Լրահոս
Քաղաքական
14:20
23.05.22
324

Շառլ Միշելի հայտարարությունից երևում է՝ Արցախի կարգավիճակը Փաշինյանը պատկերացնում է Ադրբեջանի կազմում՝ ինքնավար մարզի կարգավիճակով. Մետաքսե Հակոբյան

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է․

«Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումից, անկեղծ ասած, ավելին չէի սպասում։ Տպավորություն է, որ շուտով, միևնույն է, պետք է սպասենք այն բոլոր կետերի իրագործմանը, որոնք այսօր քննարկվում են, «Aysor.am»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը` անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը։

«Այս հայտարարության մեջ ի նպաստ մեզ որևէ բան չկար։ Հակառակը՝ խոսվում է Արցախի կարգավիճակի մասին, սակայն որևէ մեկը՝ սկսած ՀՀ իշխանություններից, վերջացրած ամբողջ աշխարհով, չի հստակեցնում՝ հատկապես ինչպիսի կարգավիճակի մասին է խոսքը։ Արցախի կարգավիճակի մասին հստակ գիտեն և խոսում են միայն Արցախում», - ասաց Հակոբյանը։

Ըստ արցախցի պատգամավորի՝ եռակողմ հանդիպմանը հաջորդած հայտարարությունից պարզ է դառնում, որ Արցախի կարգավիճակը պատկերացնում են Ադրբեջանի կազմում, գուցե, ինքնավար մարզի կարգավիճակով, իրավունքներ ունեցող բնակչությամբ, որն  ապրում է ուրիշի տարածքում։

Մեր զրուցակցի խոսքով՝ Նիկոլ Փաշինանը, ժողովրդավարությունն իբրև թե դարձնելով բրենդ, Արցախն ու Հայաստանը տանում է վերջնական կործանման։

«Նա բացարձակ լեգիտիմ չէ և այլևս չի էլ կարող Արցախի հարցին լուծում տալ։ Փառք Աստծո, որ գոնե «Դիմադրություն» շարժումը ժամանակին սկսվեց՝ հույս ներշնչելով, որ կարող է զսպող գործոն դառնալ։ Ամեն դեպքում, դրան զուգահեռ՝ շատ արագ գնում են սահմանազատման և սահմանագծման աշխատանքների մեկնարկին։

Սրանից առաջ էլ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է իր փորձագիտական խումբը տրամադրել, և այդ խումբն արդեն կա։ Եվրոպական այլ պետություն ևս, հնարավոր է, այս հարցում իր աջակցությունը հայտնի։ Սակայն, եթե պետք է գնանք այս ամենին, շատ կարևոր է, թե որ երկրից են լինելու փորձագիտական խմբերը», - ասաց մեր զրուցակիցը։

Մետաքսե Հակոբյանը միաժամանակ հիշեցրեց, որ բոլոր ոչ հայանպաստ գործընթացներին զուգահեռ՝ շատ արագ կառուցվում է Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհը՝ Ալիևի հայտարարություններից ակնհայտ դարձնելով, որ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությամբ Բերձորն ու Աղավնոն ևս անցնելու են Ադրբեջանի վերահսկողությա տակ, սահմանագծման-սահմանզատման արդյունքում էլ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս։

«Ես չգիտեմ՝ հետագայում կարողանալո՞ւ ենք այդ ցավալի հետևանքները վերացնել, թե ոչ», - նշեց արցախցի պատգամավորը։

Հակոբյանի խոսքով՝ առկա գործընթացներից պարզ է դառնում, որ Ադրբեջանը շարունակում է պնդել ավելի վաղ իր կողմից ներկայացված 5 կետերը։

«Միակ հույսն այն է, որ Ֆրանսիան տրամադրված լինի ի նպաստ Հայաստանի և Արցախի, որովհետև պատերազմի ընթացքում այդ երկրի կողմից բարեկամական կոչեր ու գործողություններ էին լինում։ Պետք է հույս ունենալ, որ Ֆրանսիան թույլ չի տա Հայաստանի ձեռքով կործանարար գործողություններ կատարվեն, որոնց ձգտում է Ադրբեջանը», - ամփոփեց արցախցի պատգամավորը»։