Լրահոս
Աշխարհ
17:03
13.05.25
252

Քիմ Քարդաշյանը ժամանել է Փարիզի դատարան՝ վկայություն տալու

Img default alt hy

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ժամանել է Փարիզի դատարան՝ վկայություն տալու։ Նրան ուղեկցում է մայրը՝ Քրիս Ջենները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Դատարանի դահլիճում տեսախցիկներն արգելված են, իսկ վկայությունն ուղիղ եթերով չի հեռարձակվելու։  

Մինչ Քարդաշյանի ժամանումը նրա ոճաբանը, որը նույն հյուրանոցային հարկաբաժնում քնած է եղել հարձակման պահին, դատական լսումների ժամանակ ասել է, որ Քիմի բղավոցից արթնացել է ու հասկացել, որ նա ահաբեկված է։

«Ես երեխաներ ունեմ, ես պետք է ապրեմ։ Ամեն ինչ տարեք, ես պետք է ապրեմ», - ըստ ոճաբան Սիմոն Հարուշի՝ բղավել է Քիմ Քարդաշյանը հարձակման ժամանակ։

Հարուշը կողպվել է իր սենյակի լոգարանում և հաղորդագրություն ուղարկել Քիմի քույր Քորթնիին ու իրենց թիկնապահին՝ օգնություն խնդրելով։

Ֆրանսիայի մայրաքաղաքում 2016 թվականին անցկացվող նորաձևության շաբաթվա ընթացքում դիմակավորված անձինք Քիմ Քարդաշյանի վրա զենք էին պահել և նրանից գողացել 10 միլիոն դոլարի թանկարժեք զարդեր, այդ թվում՝ այն ժամանակ Քարդաշյանի ամուսինը հանդիսացող ռոք երաժիշտ Քանյե Ուեսթի նվիրած մատանին՝ գրեթե 4 միլիոն դոլար արժողությամբ։  

10 ամբաստանյալները 60-70 տարեկան են և ունեն նախկին դատվածություն։ Կողոպտիչները փախուստի ժամանակ կորցրել են թանկարժեք զարդերի մի մասը, այդ թվում՝ վեց ադամանդով խաչը, որն անցորդներից մեկը գտել է և տարել ոստիկանություն։ Մնացած զարդերն այդպես էլ չեն գտնվել։

Դատավարությունը գտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Այն լուսաբանելու համար հավատարմագրվել է գրեթե 500 լրագրող։  ​