Լրահոս
Աշխարհ
12:10
14.03.23
706

Կինը մահացել է ինը տարի շարունակ իր մեջ կրելով չծնված երեխային

Img default alt hy

Կոնգոյից մի կին, ով տեղափոխվել է ԱՄՆ Նյու Յորք, ինը տարի շարունակ իր մարմնում կրել է չծնված երեխա։ Պտուղը քարացել է, սեղմել մոր աղիքներն ու մահվան է ենթարկել նրան, Mediahub-ի փոխանցմամբ՝ հայտնում է Daily Mail-ը։ Հայրենիքում զինված հակամարտությունների պատճառով կինը տեղափոխվել է Բուրունդի, ապա՝ Տանզանիա։ Նա ութ երեխա է լույս աշխարհ բերել Տանզանիայում։ Նրանցից երեքը մահացել են ծնվելուց անմիջապես հետո։ Իններորդ հղիության ընթացքում նա նկատել է, որ պտուղն այլևս չի շարժվում, և եկել է փախստականների ճամբարի կլինիկա:

Բժիշկները հիվանդին հայտնել են, որ երեխայի սիրտը չի բաբախում, և խորհուրդ են տվել երկու շաբաթից վերադառնալ, եթե վիժում չունենա։ Երբ նա վերադարձել է կլինիկա, մարդիկ հավաքվել են շենքի դիմաց և նրան մեղադրել երեխայի մահվան մեջ։ Կինը շտապել է տուն և որոշել, որ այլևս չի դիմի բժշկական օգնության։ Պտուղը, որը պետք է լիներ կնոջ իններորդ երեխան, դադարել է զարգանալ հղիության 28-րդ շաբաթում (սովորաբար հղիությունը տևում է 38-40 շաբաթ)։ Վիժումը տեղի չի ունեցել, ուստի նա մնացել է մոր մարմնում և աստիճանաբար քարացել։ Կինը այն կրել է իր մարմնով ինը տարի և այդ մասին չի իմացել մինչև չի տեղափոխվել ԱՄՆ։

Նյու Յորքում կինը գնացել է բժիշկների՝ գանգատվելով որովայնի ցավից, մարսողության խանգարումներից և ուտելուց հետո ստամոքսում ձայներից։ Սկանավորումները ցույց են տվել, որ 50-ամյա կնոջ մոտ լիթոպեդիան հազվագյուտ բարդություն է, որն առաջանում է, երբ պտուղը մահանում է արտաարգանդային հղիության ժամանակ, այնուհետև մնում է մոր մարմնում և աստիճանաբար կալցիֆիկանում։ Հիվանդը հրաժարվել է բուժումից։ Նա վախենում էր վիրահատությունից և իր առողջության վատթարացումը կապում էր կախարդության հետ, որն իբր իր վրա էին արել Աֆրիկայում:

Կինը մահացել է ԱՄՆ ժամանելուց 14 ամիս անց։ Ըստ բժիշկների՝ մահվան պատճառը եղել է սուր թերսնումը։ Մահացածը չի ստացել անհրաժեշտ սննդանյութերը, քանի որ քարացած պտուղը սեղմել է նրա աղիքները։ Լիթոպեդիաները առաջացնում են հյուսվածքների ջրազրկում, ինչը կարող է հանգեցնել առիթմիայի կամ սրտի կանգի: Երբեմն դրանք կարող են ուղեկցվել վարակներով, որոնք սրվում են թուլացած իմունային համակարգի պատճառով: Որոշ դեպքերում կանայք ապրում են տասնամյակներ շարունակ՝ առանց լիթոպեդիայի հետ կապված ախտանիշներից որևէ մեկի զգալու: