Լրահոս
Հասարակական
21:00
29.09.22
49

ՊԵԿ նախագահը և ԱՄՀ պատվիրակության ղեկավարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Img default alt hy

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային։ ԱՄՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսիին և միջազգային փորձագետներ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՊԵԿ-ից, Ռուստամ Բադասյանը և ԱՄՀ պատվիրակության ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, ՊԵԿ-ի կողմից ներկայացվել են 2022 թ․ հարկային եկամուտների կատարողականը, ընթացիկ գործոնների ազդեցությունը հարկերի հավաքագրման վրա և 2023 թ․ հարկային մուտքերի կանխատեսումները` ըստ հիմնական հարկատեսակների։

Դիտարկվել են ֆիզիկական անձանց նկատմամբ հսկողության կատարելագործման նպատակով Հարկային օրենսգրքի վերանայման անհրաժեշտությունը, հարկային մարմիններին բանկային տեղեկատվության հասանելիության ապահովման հիմնախնդիրները, ՀՀ պետական սահմանին «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգի ներդրման ընթացքը և նախնական մաքսային հայտարարագրի համակարգի ակնկալվող արդյունքները: Քննարկվել են ՀՀ-ում ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման գործում ԱՄՀ-ի ցուցաբերած տեխնիկական աջակցության արդյունքները:

Կողմերն անդրադարձել են նաև ԱՄՀ կողմից ՊԵԿ-ին տրամադրվող տեխնիկական աջակցությամբ իրականացվող մյուս ծրագրերի ընթացքին, ինչպես նաև կոմիտեին տրամադրվող տեխնիկական աջակցության հնարավոր նոր ուղղություններին։

Հանդիպման ավարտին ԱՄՀ պատվիրակության անդամները գոհունակություն են հայտնել երկկողմ համագործակցության արդյունքներից: