Լրահոս

2022-01-18
  • Img default alt hy
    Հայաստան
    Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելով` իշխանությունը մարդկանց համոզում է, որ թքած ունենալով ավելի կարևոր արժեքների վրա, գնում ենք ավելի լավ ապրելու ճանապարհով. Աբրահամյան
    Թուրքիան փորձում է տարբեր խողովակներով հասցնել, որ ավանդական նախապայմաններն ուժի մեջ են, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին` ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։ «Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը մշտապես եղել է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, բայց եթե նայեք վերջին մեկ տարվա իրադարձությունները, տեսնեք այն կարևոր քաղաքական օրակարգերը, որտեղ Հայաստանը որևէ ձևով ներկայացված է լինում, կտեսնեք, որ այս իշխանության համար հայրենիքը, ազգայինը, գաղափարները գոյություն չունեցող արժեքներ են»,- ընդգծել է Աբրահամյանը։ Նա նշել է, թե այս պարագայում իշխանությունների համար կա իրավիճակից «պլստալու» հնարավորություն, կա իշխանություն պահելու կարևորություն, պատգամավորի խոսքով, դրանք ցավալիորեն առաջին պլանում են և երկրորդում են այն կարևոր օրակարգային հարցերը, որոնք նվազագույնը վերջին երեք տասնամյակում Հայաստանի համար եղել են առաջնահերթ։ «Իշխանությունները փորձում են անվտանգության հետ կապված հարցերը մղել երկրորդ պլան, առաջ բերել օրվա հացի լուծման կամ մի երկու կոպեկ ավելի գումար ունենալու հարցը և մարդկանց համոզել, որ թքած ունենալով ավելի կարևոր արժեքների վրա` գնում ենք ավելի լավ ապրելու ճանապարհով։ Եթե նույնիսկ որոշակի կարճ ժամանակով Թուրքիան բարեհաճ լինի, և ցույց տրվի, թե Հայաստանում կյանքը փոխվել է, իրականության մեջ դա շատ կարճաժամկետ արդյունք է ունենալու, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի նպատակներում խնդիրը ոչ թե տնտեսական հարաբերությունները կառուցելն է, այլ` իրենց քաղաքական-ռազմավարական շահերին հասնելը»,- եզրափակել է Տիգրան Աբրահամյանը։
    12:54
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանի իշխանությանը մի բան է հետաքրքրում` սահմաններ բացել ու հարաբերությունները ջերմացնել հարևան դահիճների հետ․ Տիգրան Աբրահամյան
    ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Լուկաշևիչը, ըստ էության, արձագանքել է օրեր առաջ, Ադրբեջանի նախագահի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դեմ ուղղված հայտարարություններին, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Ալիևը նշել էր, որ համանախագահներն այլևս անելիք չունեն, որովհետև Ղարաբաղի հարցը լուծված է։ ՌԴ դիվանագետը նշել է, որ իր երկիրը մտահոգված է այն հանգամանքով, որ համանախագահները չեն կարողանում Ղարաբաղ այցելել։ Լուկաշևիչի խոսքերով, համանախագահներին մինչև այժմ չի հաջողվել այցելել Ղարաբաղ, ծանոթանալ ստեղծված իրավիճակին և նախանշել կոնկրետ քայլեր առկա խնդիրների լուծման ուղղությամբ։ Հայաստանից Ալիևի վտանգավոր հայտարարություններին չարձագանքելու պայմաններում, ՌԴ-ն է անդրադառնում ստեղծված ծանր իրադրությանը։ Հայաստանի իշխանությանն այս պահին միայն մի բան է հետաքրքրում, թե ինչպես հրատապ կարգով սահմաններ բացել ու հարաբերությունները ջերմացնել հարևան դահիճների հետ՝ Թուրքիայի և Ադրբեջանի»։
    12:49
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արցախի պետնախարարը հերքել է բանակի` պայմանագրային հիմունքների անցման մասին տեղեկությունը
    Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը հերքել է բանակի` պայմանագրային հիմքի անցման մասին տեղեկությունը։ «Պայմանագրային հիմունքների ամբողջական անցման մասին որոշում չկա։ Զորակոչ կլինի: Հակառակի մասին որոշում չկա։ Ինչպես եղել է, այնպես էլ կլինի։ Նման բանի քննարկում նույնիսկ չկա»,- ասաց Բեգլարյանը։ Ինչ վերաբերում է ոստիկանության զորքերին, պետնախարարը խոստացավ դրանց մասին խոսել, երբ նախագիծը ներկայացվի։ «Ընդհանուր ծանոթ եմ: ԱԺ-ում բաց քննարկում է լինելու, օրենքը կհրապարակվի: Բայց ընդհանուր գիտեմ, որ ոստիկանության զորքերը զբաղվելու են ներքին անվտանգության պաշտպանությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ արտաքին սպառնալիքների չեզոքացմամբ»,- ասաց պետնախարարը։
    12:43
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀԴՄ կիրառման կանոնները խախտելու համար տուգանքներ նշանակելիս հաշվի չեն առնվում իրավախախտման հանգամանքները. ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց
    ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է արտահերթ զեկույց այն մասին, որ Հարկային օրենսգրքով նախատեսել է տուգանքների ֆիքսված, այն էլ բարձր չափեր հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար։ «Այս հարցով դիմել եմ նաև Սահմանադրական դատարան. վիճարկում եմ այն, որ տուգանքների ֆիքսված չափեր սահմանելով` հաշվի չի առնվում իրավախախտման հանգամանքները և չի տալիս անհատականացման հնարավորություն: Խոսքը վերաբերում է Օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերին, որոնց համաձայն, օրինակ՝ տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է` 300․ 000 դրամի չափով, իսկ հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով 1․000․000 դրամի չափով: Ստացվում է, որ օրենքով հարկային մարմնի համար նախապես կանխորոշված են տուգանքների չափերը, որոնցից որևէ բացառություն չի կարող արվել։ Մասնավորապես, տուգանքները նշանակվում են առանց ենթադրյալ իրավախախտման հանգամանքներին ու իրավիճակին անհատականացման. դրանք չեն նշանակվում հիմք ընդունելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի շրջանառության ծավալը: Առաջին անգամ իրավախախտումը հայտնաբերելիս տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտի նկատմամբ կիրառվում է տուգանք՝ անկախ խախտումը կատարելու օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններից։ Խնդրահարույց է նաև տուգանքի չափերի բարձր լինելը, ինչը նորաբաց և/կամ փոքր կազմակերպությունների, ի տարբերություն տարիներ շարունակ գործող և մեծ կազմակերպությունների, դնում է տնտեսական դժվար կացության առաջ, իսկ որոշ տնտեսվարող սուբյեկտների համար այն հանգեցնում է ընդհուպ մինչև ձեռնարկատիրական գործունեության դադարեցման: Այս վիճակը չի ապահովում տնտեսական և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու երաշխավորման սահմանադրական պահանջը։ Սա իր հերթին հանգեցնում է տնտեսական, ներառյալ՝ ձեռնարկատիրական, գործունեությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքի նկատմամբ անհամաչափ միջամտության հարկային մարմինների կողմից»։
    12:37
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ներկայացել է որպես հայուհի, ուղարկել մերկ նկարներ ու Արցախի բնակչին դրդել լրտեսության․ ԱՀ ԱԱԾ բացահայտումը
    ԱՀ ԱԱԾ-ից հայտնում են, որ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Արցախի բնակչին լրտեսության դրդելու հերթական դեպքը։ Վերջին օրերին Ադրբեջանի հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերում ակտիվացրել են Արցախում բնակվող անձանց հետ կապ հաստատելու փորձերը՝ նրանց շրջանում խուճապ տարածելու և կամ վերջիններից տեղեկություններ հավաքագրելու նպատակով: Հերթական դեպքում կեղծանվան տակ գրանցված թելեգրամյան օգտատերը, ներկայանալով որպես հայուհի, Արցախում բնակվող անձի հետ սկզբում վարել է մտերմություն ձևավորելու նպատակ հետապնդող խոսակցություն, նրան ուղարկել իր մերկ վիճակում նկարները, պահանջել նույնպիսի նկարներ, որից հետո իրենց մեջ վարված հաղորդակցության բովանդակությունը հրապարակելու սպառնալիքի տակ պահանջել տրամադրել տեղեկություններ, տարբեր տեղանքների լուսանկարներ, խոստանալով նաև վճարել մատուցած ծառայությունների դիմաց՝ նախապես ուղարկված բանկային հաշվին գումար փոխանցելու եղանակով: ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը ստուգում է վերը նկարագրված դեպքի հանգամանքները, Ադրբեջանի հատուկ ծառայություններին տրամադրված տեղեկությունների բովանդակությունը, ծավալը, ինչպես նաև արարքի կատարման շարժառիթներն ու նպատակները: Միաժամանակ կրկին անգամ հորդորում ենք սոցիալական ցանցերում զերծ մնալ անծանոթ օգտատերերի հետ շփումներից ու կասկածելի առաջարկներ ընդունելուց, Արցախի Հանրապետության անվտանգությանը սպառնացող տեղեկություններ տրամադրելուց, իսկ նման պահանջներ կամ առաջարկներ ներկայացվելու դեպքերի մասին անհապաղ հաղորդել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը:
    12:27
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դպրոցի տնօրենը որդու գերեզմանին ինքնասպանության փորձ է արել
    «SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 13-ին Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի կողմից ինքնասպանության փորձ կատարելու փաստով: Այդ օրը՝ ժամը 11:40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվի էսենցիայով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ հիվանդանոց է մեկնել օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ տեղափոխվածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 52-ամյա կին է: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, նա իրենց գյուղում՝ իր որդու գերեզմանին, ինքնասպանություն գործելու նպատակով խմել է քացախաթթվի էսենցիա: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Շամշյանի տեղեկություններով՝ այդ կինը աշխատում է Արարատի մարզի դպրոցներից մեկի տնօրենն է։
    12:24
    18.01.22
    Ավելին
  • Միջազգային
    ՀԱՊԿ-ի խաղաղապահներով քառասուն ինքնաթիռ Է Ղազախստանից Ռուսաստան ժամանել մեկ օրում
    Ռուսաստանի օդատիեզերական ուժերի քառասուն ինքնաթիռ Է Ղազախստանից ՀԱՊԿ-ի ՌԴ խաղաղապահների փոխադրել Մոսկվայի և Ուլյանովսկի մարզերի ռազմական օդակայաններ, հաղորդել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի քառասուն ինքնաթիռ անցած օրվա ընթացքում ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի կազմից Մոսկվայի և Ուլյանովսկի մարզերի ռազմական օդակայաններ Է հասցրել Ղազախստանի Հանրապետությունից»,- ասվում Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ օդակայաններում կազմակերպվել Է խաղաղապահների հանդիսավոր հանդիպում օդադեսանտային զորքերի հրամանատարության և օդադեսանտային զորքերի Ուլյանովսկի միավորման մասնակցությամբ: Հանդիսավոր միտինգներից հետո խաղաղապահ դեսանտայիններն անցկացրել են սպառազինության, ռազմական տեխնիկայի, ունեցվածքի բեռնաթափում եւ երթեր կատարել մշտական տեղաբաշխման կետեր:
    12:20
    18.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Արտաշատում
    Ոստիկանության ՔՈԳՎ և Սյունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 17-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում հայտնաբերվել և ՔՈԳՎ բերման է ենթարկվել Ռուստամ Պ.-ն, որը 2021 թ. մարտի 11-ից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Ռուստամ Պ.-ն փոխանցվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողներին:
    12:12
    18.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Էս մարդուն մենք մի հարց ունենք տալու՝ ե՞րբ ես թողնելու գնաս, որ մեր երկիրը փրկվի․ Վանեցյան
    «Hraparak.am»-ը ներկայացնում է հարցազրույց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ։ - Պարո՛ն Վանեցյան, որոշել եք այս տարի ավելի ակտի՞վ լինել և գալ նիստերին՝ անցյալ տարի գրեթե չէիք մասնակցում։ - Ես պասիվ չեմ, ես նիստերին մասնակցում եմ, բոլոր նիստերին մասնակցել եմ: Ես չեմ մասնակցում Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանին, որովհետեև չեմ ուզում ներկա գտնվել մի միջոցառման, երբ Նիկոլ Փաշինյանն ամբիոնից ինչ ուզում՝ խոսում է, և որևէ կերպ չես կարողանում նրան հակադարձել։ Ազգային ժողովի նիստերի վարման կարգն է այդպիսին, նիստը վարողն ինքն է որոշում՝ ինձ ձայնի իրավունքից զրկի, Նիկոլ Փաշինյանին թողնի երկար խոսել՝ խախտելով ժամանակային սահմանափակումը, և, ի վերջո, վերջին խոսքը մնում է նրանը։ Նա էլ ինչ անպատասխանատու հայտարարություն ուզում, անում է։ Ես չեմ ուզում էդ ամեն ինչին մաս դառնալ։ Էս մարդուն մենք մի հարց ունենք տալու՝ ե՞րբ ես թողնելու գնաս, որ մեր երկիրը փրկվի։ - Իսկ ինչո՞ւ չեք տալիս այդ հարցը։ - Էդ հարցը բազմիցս ենք տվել, էդ մարդն իր բոլոր գործողություններով մի բան է անում միայն՝ իշխանություն է պահում։ - Դա միայն Ձե՞ր անունից եք ասում, թե՞ ձեր խմբակցության։ - Չէ, եթե Դուք նկատել եք, մեր ֆրակցիայի գրեթե բոլոր պատգամավորները շատ ակտիվ մասնակցում են հարցուպատասխանին: Դա իմ անձնական որոշումն է, որ ես չեմ ուզում ուղղակի մտնել իր օրակարգի մեջ։ - Բայց կարող են ասել՝ Դուք ֆրակցիայի ղեկավար եք, բա որ Նիկոլ Փաշինյանը մի թթու խոսք ասի ձեր թիմակիցների հասցեին, կամ «ուսապարկերը» բռունցքներով կրկին հարձակվեն, բա Դուք այնտեղ չլինե՞ք, որ պաշտպանեք։ - Ես էստեղ՝ շենքում եմ լինում, և եթե նման բան լինի, հավատացեք, անմիջապես կհայտնվեմ դահլիճում։ Էնպես չի, որ ես Ազգային ժողովի շենքում չեմ լինում։ - Ասում եք՝ մեկ նպատակ ունեք, թե երբ է Փաշինյանը հեռանալու, բայց նա չի հեռանում, ու կարծես ընդդիմության գոյությունն էլ նպաստում է դրան։ Հիմա իմաստը ո՞րն է մանդատները պահելու եւ պատգամավոր աշխատելու։ -Ձեր հարցի մեջ կա ուղղակի կամ անուղղակի մեղադրանք ընդդիմությանը, որ ընդդիմությունը չի կատարում իր հիմնական պահանջը, որ արդեն երկար ժամանակ կա օրակարգում, դա Նիկոլ Փաշինյանի հեռացումն է իշխանությունից։ Ես պատերազմից հետո, նաև պատերազմից առաջ, եթե Դուք հիշում եք՝ դեռեւս 2019 թ․ սեպտեմբերից, ամեն կերպ փորձում եմ անել այն քայլերը, որը հնարավորություն կտա Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Երբ որ մենք փողոցում պայքարում էինք, երբ որ մենք տուն չէինք գնում, երբ որ մենք փորձում էինք ժողովրդին բացատրել, որ էս իշխանության յուրաքանչյուր օր ավել մնալը բերելու է մեր երկրի կործանմանը, էդ ժամանակ էլ էին մեզ քննադատում, թե «ի՞նչ եք անում, ի՞նչ եք ուզում, թողեք՝ թող էդ մարդն աշխատի»։ Հիմա էլ են քննադատում։ Քննադատությունն ընդունելի է, որովհետև մենք ենք քաղաքական գործիչները, քաղաքական կառույցները, մենք ենք քաղաքական այն ուժերը, որոնք այսօր ստանձնել են այդ պատասխանատվությունը՝ սրանց հեռացնելու։ Բայց դրա համար պետք է ժամանակ, պետք է համակարգված աշխատանք, պետք է հասունանա այդ պահը, որ հասարակությունը ոտքի կանգնի և դուրս շպրտի սրանց իշխանությունից։ Հիմա մենք պետք է շարունակենք աշխատել մեր հասարակության, մեր ժողովրդի հետ։ Հավատացեք, իշխանության ձայները ընտրություններից հետո բավականին նվազել են։ Ես չեմ ասում, որ ընդդիմության ձայներն ավելացել են, բայց իշխանության ձայները նվազել են։ Մենք այսօր ականատես ենք լինում մի խայտառակ իրավիճակի, երբ Հայաստանից ընտանիքներով արտագաղթում են։ Միայն 2021 թ․ պաշտոնական տվյալներով՝ 100 հազարից ավելի մարդ մեկնել է Հայաստանից և այլևս չի վերադարձել։
    12:00
    18.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանն ու նրա զորքը՝ ընդդեմ ուրցաձորցիների․ «Hraparak.am»
    «Hraparak.am»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը շարունակում են բռնազավթել համայնքային իշխանությունը և այդ հարցում այլևս բացահայտ ապօրինի գործողություններ են իրականացնում, հատկապես այն համայնքներում, որտեղ տարեվերջյան ՏԻՄ ընտրություններում խայտառակ ձախողվել են։ Նոր տարվա մեկնարկին կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց, որտեղ ՔՊ-ն դեկտեմբերի 5-ին պարտվել էր «Հզոր համայնք» կուսակցությանը, սակայն վերջինս, չունենալով 50+1 ձայն, չկարողացավ ձևավորել իշխանություն: Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը շարունակում են բռնազավթել համայնքային իշխանությունը եւ այդ հարցում այլեւս բացահայտ ապօրինի գործողություններ են իրականացնում, հատկապես այն համայնքներում, որտեղ տարեվերջյան ՏԻՄ ընտրություններում խայտառակ ձախողվել են։ Նոր տարվա մեկնարկին կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց, որտեղ ՔՊ-ն դեկտեմբերի 5-ին պարտվել էր «Հզոր համայնք» կուսակցությանը, սակայն վերջինս, չունենալով 50+1 ձայն, չկարողացավ ձևավորել իշխանություն: Նախապես մշակված ՔՊ-«Հանրապետություն» կուսակցություն սցենարով հայտարարվեց նոր ընտրություն, որը նշանակված է մարտի 27-ին։ Իսկ մինչ այդ Փաշինյանը կոկորդիլոսագետին Վեդի գործուղելով՝ կփորձի վարչական լծակներն ամբողջությամբ սեփականացնել եւ նրան համայնքապետ դարձնել։ Առաջին քայլն արդեն արված է, Վեդիի համայնքապետի ԺՊ նշանակված Գարիկ Սարգսյանը համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերում վարչական ղեկավարներ է նշանակել` չունենալով այդ իրավունքը։ Այս նշանակումներով Գարիկ Սարգսյանը, ըստ էության, ազատել է դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքում իրեն պարտության մատնած համայնքապետերին` մոտ երկու տասնյակ մարդու, ինչի իրավունքը չունի, քանի որ ՏԻՄ օրենքով վարչական շրջանների ղեկավարներին ազատում կամ նշանակում է նոր ընտրված ղեկավարը, իսկ Սարգսյանը ոչ միայն նորընտիր չէ, այլև ընտրություններում պարտվել է այն համայնքապետերին, որոնց ազատել է։ Բացի այդ` նա ընդամենը Վեդի համայնքի ղեկավարն է, ոչ թե Վեդի խոշորացված համայնքի: Ուրցաձորի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը կոկորդիլոսագետի որոշումից հետո ասել էր, որ այդ որոշումն անօրինական է համարում։ «Ես օրինական ընտրված համայնքապետ եմ, ինքը՝ որպես համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ուզում է ազատել ինձ։ Գարիկ Սարգսյանի որոշումը որեւէ իրավական հիմք չունի։ Իմ լիազորություններն ավարտվում են 2023 թվականին, «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում նշված է, որ համայնքապետի լիազորությունները կարող են դադարեցվել համայնքի նոր ղեկավարի ընտրվելուց հետո, բայց քանի որ համայնքապետ չի ընտրվել, մեր լիազորություններն ուժի մեջ են։ Միայն համայնքի ղեկավարի լիազորությունների մեջ է մտնում ազատումներ և նշանակումներ անելը, ժամանակավոր պաշտոնակատարը դրա իրավունքը չունի»,- նշել էր Անդրեասյանը։ Գարիկ Սարգսյանն Անդրեասյանի այս հայտարարությունից հետո միջնորդավորված նրանից պահանջել էր հեռանալ համայնքապետարանից և նորանշանակ տեղապահին փոխանցել կնիքը, Անդրեասյանը հրաժարվել էր կատարել ապօրինի հրահանգը, որից հետո  Գարիկ Սարգսյանն իրավապահներին գործուղել էր նրա տուն։ Մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել իրավապահների այցից․ նրանք Անդրեասյանին փոխանցել են, թե «ինքնաիրավչության» համար բերման են ենթարկելու, որովհետեւ չի փոխանցել կնիքը։ Անդրեասյանը ոստիկաններին տեղեկացրել է, որ իրենից որևէ իրավասու պաշտոնյա կնիք չի ուզել, իսկ երբ ուզի, ինքը նրա պատասխանը կտա, որ չունի դրա իրավունքը։ Իսկ թե հետո ինչ տեղի ունեցավ, արդեն քանի օր է՝ լրատվամիջոցները գրում են․ նախ ոստիկանության «ֆիլիալ» կայքի միջոցով սլիվ արեցին, թե Ռաֆիկ Անդրեասյանին բերման ենթարկելու պահին որդին իր մեքենան վարել է ոստիկանական ավտոմեքենայի վրա, ապա իջել ու սպառնացել նրանց, թե դուք ով եք, որ հորս տանեք, դրանից հետո Անդրեասյանի որդուն ձերբակալեցին, իսկ երեկ կալանավորեցին: Մինչդեռ ականատեսները պատմում են, որ իրականում ոստիկաններն են վարել գյուղապետի որդու ավտոմեքենայի վրա, իսկ բախումից հետո որդին՝ Դավիթ Անդրեասյանը, չի հասցրել մեքենայից իջնել, մի խումբ իրավապահներով նրան ծեծի են ենթարկել: Մեզ խոստացել են տրամադրել ծեծի տեսագրությունը: Ապա հորն ու որդուն տարել են բաժին, Անդրեասյանը բացատրություն չի տվել` բաց են թողել, իսկ որդուն երեկ կեսգիշերին դատարանը կալանավորելու որոշում կայացրեց։ Ըստ ՔԿ-ի՝ Դավիթ Անդրեասյանը ձերբակալվել է «ոստիկանության ծառայողների նկատմամբ առերեւույթ բռնություն գործադրելու» համար: «Նախնական տվյալներով՝ 2022թ. հունվարի 15-ին, Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարին ինքնիրավչություն կատարելու կասկածանքով բերման ենթարկելու ժամանակ, վերջինիս որդին, իր կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով, որում գտնվել է նաև նույն գյուղի բնակիչներից մեկը, դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ ավտոմեքենայի առջեւի մասով հարվածել Ոստիկանության ծառայողական «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի առջեւի մասին, ապա, իջնելով ավտոմեքենայից, սկսել է դժգոհել հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու հանգամանքից, սպառնացել ոստիկաններին՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին»,- նշված է հաղորդագրության մեջ:  Ակնհայտ է, որ որդուն կալանավորելով՝ իշխանությունը փորձելու է զսպել հոր ակտիվությունը ընտրություններին։ Այս իշխանությունը քաղաքական հետապնդումների մեծ փորձ է արդեն կուտակել»։
    11:51
    18.01.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 18.01.2022
    11:50
    18.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Դեկտեմբերի վերջի դրությամբ 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 7,7 տոկոս
    Ազգային ժողովն այսօր՝ հունվարի 18-ին, քննարկում է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում Հովհաննես Խաչատրյանին նշանակելու հարցը: Թեկնածուն հայտարարեց, թե 2020 թվականի երկրորդ կեսը Հայաստանի և Արցախի համար ծանր է եղել. պատերազմ ու համավարակ էր: «Ներքին ու արտաքին անկայունության տարրերը պահպանվեցին մինչև 2021 թվականի կեսը. 2021 թվականի երկրորդ եռամսյակից սկսած՝ դրանց գումարվեցին համաշխարհային տնտեսությունում արձանագրված աննախադեպ բարձր գնաճը: Հատկապես, էական աճ գրանցվեց էներգակիրների ու պարենային ապրանքների գծով»,- ասաց նա: Նա նշեց, որ այս պահի դրությամբ գնաճն ԱՄՆ-ում հասել է 6,8 տոկոսի, եվրագոտում՝ 5 տոկոսի, ՌԴ-ում՝ 8,4 տոկոսի: «Հայաստանում ևս առաջացան որոշակի ռսիկեր գների ու ֆինանսական կայունության տեսանկյունից: Համավարակի տարածման սկզբնական շրջանում ՀՀ կենտրոնական բանկը թուլացրեց դրամավարկային պայմանները՝ տոկոսադրույքն իջեցնելով 1,25 տոկոսային կետով ու ապահովեց անսահմանափակ իրացվելիություն՝ կրճատված պահանջարկը վերականգնելու նպատակով», - ասաց նա: Խաչատրյանը նշեց, որ ի տարբերություն ՀՀ պատմության մեջ տեղի ունեցած այլ ճգնաժամերի, կապիտալի արտահոսքի, ֆինանսական շուկաների ցնցումների ու գնաճային սպասումների, ապախարսխման դեպքեր այս անգամ չգրանցվեցին: Նրա խոսքով՝ պատերազմի պարագայում, սակայն, դրսևորվել են ավանդների որոշակի արտահոսք՝ շուրջ 6,4 տոկոս, չաշխատող վարկերի տեսակարար կշռի աճ՝ 7,5 տոկոս ու վարկավորման տեմպերի որոշակի նվազում: «Դրա հետևանքով տնտեսական պոտենցիալի անկումը գրանցվեց 1,1 տոկոս տարեկան կտրվածքով. Ֆինանսական շուկաներում ավելացավ տատանողականությունը. ԿԲ-ն առաջիններից մեկն էր աշխահում, որ կտրուկ քայլերով դուրս եկավ խթանող քաղաքականության ռեժիմից. տոկոսադրույքի կուտակային բարձրացումը կազմեց 3,5 տոկոս»,- նշեց Խաչատրյանը: Դեկտեմբերի վերջի դրությամբ 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 7,7 տոկոս՝ վերադառնալով պատմականորեն բարձր՝ 9,6 տոկոս մակարդակից նոյեմբերի դրությամբ:
    11:35
    18.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Կապանի գյուղերի բնակիչները խնդիրների առջև են․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Հայ-ադրբեջանական սահմանի գյուղերի բնակիչների հարցերը շարունակում են չլուծված մնալ: Մասնավորապես, բազմաթիվ խնդիրներ են հայտնաբերվել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հանձնարարությամբ աշխատակիցների՝ Սյունիք կատարած այցի ընթացքում:  Կապանից դեպի 4 գյուղեր՝ Ագարակ, Խդրանց, Եղվարդ և Ուժանիս տանող ճանապարհի նկատմամբ Ադրբեջանն առանց որևէ իրավական հիմքի վերահսկողություն է սահմանելու, և դրա հետևանքով մարդկանց համար հումանիտար խնդիրներ են առաջ եկել։  Օրինակ՝ Եղվարդ գյուղի բնակիչները նշել են, որ գյուղում շեշտակի նվազել է ոչխարաբուծությունը այն պատճառով, որ զրկվել են արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից. այդ տարածքներն այժմ ադրբեջանական զինված ուժերի տիրապետության տակ են։  Բացի այս, արդեն 10 գլուխ խոշոր եղջերավորներ հայտնվել են սահմանից այն կողմ, և գյուղացիները գոնե մնացածը փրկելու համար կենդանիներին ախոռից դուրս չեն հանում։ 3 գլուխ խոշոր եղջերավորներ Ագարակ գյուղից են հատել սահմանը, իսկ Ուժանիս գյուղում, ճիշտ է, նման դեպք դեռ չի գրանցվել, սակայն մարդիկ վաճառում են անասունները. խոշոր եղջերավորները արդեն պակասել են 21-ով։  Ինչպես Սյունիքի այլ սահմանամերձ բնակավայրերի դեպքում, այստեղ էլ այլընտրանքային ճանապարհը լուծում չէ: Բացի անվտանգ ապրելու իրավունքից, այլընտրանքային ճանապարհի դժվարանցանելիության պատճառով խախտվում են տեղի բնակիչների կրթության, աշխատանքի, բուժօգնության եւ այլ իրավունքներ։  Օրինակ՝ եթե նախկինում գյուղացիները հեշտությամբ կարողանում էին հասնել Կապան քաղաք՝ աշխատանքի, ապա այժմ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով, իսկ եղանակային վատ պայմանների դեպքում՝ անանցանելիության պատճառով մարդիկ ստիպված բնակարան են վարձակալել։ Առկա են նաև բուժօգնության իրավունքի խախտման դեպքեր. թեեւ գյուղերն ունեն բուժհաստատություն, որտեղ համապատասխան առաջնային օգնություն է ցուցաբերվում (Եղվարդի և Ուժանիսի համար գործում է մեկ բուժհաստատություն Եղվարդ գյուղում), սակայն բուժօգնության ավելի լուրջ հարցերը չեն կարող լուծվել տեղում։  Մարդիկ լիարժեք բուժօգնություն ստանալու համար պետք է կրկին հասնեն Կապան քաղաք։ Այսպիսով, ադրբեջանական ծառայողների՝ հայկական գյուղերին այդքան մոտ տեղակայված լինելը, ամրացումները եւ նրանց կողմից միջհամայնքային ճանապարհների վերահսկողությունը խորացնում են մարդկանց իրավունքների խախտումները, խաթարում են նրանց բնականոն կյանքը: Հետևաբար ինչպես արձանագրել է ԱԺ ՄԻՊ և ՀՀ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու համար, որպեսզի վերականգնվեն սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքները կամ դրանց մի մասը»: 
    11:33
    18.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ճանապարհի մերկասառույցի պատճառով Mitsubishi-ն գլխիվայր շրջվել է, հայտնի փաստաբանը տեղափոխվել է հիվանդանոց
    Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 14-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այդ օրը, ժամը 12։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 40-ամյա Կարեն Ափոյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ կամրջի վրա, ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնում է, որ վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ Ծովինար Կարապետյանը բժշկական օգնության նպատակով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ծ. Կարապետյանը ՀՀ փաստաբանների պալատի հայտնի փաստաբաններից է։
    09:08
    18.01.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Կուբիկ-ռուբիկը»՝ 5-ամյա Աննայի ոտքերի տակ
    Բարդ ժամանակներում պետք է կարողանալ դժվար խնդիրներ լուծել անգամ ոտքով՝ անգամ ջրի տակ: Վրաստանում 5-ամյա աղջիկը սովորել է հանրահայտ Կուբիկ-ռուբիկի գլուխկոտրուկը լուծել ոտքով՝ 3 րոպեում:
    09:07
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Անընդունելի են Արդարադատության նախարարության մոտեցումները․ ՀՀ ՄԻՊ
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի համար սկզբունքորեն անընդունելի են ՀՀ արդարադատության նախարարության մոտեցումները՝ կապված համայնքների ընտրված ավագանիների այն անդամների իրավունքների հետ, որոնք պետք է մասնակցեն ավագանիների առաջին նիստերին, բայց կալանավորված են և գտնվում են ՔԿՀ-ում։ Խոսքը վերաբերում է նրանց ընտրելու և ընտրվելու իրավունքին: «Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրության հիման վրա Արդարադատության նախարարություն էր ներկայացվել Պաշտպանի վերլուծված դիրքորոշումն այն մասին, որ ՀՀ կառավարությունը, մասնավորապես՝ Արդարադատության նախարարությունը՝ անկախ քրեական հետապնդման մարմնի կամ կալանքի միջնորդությունը բավարարած դատարանի վերաբերմունքից, պարտավոր է ապահովել համայնքների ավագանիների այն անդամների սահմանադրական ընտրական իրավունքը, որոնք գտնվում են ազատությունից զրկված (խափանման միջոց կալանք) վիճակում, այն է՝ Արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում: Արդարադատության նախարարի պատասխան գրությամբ, սակայն, ցուցաբերվել է խիստ ֆորմալ, մարդու սահմանադրական իրավունքները ոտնահարող մոտեցում՝ առանց հաշվի առնելու Սահմանադրության առանձնահատկությունները և իրավունքի գերակայության ապահովման հիմնարար պահանջը: Արդարադատության նախարարությունը մի կողմից անվիճելի է համարում Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած փաստը, որ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելն անձին չի կարող զրկել ընտրական իրավունքից, մյուս կողմից, սակայն, ձևական մեկնաբանությունների վրա դիմելով՝ հարցը հատուկ տանում է այնպիսի ճանապարհով, որ ինքն իր համար ապահովի մարդու սահմանադրական իրավունքի իրացումը մերժելու հիմքեր: Մասնավորապես, անցնում է կալանավորվածի մեկնումների, տեսակցությունների ոլորտ՝ նշելով, թե «սահմանադրական նշված նորմի [48-րդ հոդված] կիրառման կառուցակարգը հասկանալու և դրա համատեքստում քրեակատարողական հիմնարկի պետի իրավասության առկայությունը հաստատելու համար» վկայակոչում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի դրույթներ՝ ցույց տալու համար, թե կալանավորված անձին արտաքին աշխարհի հետ փոխադարձ հաղորդակցությունն ապահովելու և հիմնարկից այլ վայր փոխադրելու հիմքեր չկան: Արդարադատության նախարարությունը նշել է, թե կարճաժամկետ մեկնումները «կարող են տրամադրվել միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ և միայն կալանավորված անձանց մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդության, կալանավորված անձին կամ նրա ընտանիքին զգալի նյութական վնաս պատճառած տարերային աղետի դեպքում»: Իսկ տեսակցությունների կապակցությամբ էլ Նախարարը նշել է, թե տվյալ դեպքում դրանք արգելվել են վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հետևաբար նման արգելքի պայմաններում այս տարբերակը ևս խնդրո առարկայի շրջանակներում չի կարող քննարկվել: Ակնհայտ է, որ կոնկրետ իրավիճակում մարդու սահմանադրական ընտրական իրավունքների ապահովման հետ այս պահանջներն առնչութուն չունեն: Ուստի, բացարձակ անընդունելի է Արդարադատության նախարարության նման դիրքորոշումը և հարցին լուծում տալու փոխարեն պարտավորության կատարումից հրաժարվելը՝ փորձելով ստեղծել մարդու ընտրական իրավունքի սահմանափակման այնպիսի հիմքեր, որոնք Սահմանադրությամբ գոյություն չունեն: Մարդու իրավունքների պաշտպանը հստակ տիրապետում է թե՛ օրենքի կարգավորումներին, և թե՛ միջազգային ու սահմանադրական այն պահանջներին, որոնց հիման վրա երկրի Կառավարությունը, իսկ տվյալ դեպքում՝ Արդարադատության նախարարությունը, որի համակարգում գործում են ՔԿՀ-ները, կրում է պարտականություն ապահովելու մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների իրացումը: Ինչպե՞ս կարելի է նման ֆորմալիստական մոտեցում ցուցաբերել անձի սահմանադրական ընտրական իրավունքի նկատմամբ, որը երկրի ժողովրդավարության ձևավորման հիմքերի հիմքում է: Եվ ընդհանրապես՝ ինչպե՞ս կարելի է անձի ընտրելու և ընտրվելու իրավունքի երաշխավորման հարցը պայմանավորել վարույթն իրականացնող անձի կամքով, երբ Սահմանադրությունը իրավունքի սահմանափակման նման որևէ հիմք չի նախատեսում: Մարդու իրավունքների պաշտպանը մեկ անգամ ևս հատուկ ընդգծում է, որ չի կարելի այս հարցի լուծումը կախվածության մեջ դնել քրեական գործ քննող մարմինների կամքից, քանի որ այն կապ չունի քննվող քրեական գործի առարկայի հետ և, բացի այդ էլ՝ խոսքը ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքի մասին է, որից զրկելու հիմքեր կոնկրետ իրավիճակում չկան առհասարակ: Վերջում Արդարադատության նախարարությունը, կրկին դիմելով ֆորմալ մեկնաբանության, մարդու սահմանադրական իրավունքի իրացումը փորձում է դարձնել անիրատեսական: Մասնավորապես, եզրահանգում է, թե քրեակատարողական հիմնարկի պետը լիազորված չէ ինքնուրույն կալանավորված անձին նիստի անցկացման վայր տեղափոխել կամ տեսակցություն տրամադրել՝ մեջբերելով Սահմանադրության 6-րդ հոդվածը, որի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրական այս հոդվածի վկայակոչումը կոնկրետ դեպքում սկզբունքրեն անընդունելի է, որի ներքո, ըստ կարիքի, հաճախ են «թաքնվում» պետական մարմինները: Չի՛ կարելի անտեսել հենց նույն Սահմանադրության մեկ այլ՝ փոփոխման ոչ ենթակա հոդված, ըստ որի՝ «Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է (…) Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք» (3-րդ հոդված): Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում պետական նման մարմնի այսպիսի մոտեցումը, որը ստեղծում է վտանգավոր նախադեպ: Արդարադատության նախարարությունը պարտավոր է ապահովել կալանավորված ավագանու անդամի ընտրական իրավունքը երաշխավորելու համար Սահմանադրության պահանջները՝ հատկապես, որ հնարավոր է ապահովել ավագանու կալանավորված անդամի մասնակցությունը ավագանու առաջին նիստին՝ հնարավորություն ընձեռելով նրան այլ եղանակով, օրինակ՝ տեսակապի միջոցով կամ որևէ այլ կերպ, արտահայտել իր դիրքորոշումը կամ այլ կերպ իրացնել իր սահմանադրական ընտրական իրավունքը: Կոնկրետ դեպքում խոսքը վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանին բողոք ներկայացրած ՔԿՀ-ում գտնվող Մամիկոն Ասլանյանի մասնակցությանը ավագանու նիստին, քանի որ Վանաձորում ավագանու առաջին նիստ դեռ չի գումարվել, որի ընթացքում պետք է որոշվի համայնքի ղեկավարի ընտրության հարցը: Ավագանու յուրաքանչյուր անդամի կողմնակից քաղաքացին (անկախ նրանից՝ ավագանու տվյալ անդամը կալանավորված է, թե ոչ) համայնքի ղեկավարի թեկնածուին ընտրել է այն ակնկալիքով, որ հենց այդ անձն է լինելու իր համայնքի ղեկավարը: Այլ կերպ ասած, քաղաքացու ընտրական իրավունքի վերջնական և սպառիչ իրացումը ենթադրում է ավագանիների այդ անդամների կողմից համայնքի ղեկավարի ընտրության համար անցկացվող ավագանու առաջին նիստին մասնակցելու և քվեարկելու իրավունքի իրացում: Սա է ներկայացուցչական ժողովրդավարության էությունը: Այս կերպ է, որ ընտրական իրավունքի շնորհիվ ձևավորվում է երկրում ժողովրդավարության համակարգը: Նույն սկզբունքը վերաբերում է նաև խորհրդարանական ընտրություններին և Կառավարության ձևավորմանը»։
    08:59
    18.01.22
    Ավելին