Լրահոս
Առողջապահական
19:52
01.07.22
39

Ստոմատիտ. պատճառները, բուժումը, կանխարգելումը

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է.

«Ստոմատիտը բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքային հիվանդություն է. առաջանում են բորբոքային օջախներ, որ կարող են տեղակայվել շուրթերի ներքին մակերեսին, լեզվի մակերեսին, կարող են բորբոքվել լնդերը, բորբոքային օջախները կարող են տեղակայվել  բերանի հատակին, այտերի ներսի մակերեսին, քիմքին։

Ըստ առաջացման պատճառի ստոմատիտները կարող են լինել բակտերիալ (հարուցիչը բակտերիալ ինֆեկցիան է), վիրուսային( հարուցիչը վիրուսներն են, օրինակ հերպեսը), սնկային, ալերգիկ, դեղորայքային, ճառագայթային (երբ պատճառը ճառագայթային հիվանդությունն է կամ հետուռուցքային բուժման հետևանքով առաջացած), ինչպես նաև տրավմատիկ՝ վնասվածքային ստոմատիտներ։

Մանկական տարիքում ամենահաճախ հանդիպողը վիրուսայինն է։ Երեխաների դեպքում տարածված է նաև սնկային ստոմատիտը. ինքնազգացողության, ջերմության բարձրացումն ուղեկցվում է բերանի խոռոչում  սպիտակ փառի ի հայտ գալով։ Հերպեսային ստոմատիտը սկսվում է ինքազգացողության վատթարացմամբ, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ, երեխաները հրաժարվում են սննդից, հնարավոր են սրտխառնոց, փսխում, երբեմն՝ լուծ։ Բերանի խոռոչում առաջանում են բշտիկներ, որ շատ արագ պայթում են, խոցտվում, չափազանց ցավոտ են։ Երեխաները հրաժարվում են սնվելուց, ջրից, ինչն էլ հանգեցնում է ինտոկսիկացիայի։

Մեծահասկաների դեպքում քրոնիկ, կրկնվող ստոմատիտներ են առավել հաճախ դրսևորվում՝ իմունոդեֆիցիտների հետևանքով։

Բերանի խոռոչում մշտապես բնակվում են բազմաթիվ բակտերիաներ, սնկեր, այդ բակտերիաները քանականական և որակական հավասարակշռության հետ են բերանի խոռոչի իմուն համակարգի հետ։ Քրոնիկ ինֆեկցիաների տևական ընթացքի դեպքում այդ հավասարակշռությունը խախտվում է՝ հանգեցնելով բակտերիաների, սնկերի քանակական, որակական դիսբալանսի։ Իմունային համակարգը ոչ համարժեք է պատասխանում, սկսվում է աուտոիմուն գործընթաց, որպես հետևանք առաջանում են բերանի խոռոչի աֆթաներ։ 

Մեծահասակների դեպքում տարածված է քրոնիկ ստոմատիտը, որ ունի տևական ընթացք, բնութագրվում է պարբերական աֆթաների առաջացմամբ, որ տեղակայվում են լեզվի վրա, լեզվի կողմնային մակերեսներին, բերանի հատակին, այտերին, քիմքին. ցավոտ են։

Ստոմատիտը կարող է ունենալ թեթև ընթացք, միջին և ծանր (երբ աֆթաները խոցոտվում են, վերածվում են վերքերի)։

Ախտորոշումը

Ստոմատիտները վառ արտահայտված կլինիկական պատկեր ունեն՝ ախտորոշվում են հիվանդության պատմության մանրակրկիտ ուսումնասիրմամբ և կլինիկական զնմամբ։

Կարևոր է հասկանալ՝ ստոմատիտը կարող է ի հայտ գալ որպես առանձին հիվանդություն և որպես այլ հիվանդության ախտանշան։ Ախտորոշելիս որոշ դեպքերում կարիք կա նաև լաբորատոր քննության՝ որոշելու ստոմատիտի տեսակը։ Օգտակար են նաև արյան հետազոտությունները՝ հարուցիչը հայտնաբելու համար։

Ստոմատիտի բուժումը ենթադրում է համալիր մոտեցում։ Տեղային բուժման դեպքում հիմնականում կիրառվում են հակասեպտիկներ. Բորբոքային օջախները պետք է մշակել հակասեպտիկ լուծույթներով։ Երեխաների դեպքում ցավազրկման համար հատկապես կիրառելի են ոչ ստերոդային հակաբորբոքային պրեպարատները։

Ստոմատիտի համալիր բուժումը ենթադրում է կենսակերպի փոփոխություն՝ որակյալ քուն, վիտամիններով հարուստ, բալանսավորված սնունդ, բերանի ինդիվիդուալ( ատամները լվանալ օրական երկու անգամ) և պրոֆեսիոնալ խնամք(վեց ամիսը մեկ անգամ դիմել պրոֆեսիոնալ խնամքի՝ անախ գանգատներից)»։