Լրահոս
Հասարակական
17:50
16.09.22
1 958

Տարածվում է զոհված հայ կին զինծառայողի կտտանքների ենթարկված մարմինը պատկերող տեսանյութը․ ՄԻՊ-ի կոչը

Img default alt hy

Հայկական մամուլի միջոցներով և սոցիալական ցանցերով ակտիվ տարածվում է զոհված հայ կին զինծառայողի կտտանքների ենթարկված մարմինը պատկերող տեսանյութը, որը ծայրահեղ ցինիզմով արվել է այդ ծանր հանցանքը ենթադրաբար կատարած ադրբեջանցի զինծառայողի կողմից։ Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

«Այդ տեսանյութը, զինծառայողի սեռն ու էթնիկ պատկանելիությունը թիրախավորելով ու արատավորելով, ակտիվ տարածվում է ադրբեջանական մեդիա տիրույթներում՝ առաջացնելով ադրբեջանցի օգտատերերի «հիացմունքն ու գովեստը»։

Ադրբեջանական մեդիա տիրույթի դեպքում սա իհարկե ունի իր ակնհայտ բացատրությունը՝ էթնիկ հայի նկատմամբ ծայրահեղ ատելությունը, որը գեներացվել ու սնուցվում է ի թիվս այլնի նման ագրեսիվ հարձակումներով ու տասնամյակների համակարգային քաղաքականությամբ։

Մյուս կողմից ծայրահեղ մտահոգիչ եմ համարում հայկական մեդիա տիրույթում ու սոցիալական ցանցերում այդ տեսանյութի տարածումը լրագրողների ու օգտատերերի կողմից։ Կին զինծառայողն ու նրա ընտանիքի անդամներն ունեն չթիրախավորման ու անօտարելի արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունք՝ որպես յուրաքանչյուրիս իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք։

Հարգելի՛ հայրենակիցներ,

Այս արարքները փաստագրված ու վերլուծված են մեր կողմից, ներկայացվում են միջազգային մասնագիտացված կազմակերպություններին, բացի այդ, նշված նյութերը նաև մեր իրավապահ մարմինների քննության առարկան են։
Կոչ եմ անում լրագրողներին, տարբեր սոցիալական ցանցերի օգտատերերին հեռացնել իրենց հրապարակումներից, էջերից, հարթակներից համանման տեսանյութերը։ Հարգե՛ք մեր զոհված զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների արժանապատվությունը։ Մի՛ օգնեք ադրբեջանական ատելության քարոզչամեքենային։
Խոնարհում մեր տղամարդ ու կին հերոսներին»,-ասված է հայտարարության մեջ։