Լրահոս
Հասարակական
20:20
24.01.23
53

«Մեղավորը պետք է հրապարակայնորեն պատժվի»․ հրդեհից զոհված Հրաչյա Գրիգորյանի տատիկ․ News.am

Img default alt hy

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանի ողբերգական հրդեհի հետևանքով զոհված 19-ամյա Հրաչյա Գրիգորյանին այսօր՝ հունվարի 24-ին, հողին հանձնեցին Երևանի Հաղթանակի թաղամասում գտնվող զինվորական պանթեոնում։

Հրաչը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանող էր։ Կես տարի սովորել էր Կուլտուրայի ֆակուլտետի Կառավարման բաժնում, ապա բանակ գնացել։

Հրաչի հայրը, որը արտերկրում է գտնվում, որդու հուղարկավորությանն այդպես էլ չկարողացավ ներկա գտնվել։ Ընտանիքի միակ որդուն՝ Հրաչին, բանակ էին ճանապարհել նախորդ ձմռանը, մեկ տարի անց՝ օրեր առաջ ստացան նրա մարմինը՝ փակ դագաղով։

«Ցավը միայն զգացողն է հասկանում, ինձ հիմա ոչինչ չի բուժի։ Մի ընտանիք կործանվեց, կործանվեց իմ կատարյալ երիտասարդը, իմ լույսը, իմ ճանապարհը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է Հրաչի տատը՝ տիկին Պայծառը։

Հրաչը մանկավարժ տատիկի սիրելի թոռնիկն էր։ Պայծառ տատը մեծ դեր էր ունեցել Հրաչի դաստիրակությունում։ Հայրենասեր, ազնիվ, մաքուր՝ այսպես է թոռանը բնորոշում տատը։

«Թերություն չի ունեցել իմ տղան։ Խելացի էր ու ուժեղ, այնքան ուժեղ, որ եթե մատով խփեր, կարող էր դուռն էլ բացել, պատն էլ քանդել, ամեն ինչ էլ անել»,– ասում է նա։

Գրիգորյանները Հրաչի ծառայության ընթացքում մի քանի անգամ այցելել էին նրան, եղել Ազատ գյուղի այն տանը, որտեղ ողբերգական ձևով ընդհատվեց իրենց որդու և ևս 14 տղայի կյանք։ Հրաչի մայրը խոսել չի ցանկանում, ժամանակ առ ժամանակ վրդովմունքով արձագանքում է զրույցին՝ որդու ու ծառայակիցների կեցության ոչ բարվոք պայմանների մասին իրենք մինչև այդ էլ էին տեղյակ։ Ինչն է եղել Հրաչի ու մյուսների մահվան պատճառը, ընտանիքի վիշտը չի թողնում հիմա մտածել այդ ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, պաշտոնական նախնական վարկածը նրանց համար այդքան էլ համոզիչ չէ։ Այժմ միայն մեղավորներին պատժված են ուզում տեսնել։

«Մեղավորը պետք է հրապարակայնորեն պատժվի։ Այստեղ միայն իմ երեխայի հարցը չէ․ ևս 14 հիասքանչ երիտասարդ մեր ազգից պակասեց, սա կարծես ցեղասպանություն լինի։ Ինձ միայն պետք է, որ բոլոր մեղավորները պատասխան տան։ Պատկերացնո՞ւմ եք 15 հրաշք, վիրավորների ճակատագիրն էլ դեռ անհայտ է։ Պետք է երկար, մանրակրկիտ ուսումնասիրվի, դա լինելու բան չէր, բոլորս էլ գիտենք։ Բազմաթիվ մեղավորներ կան, ես անգրագետ չեմ, ամեն ինչ հասկանում եմ»,– ասում է Հրաչի տատը։

Նշենք, որ այսօր էլ ավելի վաղ «Հրապարակ» թերթը զրուցել էր հրդեհից զոհված զինծառայող Ռոստոմ Ասրյանի ծնողների հետ։ Լրատվամիջոցի հետ զրույցում Ռոստոմի մայրը՝ Վարդ Ասրյանը, նշել էր, որ ինքը չի հավատում, որ սպան կարող էր 5 լիտրանոց տարայով բենզինը վառարանի մեջ լցնել։

«Փեչը վառվեց, պատուհանները, որոնք այդ սենյակում շատ էին, կոտրեցին, կապիտանը գոռում է, ինչ կարգի անջատված պետք է լինես, որ քնած տեղից չարթնանաս։ Մեր երեխաներին անջատել են, ուղղակի քնեցրել են։ Մեկը մյուսին ձեն կտար, մեկը շորը կհաներ, կգցեր կրակին։ Ո՞նց կարող են 15-18 հոգով, առողջ, ջահել տղամարդիկ այդ տան մեջ քնած մնան»։

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է, աճյունները փոխանցվել են ծնողներին։

Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում որևէ անձ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը ևս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Ընդհանրապես, այդ դեպքի հետ կապված հանրության մոտ բազմաթիվ հարցադրումներ են առաջանում, օրինակ, ինչո՞ւ պատշաճ կեցավայրում չեն ապրել զինվորները , այլ գյուղական տանը, որը չի համապատասխանել զորանոցի անվտանգության չափանիշերին։

Շատերը պահանջում են նախարար Սուրեն Պապիկյանի, որպես կատարվածի գլխավոր պատասխանատուի հրաժարականը։