Լրահոս
Հայաստան
13:46
07.03.19
487

Մի նեղացեք. Աննա Հակոբյանը՝ լրագրողներին

Վարչապետի տիկնոջ՝  Աննա Հակոբյանի պատգամավոր եղբայրը՝  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Հրաչյա Հակոբյանը կարծում է, որ Աննա Հակոբյանի եւ նրա դստեր՝ Մարիամ Փաշինյանի բրյուսելյան այցելության հետ կապված հրապարակումները, այսպես ասած, քարոզչական նպատակներ հետապնդող լրատվամիջոցները թողարկեցին:

5 TV-ի փոխանցմամբ, Հրաչյա Հակոբյանն ասել է, որ տիկին Հակոբյանը հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխաններն ասուլիսի կամ պարզաբանման այլ տարբերակով կներկայցնի:

Իշխող   «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր, «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին լրագրող  Վահագն Հովակիմյանն էլ խնդրի քննարկումը Հայաստանում ժողովրդավարության  զարգացման համատեքստում է դիտարկում:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցները հայտնել էին, որ վարչապետի տիկինն ու դուստրը եւս Փաշինյանի՝ Բելգիա կատարած աշխատանքային այցի ընթացքում եղել են Բրյուսելում, ինչին Աննա Հակոբյանը  պատասխանել էր նախ ֆեյսբուքյան գրառմամբ, ապա՝ հոդվածով, որտեղ տեղ գտած ձեւակերպումները լրագրողները գնահատել էին որպես իրենց ուղղված ծաղրանք:

Քիչ առաջ Աննա Հակոբյանն այս թեմայով երրորդ գրառումն է կատարել «Ֆեյսբուք»-ում: «Շատ սիրելի լրագրողներ,խնդրում եմ` մի նեղացեք:  Առաջին անգամ չէ, որ ես հայկական լրատմավիջոցների, այսինքն` մեր խնդիրների մասին հոդված եմ գրում: Ստորեւ մեջբերումներ են նախկինում իմ գրած երեք տարբեր հոդվածներից: Խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձրեք տարեթվերին: Եթե մենք չընդունենք, որ խնդիր ունենք, երբեք չենք կարող լուծել այդ խնդիրը»,-գրել է նա:

Նկատենք, սակայն, որ Աննա Հակոբյանը ինչպես նախորդ երկու, այնպես էլ այս գրառման մեջ խուսափել է իր եւ դստեր բրյուսելյան այցելության վերաբերյալ պարզաբանումներից: