Լրահոս
Իրավական
14:14
23.06.22
120

Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվեցին

Img default alt hy

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հունիսի 23-ին, հրապարակել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը:

ԲԴԽ որոշմամբ Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է։

«ԲԴԽ անդամ, նախագահ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտմամբ հիմքով դադարեցնել։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

Այն ստորագրել են Ջհանգիրյանը, Բեքմեզյանը, Խաչատուրյանը, Մակյանը, Մելիքջանյանը, Միքայելյանը, Մխիթարյանը, Չիչոյանը, Քոչարյանը։

Հատուկ կարծիքներ ունեն Մակյանն ու Չիչոյանը։ Դեմ է Անի Մխիթարյանը և ունի նաև հատուկ կարծիք»,-հայտարարել է Գագիկ Ջհանգիրյանը։

Նա նաև ընդգծել է, որ որոշումն ընդունվել է հունիսի 16-ին, ուղղակի հրապարակվում է այսօր։

Հիշեցնենք, որ ըստ ներկայացրած միջնորդության՝ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն կազմելու համար առիթ են հանդիսացել Ռուբեն Վարդազարյանի կողմից Սահմանադրական դատարանի 2022 թվականի մայիսի 6-ի թիվ ՍԴՈ-1150 որոշման վերաբերյալ 2022 թվականի մայիսի 10-ին ArmDaily․am էլեկտրոնային պարբերականին տրված հարցազրույցում տեղ գտած արտահայտությունները, որոնք, ըստ Հանձնախմբի, խախտում են Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարքագծի կանոնները։