Լրահոս

2022-01-23
  • Img default alt hy
    Հասարակական
    Ապօրինություն մինչև վերջին վայրկյանը․ Էդգար Ղազարյան
    ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է, որ հրաժարականի մասին հայտարարություն տարածած Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, 2022 թվականի հունվարի 23-ին, ոչ աշխատանքային հանդիսացող կիրակի օրը, ստորագրել է հրամանագիր, որով Էմիլ Տարասյանն ազատվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից․ «Հայտնի է, որ Արմեն Սարգսյանը ֆիզիկապես բացակայում է երկրից, բայց հրամանագրի տեքստի վրա դրված է նրա ստորագրությունը։ Հարց է առաջանում, թե ֆիզիկապես ինչ եղանակով է իրականացվել հրամանագրի ստորագրումը՝ հանրապետությունից բացակա եղած ժամանակ»։
    22:21
    23.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դրված է Հայկական պետականության գոյության հարցը․ Արթուր Ղազինյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Ինչու՞ հիմա, կիրակի օրով, երեկոյան . . . Մի քանի օր առաջ Արմեն Սարգսյանը ԱՄԷ-ից 200 մեգավատ հզորությամբ արևային էներգիայի կայանի ֆինանսավորում էր ստացել, և հայտարարվեց, որ դա միայն սկիզբն է: Իրադարձությունները զարգանում են շատ արագ, իսկ հրաժարականն ակնհայտորեն ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ: Մեկ բան անվիճելի է. Հայաստանում փոխվեցին քաղաքական իրողություններ, իսկ իրադարձությունների հետագա զարգացումը կարող է հանգեցնել ամբողջական իշխանափոխության: Պետք է լինել զգոն, սթափ ու շրջահայաց. դրված է Հայկական պետականության գոյության հարցը»:
    22:13
    23.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոնց ստից և թուլամորթ պաշտոնավարեց, այդպիսի ստից և թուլամորթ տեքստով էլ հրաժարական տվեց․ Արմեն Աշոտյան
    Ոնց ստից և թուլամորթ պաշտոնավարեց, այդպիսի ստից և թուլամորթ տեքստով էլ հրաժարական տվեց, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին։ «Համընդհանուր սարկազմից և անակնկալից անդին՝ երկու նախնական և փոխլրացնող դիտարկում. 1. Հայաստանի գլխին կախված ամպերից նոր ուժեղ շանթ է գալու մեր գլխին արտաքին աշխարհից, որի նախաշեմին Արմեն Սարգսյանը որոշել է թռնել։ 2. Այս քայլով նա ճանապարհը էլ ավելի է մաքրում Նիկոլի համար՝ երկրում իշխանությունն իր ձեռքերում ամբողջությամբ կոնսոլիդացնելու համար, այդ թվում՝ կեղծ օրակարգ հանդիսացող սահմանադրական փոփոխություններով։ Հ. Գ. Ռուսերեն մի դիպուկ բառ կա՝ слизняк. Սրա դեպքում կարելի է ասել՝ улизняк…», - նշել է Աշոտյանը։
    21:47
    23.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Մավրն արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ»․ Ավետիք Իշխանյան
    Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը գրում է․ «ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել։ Իր հայտարարության մեջ, արդեն նախկին նախագահը բացատրում է իր հրաժարականի պատճառները՝ «Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Սահմանադրությունը նաև ենթադրում է մեկ ինստիտուտի գերակայություն մյուսի նկատմամբ․․․» և այլն։ Նախկին նախագահը արդարանում է, թե ինչու, այնուամենայնիվ այսքան ժամանակ պաշտոնավարեց։ Ինքս լուրջ հարցեր ունեմ Արմեն Սարգսյանին․ -Պարոն նախկին նախագահ, երբ ձեզ առաջարկվում էր ՀՀ նախագահի պաշտոնը, դուք չէի՞ք կարդացել ՀՀ Սահմանադրությունը, և չէիք նկատել , այժմ ձեր կողմից նշվող պարտականությունների և լիազորությունների հակասությունները։ -Բերեմ միայն մեկ օրինակ․ Արդյո՞ք, ձեր լիազորություններից չէ՞ր բխում, Սահմանադրական Դատարանի (ՍԴ) լուծարման հակասահմանադրական օրենքի սահմանադրությանը համապատասխանելու հարցով դիմել նույն ՍԴ։ -Ձեր նկատմամբ կասկածները հնչել են, հենց այն օրվանից, երբ դուք համաձայնեցիք ստանձնել ՀՀ նախագահի պաշտոնը։ Այսինքն, այն ժամանակ դուք անզգա էիք վիրավորանքների հանդեպ, բայց այսօր հանկարծ բարձրացավ ձեր արժանապատվության զգացումը։ -Դուք, ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելիս, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, նրան անվանեցիք հերոս։ Հետաքրքիր է, հետագայում նույնպես մնացիք այդ կարծիքին։ Երբ Սերժ Սարգսյանին մեղադրանք ներկայացրեցին, դուք ծպտուն չհանեցիք։ -Դուք խոսում եք համերաշխության մասին։ Ինչ-որ չեմ հիշում, որ դուք վարչապետ կոչեցյալի և նրա հպատակների շուրթերով ընդդիմադիրների , այդ թվում, ձեր կողմից հերոս հռչակված Սերժ Սարգսյանի հասցեին հնչեցրած սպառնալիքներին հակադրվեիք։ Եվ ես կարող եմ հաստատապես պնդել, որ դուք ձեր լռությամբ, փաստորեն հավանություն եք տվել, հասարակության մեջ աճող անհանդուրժողականությանը։ -Եվ վերջապես, հարց է առաջանում՝ ինչու՞ հրաժարականը հենց հիմա։ Ձեր փաստարկներն ինձ չեն համոզում։ Ես կհասկանայի, եթե դուք, նման, գուցե ավելի խիստ հայտարարություն անեիք և հրաժարական տայիք, երբ վարչապետ կոչեցյալի կոչով շրջափակվում էին Ազգային Ժողովը, դատարանները, երբ թխվում էին քրեական գործեր ընդդիմադիրների դեմ․․․և վերջապես, երբ կրեցինք խայտառակ պարտություն։ Այդ բոլոր իրադարձությունների ժամանակ, դուք կամ լռել եք, կամ վախվորած ասել, որ տեղյակ չեք եղել, այսինքն՝ լռելյայն համաձայնել, կամ ամեն գնով կառչած մնալ և վայելել, լիազորություններ չունեցող, բայց հաճելի պաշտոնը։ Եվ ես համոզված եմ, որ այս հրաժարականը ձեր որոշումը չի եղել։ Հավանաբար, իմանալով, թե ինչ հետևանքներ է ունենալու հայ-թուրքական մեղրամիսը, նաև որ այդ պայմանավորվածությունները արձանագրվելու են նոր սահմանադրության մեջ, դուք փորձում եք փրկել ձեր դեմքը, քանի որ, ինչպես նախկինում, չէիք ընդվզելու այդ ամենի դեմ և հավանաբար դուք նույնպես այդ ամենին համաձայն եք։ -Եվ վերջին հարցը․Ինչպես 1997թ․, այնպես էլ այժմ դուք հեռանալու եք Հայաստանից դեպի ձեր իրական հայրենիք՝ Անգլիա։ Հետաքրքիր է, որ Անգլիայում մշտական բնակություն է հաստատել ՀՀ նախկին դեսպան, վարչապետ և նախագահ Արմեն Սարգսյանը։ Այստեղ են ասել․ «Մավրն արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ»։
    21:43
    23.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Թուրքի հետ «խորաթա» արածը չի հասկանում Թուրքիայի հետ բանակցողին. 311 կմ տագնապ
    Թուրք մոլլայի նամազն արթնացնում է հայկական Մարգարան: «Բայրաքթարների» երկրի հետ սերտ շփվող Հայաստանի իշխանությանը գյուղացին ասում է. «Երբ արյուն կա, չես կարող հարևան դառնալ: Թուրքն էլ կարում ա ամեն ինչի վրա իր դրոշակը տնգի»: Երեխա ժամանակ թուրքերի հետ «խորաթա» արած Լեռնիկ պապն էլ պատմում է՝ «մունդառն» ինչ է: Արմավիրից Շիրակ՝ հայ-թուրքական 311 կմ-անոց սահմանին ապրող մարդիկ անհանգիստ են. միջազգային առևտրում ազգային շահը էժան է գնահատվում:
    21:35
    23.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սուրեն Պապիկյանի հարսանիքն արժեցել է առնվազն 20 միլիոն դրամ
    Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը, որը տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում, մի քանի անգամ գերազանցում է նրա աշխատավարձը, գրում է «Oragir.news»-ը․ «Պապիկյանը պաշտոնապես ստանում է 793 հազար 680 դրամ ամսական աշխատավարձ։ «Փարավոն» ռեստորանային համալիրում միջոցառումները միջինից թանկ արժեն։ Մեկ աթոռի նվազագույն արժեքը սկսվում է 15 հազար դրամից։ Կախված մենյուից՝ գինը կարող է ձգտել անվերջության։ Կոնկրետ Սուրեն Պապիկյանի հարսանիքի մեկ աթոռը արժեցել է 30 հազար դրամ, թեև մենյուն կազմվել է ավելի թանկ ճաշատեսակներից, սակայն ռեստորանը մեծ զեղչեր է արել։ Հարսանեկան արարողությանը հրավիրված է եղել 400 հյուր։ Հարսանիքի կազմակերպչական հարցերով զբաղվել է arpi wedding planner կազմակերպությունը։ Միայն կազմակերպչական ծախսերն այս ընկերությունում արժեն 1500 ԱՄՆ դոլար (714 հազար դրամ)։ Սակայն կան նաեւ հավելյալ ծառայություններ, որոնք ներառված չեն գումարի մեջ։ Օրինակ՝ կազմակերպությունն առաջարկում է նկարահանող ընկերություն, ու եթե հաճախորդը համաձայն է, դրա գինն ավելանում է վերը նշված գումարին։ Կոնկրետ arpi wedding planner կազմակերպությունը համագործակցում է Beautiful day ընկերության հետ։ Այն հարսանեկան արարողություններ նկարահանող ամենաէլիտար ու թանկարժեք ընկերություններից մեկն է։ Oragir.news-ը կապ հաստատեց ընկերության հետ ու փորձեց ճշտել, թե մինիմալ պահանջների դեպքում (2 տեսախցիկ, 2 լուսանկարիչ, դրոն, տեսանկարահանման կռունկ) ծառայությունն ինչ կարժենա։ Ընկերությունից հայտնեցին, որ նման փաթեթն արժե 3500 ԱՄՆ դոլար (1,666,000 դրամ), եթե նկարահանումը կատարվում է full hd թողունակությամբ, իսկ 4K թողունակությամբ դեպքում ծառայությունն արժենում է 4500 ԱՄՆ դոլար (2,142,000 դրամ)։ Ընդ որում, կազմակերպությունից մեզ հայտնեցին, որ նման փաթեթը նախատեսված է մինչև 200 հյուր ունեցող հարսանիքների համար։ Եթե հաշվի առնենք, որ Պապիկյանի հարսանիքին հրավիրված է եղել 400 հյուր, այս թվերը կարող ենք բազմապատկել երկուսով, ու ստացվում է 7000 կամ 9000 ԱՄՆ դոլար, միայն նկարահանումը։ Հարսանիքին ելույթ են ունեցել բազմաթիվ հայտնի երգիչներ, որոնցից մեկն էլ երգիչ Էրիկը, որի ծառայությունները սկսվում են 4 հազար դոլարից։ Բայց դա միայն 4 երգի դեպքում։ Թե քանի երգ է երգել Պապիկյանի հարսանիքին, հայտնի չէ։ Ամփոփենք, միայն հյուրերի թիվը, կազմակերպչական ընկերությունն ու նկարահանումը միասին արժեցել են 18 միլիոն 910 հազար դրամ ։ Սակայն սա ամենը չէ։ Այստեղ ներառված չեն հարսի շորի, մեքենայի վարձույթի, նվերների, երաժիշտների ու տորթի գումարները, որը մեզ պարզել ցավոք չհաջողվեց։ Ի դեպ, 2020 թվականի հայտարարագրում տարվա վերջին Պապիկյանն ուներ 8,368,988 դրամ, 4,901 ԱՄՆ դոլար, 4,432 եվրո բանկային հաշիվներում և 5,000,000 դրամ, 8,000 դոլար և 1,000 եվրո կանխիկ գումար։ 2021 թվականի հայտարարագիրը դեռ ներկայացված չէ»։
    21:30
    23.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Նյարդային պատերազմից՝ միջուկային աշխարհամա՞րտ. Կիևում սովորում են կրակել
    «Սմերչ» և «Ուրագան»՝ Դոնբասում: Կիևում մարդկանց սովորեցնում են կրակել ու ապաստարաններ են կառուցում: Ուկրաինուհի Մարիաննան Պուտինին խորհուրդ է տալիս՝ չերևալ իրենց կողմերում, իսկ Լավրովը 1,5 ժամ բացատրում է Բլինքենին, որ Ռուսաստանը ոչ թե հարձակվելու ցանկություն ունի, այլ պաշտպանվելու իրավունք: Մոսկվա-Վաշինգտոն նյարդային պատերազմը սպառնում է վերածվել միջուկային աշխարհամարտի: Համաշխարհային սարսափ՝ ուկրաինական ակցենտով:
    21:26
    23.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել Լոնդոնից
    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը կիրակի երեկոյան հրաժարականի հայտարարություն էր տարածել, գտնվում է Լոնդոնում, ուր մեկնել էր տարեկան բուժզննում անցնելու նպատակով, հայտնում են «24News»-ի աղբյուրները: Ավելի վաղ հաղորդել էինք, որ նախագահը հանդես է եկել հրաժարականի մասին հայտարարությամբ։ «Ես շատ երկար եմ մտածել և որոշել եմ մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից: Նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա: Մեր պետության համար այս բարդ փուլում, երբ անհրաժեշտ է համազգային միասնություն, նախագահական ինստիտուտը չպետք է դառնա բամբասանքների ու դավադրության տեսությունների թիրախ՝ դրանով իսկ շեղելով հասարակության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից: Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ են իմաստալից, խորը մտածված,կշռադատված և բովանդակալից գործողություններ: Այլապես մենք՝ ողջ աշխարհի հայությունը, չենք հասնի մեր առաքելության նպատակին և կհայտնվենք պատմության լուսանցքում: Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք»:
    21:20
    23.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Մինչև նորընտիր նախագահ ընտրելը պաշտոնը կստանձնի Ալեն Սիմոնյանը
    Համաձայն ՀՀ Սահմանադրության 144-րդ հոդվածի՝ մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը՝ այսինքն Ալեն Սիմոնյանը։
    20:44
    23.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կահույքի խանութի տանիքում հրդեհ է բռնկվել
    Հունվարի 23-ին, ժամը 15:24-ին Ճգնաժամային կառավարման ազզգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի 29/2 հասցեի դիմաց գտնվող կահույքի խանութի տանիքում, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։01-ին, մարվել՝ 17։36-ին։
    20:41
    23.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Գազպրոմ Արմենիան» հայտնել է Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած պայթյունների պատճառը
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այսօր Երևանի Տիչինայի փողոցով անցնող ստորգետնյա միջին ճնշման գազատարից տեղի է ունեցել արտահոսք, որի արդյունքում հարակից առանձնատներում առաջացել է գազաօդային պայթյունավտանգ խառնուրդի կուտակում և տեղի է ունեցել պայթյուն։ «Նշված գազատարով դադարեցվել է գազամատակարարումը՝ արտահոսքի տեղը հայտնաբերելու և հետագա վթարավերականգնման աշխատանքներն իրականացնելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։ Այս պահին հողային աշխատանքներն ավարտվել են, կատարվում է ուսումնասիրություն արտահոսքի հստակ տեղի հայտնաբերման և վթարավերականգնման աշխատանքների համար, որից հետո Գազի մատակարարման և օգտագործման կանոնների փուլային տարբերակով կվերականգնվի գազասպառողների գազամատակարարումը։
    20:39
    23.01.22
    Ավելին
  • Հասարակական
    25 տարի աշխատեցինք, բայց մի քանի րոպեում ամեն ինչ կորցրեցինք. ընտանիքը Միջնավանը լքել է՝ ոչինչ չվերցնելով
    Պատերազմից հետո Երեւանում բնակվող Կարինե Համբարձումյանը 1998 թվականին էր Գյումրիից երեխաների հետ մեկնել եւ բնակություն է հաստատել Արցախի Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքում: Տիկին Կարինեն «NEWS.am»-ի հետ զրույցում պատմում է, որ տարիների ընթացքում կարողացել էին ապրելու համար լավ պայմաններ ստեղծելՄիջնավանում: «Մի տուն էինք ընտրել, որի միայն պատերն էին, փլատակ էր: Պատերի վրա հիմնվելով մենք 0-ից սարքել ենք, ամեն ինչ փոխել ենք, վերանորոգել ենք եւ մարդավարի ապրել ենք: Սակայն չարաբաստիկ պատերազմի ժամանակ մեզ ասացին, որ ոչ մի բան էլ չի լինելու, ընդամենը մի 3 օր դուրս եկեք, մինչեւ ԱԹՍ-երը դուրս գան, նոր եկեք: Մենք էլ լսեցինք այդ հրահանգը, դուրս եկանք ու էլ չկարողացանք հետ գնալ»,- պատմեց տիկին Կարինեն` նշելով, որ հոկտեմբերի 12-ին են իրենք դուրս եկել Միջնավանից, սկզբում Կապանում են մի քանի օր մնացել, այնուհետեւ Երեւան են եկել ու մնացել մինչ օրս: Այժմ տիկին Կարինեն իր դստեր եւ երկու անչափահաս թոռնիկների հետ ապրում է հարազատների տանը: Տիկին Կարինեն Միջնավանի իր տանից ոչինչ հետը չի վերցրել, այն հույսով էին դուրս եկել, որ մի քանի օրից վերադառնալու են: Այժմ տիկին Կարինեն սոցցանցերում ադրբեջանցիների տարածված տեսանյութերում է տեսնում իրենց տունը, հուզվում. «25 տարի աշխատեցինք, լցրեցինք Միջնավանը ուրախությամբ, բայց մի քանի րոպեում կորցրեցինք, ոնց կարող ենք չափսոսալ մեր աշխատանքը, մեր կյանքի երազանքը, նպատակներն ու հւոյսերը լրիվ մնաց այնտեղ: Իսկ հիմա նորից սկսելը շատ դժվար է»: Կարինե Համբարձումյանի հետ կարող եք կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարով` 093 761520:
    20:36
    23.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Իրավիճակի իրապես բարդ լինելը հաստատվում է նաև Հանրապետության նախագահի հրաժարականով․ Վարդևանյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է. «Իրավիճակի իրապես բարդ լինելը հաստատվում է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականով, կարծում եմ հրաժարականի տեքստից կոնկրետ ազդակներ կան: Սահմանադրությունը նախատեսում է արտահերթ ընտրության հետևյալ կարգը. Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն` Ազգային ժողովի կողմից: Նշված ժամկետի հաշվարկը սկսվում է ԱԺ համապատասխան հայտարարությունից հետո»:
    20:34
    23.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Մորգենշտերնի համերգը Երևանում չեղարկվել է
    Մարտի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվող ռեփեր Մորգենշտերնի (իսկական անունը՝ Ալիշեր Վալեև) մեծ համերգը չեղարկվել է։ Համերգի անցկացման մասին հայտարարվել էր վերջերս, ու մինչ կազմակերպիչները խոստանում էին «ամենաաղմկահարույց» համերգը, հայ օգտատերերի զայրացած մեկնաբանություններ էին թողնում ֆեյսբուքյան իրենց էջերում։ Դժգոհող օգտատերերից մեկն էլ ՀՀ քաղաքացի, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ Աբգար Շադոյանն է։ «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում Աբգարը տեղեկացրել է, որ հաղորդագրություն է գրել համերգի կազմակերպիչ Prime Production-ին, հայտնել իր դժգոհությունները, վերջիններս էլ պատասխանել են, որ համերգը չեղարկվել է։ Համերգի չեղարկման մասին տեղեկացրել են նաև Tomsarkgh.am-ից։ Դժգոհությունների ֆոնին՝ Tomsarkgh.am հարթակում ազատ տեղեր գրեթե չէին մնացել։ Տոմսերի արժեքը, ի դեպ, 6-ից 30 հազար դրամ էր։ Ավելի վաղ Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցու և Այնթապի հոգևոր հովիվ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը գրել էր, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում այդ երգիչը ծաղրում և հայհոյում էր հայերին: «Եվ այս անձը պատրաստվում է մարտ ամսին Մարզահամերգային համալիրում մենահամերգի՝ համերգի, որի բառերի մեծամասնությունը հայհոյություն է և անպատվություն: Իսկ Հայաստանում սպառել ենք վերոնշյալ սատանիստի, Հայ Ազգ ծաղրողի գրեթե բոլոր տոմսերը և սրտատրոփ սպասում ենք հայհոյախառն «երգեր» լսելուն»,- գրել էր նա: Ալիշեր Մորգենշտերնը 23-ամյա հայտնի ռուս ռեփեր է, որը հայտնի է դարձել իր արտառոց կերպարի ու էպատաժային արարքների շնորհիվ: Նրա ճակատին «666» է դաջված, ինչը խիստ նյարդայնացնում է մարդկանց։ Իր առաջին հոնորարներից մեկի մի մասը նա ցուցադրաբար այրել է տեսանյութում՝ առաջացնելով համացանցի օգտատերերի դժգոհությունը։
    20:30
    23.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել
    1990-ականների սկզբին աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների հետևանքով մեր ժողովրդին մեծագույն հնարավորություն ընձեռվեց ստեղծել իր անկախ պետությունը: Մեր առաքելությունը ոչ թե մի դրոշը մեկ ուրիշով փոխարինելն էր, այլ՝ կառուցել երկիր, որը դարեր անց վերստին կապահովի հայերի անվտանգությունը, առաջընթացը և բարգավաճումը, գրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ «Ընդգծում եմ՝ անկախ պետության գոյության հիմնական իմաստը պատասխանատվություն ստանձնելու ու կրելու կարողությունն է, երբ ինքներս ենք գիտակցում, որ միայն մենք ենք, որպես մեկ միասնական մարմին, սեփական հաղթանակներ կերտողը և սեփական պարտությունների մեղավորը: Նման պատմական հնարավորությամբ ոգևորված՝ ես, ինչպես և իմ շատ հայրենակիցներ, նվիրվեցի այդ առաքելությանը: Տարբեր պատճառներով այս կամ այն փուլերում իմ մասնակցության ակտիվությունը փոխվում էր, բայց ես չէի դադարում հավատալ մեր վերջնական համազգային հաջողությանը: Եվ հենց դա էր Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկությանը համաձայնելու իմ գլխավոր շարժառիթը: Ընդունելով այդ կարևոր որոշումը՝ ես ելնում էի ինձ արված առաջարկությունից, ըստ որի՝ նախագահական նոր ինստիտուտը ունենալու է գործիքներ և հնարավորություններ՝ ազդելու արտաքին քաղաքական և տնտեսական, ներդրումային քաղաքականության վրա, Սփյուռքի հետ հարաբերությունների վրա, ինչպես նաև միջազգային ասպարեզում համազգային շահերն առաջ մղելու և նոր գիտակրթական ու բարձր տեխնոլոգիական միջավայր ձևավորելու համար: Որոշ ժամանակ անց տեղի ունեցան 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունները... Կարող է հարց ծագել՝ ինչու՞ ես հրաժարական չտվեցի այդ պահին: Պատասխանն ակնհայտ է՝ այն պատասխանատվության պատճառով, որը ես վերցրել էի ինձ վրա՝ ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը: Ես պարտավոր էի անել ինձնից կախված ամեն ինչ՝ բացառելու ներքին պառակտման հետագա խորացումը, հնարավոր բախումները, որոնք կարող էին հանգեցնել չափազանց բացասական հետևանքների: Ես նաև ձգտում էի իմ երկարամյա աշխատանքի շնորհիվ ձեռք բերած հեղինակությունը, կապերը և իմ միջազգային քաղաքական ու տնտեսական ներուժը ծառայեցնել ուժեղ և կայուն պետականության կառուցմանը: Կրկին կարող է հարց առաջանալ, թե ինչու՞ Նախագահը չկարողացավ ազդել այն քաղաքական իրադարձությունների վրա, որոնք մեզ հասցրել են ներկայիս համազգային ճգնաժամի: Պատճառը կրկին ակնհայտ է՝ համապատասխան գործիքների պակասը, գործիքներ, որոնցով ցանկացած պետական պաշտոնյայի օժտում է բացառապես մեկ փաստաթուղթ՝ Սահմանադրությունը: Հենց գործող Հիմնական օրենքի մեջ են թաքնված մեր որոշ կարևոր խնդիրների արմատները: Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Սահմանադրությունը նաև ենթադրում է մեկ ինստիտուտի գերակայություն մյուսի նկատմամբ, Սփյուռքի հայտնի մասնագետների համար ստեղծում է խոչընդոտներ՝ պատմական Հայրենիքի պետական ինստիտուտների կառավարմանը մասնակցելու համար, և այլն: Մենք խորհրդարանական հանրապետություն ենք ձևով, բայց ոչ բովանդակությամբ: Իմ առաջարկության իմաստը և նպատակը եղել է ոչ թե կառավարման մի ձևից մյուսին (խորհրդարանականից կիսանախագահականի կամ նախագահականի) անցնելը, այլ՝ զսպումների և հակակշիռների վրա հիմնված պետական համակարգ ստեղծելը: Առանց դրա դժվար է խոսել նշանակալից ձեռքբերումների մասին, քանի որ առաջընթացի և հաջողության հնարավոր է հասնել միայն կանխատեսելի և ներդաշնակ համակարգի պայմաններում: Ուրախ եմ, որ ստեղծվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը: Ես հույս ունեմ, որ, ի վերջո, սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան, և հաջորդ նախագահն ու նախագահական ինստիտուտը կկարողանան աշխատել ավելի հավասարակշռված և համակարգված միջավայրում: Մենք ապրում ենք յուրատեսակ իրականության մեջ, իրականություն, որտեղ Նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա: Իրականություն, երբ նա չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության և ժողովրդի համար ոչ նպատակահարմար: Իրականություն, երբ Նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ՝ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկվում են որպես իրենց սպառնացող վտանգ: Իրականություն, որտեղ Նախագահն իր ներուժի գերակշիռ մասը չի կարողանում օգտագործել ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման: Իրականություն, որտեղ աշխարհը գտնվում է մշտական տուրբուլենտության գոտում, սակայն Նախագահը սահմանադրական գործիք չունի՝ օգնելու իր երկրին: Իրականություն, որտեղ պետության գլուխը և երբեմն նաև նրա ընտանիքը թիրախավորվում են տարբեր քաղաքական խմբավորումների կողմից: Վերջիններս այնքան էլ հետաքրքրված չեն նախագահական ինստիտուտի կողմից ի շահ երկրի իրականացված ձեռքբերումներով, որքան իմ անցյալով, դավադրության զանազան տեսություններով ու միֆերով: Իմ անձի հանդեպ այդ «մտահոգվածությունը» դուրս է գալիս նաև բարոյականության սահմաններից՝ վերջնական արդյունքում ուղղակիորեն բացասաբար ազդելով առողջության վրա: Ես շատ երկար եմ մտածել և որոշել եմ մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից: Նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա: Մեր պետության համար այս բարդ փուլում, երբ անհրաժեշտ է համազգային միասնություն, նախագահական ինստիտուտը չպետք է դառնա բամբասանքների ու դավադրության տեսությունների թիրախ՝ դրանով իսկ շեղելով հասարակության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից: Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ են իմաստալից, խորը մտածված,կշռադատված և բովանդակալից գործողություններ: Այլապես մենք՝ ողջ աշխարհի հայությունը, չենք հասնի մեր առաքելության նպատակին և կհայտնվենք պատմության լուսանցքում: Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք: Վերջում ցանկանում եմ առանձնակի երախտագիտություն հայտնել մեր քաղաքացիներին և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ երկրի համար այս բարդ ժամանակներում հաստատակամություն, տոկունություն, համբերատարություն և արիություն ցուցաբերելու համար: Առանձնահատուկ շնորհակալություն մեր քաջարի բանակի զինվորներին և սպաներին, խոնարհումս մեր Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների ընտանիքներին: Շնորհակալ եմ նաև Հանրապետության նախագահի աշխատակազմի բոլոր աշխատակիցներին և պետական կառույցների իմ գործընկերներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար»:
    19:27
    23.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Գիրք-քանդակներ. «Կծիկ» թիմի աղջիկները պարզապես ծալում են գրքի թերթերը
    7 օր Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում արվեստասերները կարող են վայելել իսկական կրեատիվ գլուխգործոցներ:
    13:53
    23.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սուրեն Պապիկյանը՝ կնոջ հետ․ լուսանկարներ հարսանիքից
    Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի հարսանիքն էր:
    12:56
    23.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Փողոցում դեռ չի քայլում, բայց զայրանում է ու զարմանում. «էմոցիոնալ» ռոբոտ
    Շփոթության աստիճանի մարդու նման անշունչ մեքենային ստեղծողներն ուզում են նրան մատուցող դարձնել:
    12:54
    23.01.22
    Ավելին