» խմբակցությունում, Հակոբյանը չգիտի:

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը Սպահանում իր ելույթում ասել էր. «Մենք պետք է ամուր պահպանենք մեր ինքնությունը, անսասան միասնությունը և տուրք չտանք օտարամոլությանը, թույլ չտանք, որ ՀՀ-ում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»: