Լրահոս
Աշխարհ
14:25
28.11.22
42

Ուկրաինային ավելի շատ զենք են խոստանում՝ չնայած փորձագետները նշում են, որ Արևմուտքի պահուստները սպառվում են

Img default alt hy

Պենտագոնը քննարկում է Boeing-ի առաջարկը՝ Ուկրաինային մատակարարել մատչելի, փոքր ճշգրտությամբ ռումբեր, որոնք տեղադրվում են լայնորեն հասանելի հրթիռների վրա. դա Կիևին թույլ կտա հարվածել ռուսական զորքերի թիկունքին, մինչ Արևմուտքը դժվարությամբ փորձում է բավարարել զենքի պահանջարկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Reuters գործակալության աղբյուրները տվյալ ոլորտում:

Ըստ լրատվամիջոցի՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմական պաշարները նվազում են,իսկ ռազմական գործողությունների ձգձգմանը զուգահեռ Ուկրաինան ավելի ժամանակակից զենքերի կարիք է զգում: Boeing-ի առաջարկած համակարգը, որը կոչվում է «Ցամաքից արձակված փոքր տրամաչափի ռումբ» (Ground-Launched Small Diameter Bomb), Ուկրաինայի և ԱՄՆ-ի արևելաեվրոպական դաշնակիցների համար նոր զինամթերքի արտադրության մի շարք ծրագրերից մեկն է: Այս նոր համակարգը, ըստ Reuters-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթի, կարող է մատակարարվել արդեն 2023 թ.-ի գարնանը:

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաները հավաստիացրել են, որ Ուկրաինան կարող է շարունակել ապավինել ամերիկյան երկու կուսակցությունների աջակցությանը նաև հունվարից հետո, երբ Ներկայացուցիչների պալատը նոր կազմով սկսի աշխատանքը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն իր հերթին մտադիր է հայտնել, որ հաջորդ տարի Լոնդոնը կշարունակի Կիևին ռազմական օգնություն տրամադրել առնվազն նույն կամ գուցե ավելի մեծ ծավալներով:

The Washington Post պարբերականն էլ հաղորդում է, որ ԱՄՆ իշխանությունները մտավախություն ունեն, որ չեն կարող Թայվանին բավարար չափով զենք մատակարարել, քանի որ ռազմական օգնության մեծ մասն ուղղվում է Ուկրաինային: Ըստ լրատվամիջոցի՝ Վաշինգտոնը հետ է մնում 18.7 մլրդ դոլարի սպառազինության մատակարարման հարցում: Դա ներառում է 208 Javelin հակատանկային համակարգեր և 215 Stinger զենիթահրթիռային համալիրներ:

Ավելի վաղ The New York Times-ը, վկայակոչելով ՆԱՏՕ-ի փորձագետներին, նշել էր, որ Ուկրաինային զենք մատակարարելու համար Արևմուտքի պահուստները սպառվում են: