Լրահոս
Քաղաքական
22:40
29.09.22
160

Ի՞նչն է խանգարում Հայաստանին Իրանից զենք գնել. փորձագետ

Img default alt hy

Ի՞նչն է խանգարում Հայաստանին Իրանից զենք գնել։ Կա՞ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքի մտավախություն։ Բայց եթե դու ծանրագույն վիճակում ես, ուրեմն չպետք է նայես, թե ով ինչ է անում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Եթե մեզ զենք չեն վաճառում, ապա մենք իրավունք ունենք այն գնել Իրանից։ Այն պնդումները, թե դաշնակիցները մեզ զենք չեն մատակարարում, անհեթեթ են։ Սա Հայաստանի ներկայիս իշխանության կամքի բացակայության դրսևորում է»,- ասաց նա։

Քաղաքագետը վստահ է, որ սպառազինության խնդիրը միշտ էլ կարելի է լուծել, քանի որ դա քաղաքականություն է։ Եթե կան երկրներ, որոնք զենք չեն վաճառում, ապա կան այն մյուս երկրները, որոնք պատրաստ են դա անել, քանի որ շահերը համընկնում են։

Նրա խոսքով, Սյունիքում պետք է զորավարժություններ անցկացվեն, իսկ Հայաստանի և Իրանի հարաբերությունները գնան դեպի մերձեցում։

«Հայաստանը պետք է պատրաստ լինի ամեն ինչի։ Եթե նա պատրաստ լինի գործողություններ ձեռնարկել, ապա այդ դեպքում շատերը կսթափվեն։ Սպառնալիքներին պետք չէ ուշադրություն դարձնել, դրանք այս դեպքում երկրորդական նշանակություն ունեն։ Պատահաբա՞ր լուծարվեց սփյուռքի նախարարությունը, որի միջոցով պետք է համոզմունքներ ուղարկվեին նույն ԱՄՆ, որ Հայաստանն այլընտրանք չունի Իրանի հետ համագործակցությանը։ Հայաստանի իշխանությունների այս գործիքը նույնպես ոչնչացրեցին»,- նկատեց Դանիելյանը։

Տարածաշրջանի համար պայքար է գնում, հետևաբար, վստահ է քաղաքագետը, այսօր երկարաժամկետ խաղաղության երաշխիքներ չեն կարող լինել։ Այս մասին հնարավոր կլինի խոսել համաշխարհային պատերազմների շրջանի ավարտից և նոր աշխարհակարգի ձևավորումից հետո։

Նա կարծում է, որ ուկրաինական հարցը ինչ-որ պահի կգնա սառեցման ճանապարհով, իրավիճակն աշխարհում կարող է փոխվել։ Հետևաբար, մեր իրավունքներից հրաժարվելու մասին փաստաթղթի ստորագրումը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ:

Փորձագետը հիշեցրեց, որ 2020 թվականին հետպատերազմյան մոդերատորը Ռուսաստանն էր, որի հետ ստորագրվեց հայտարարություն, և որի խաղաղապահները մտան Արցախ։

«Ենթադրվում էր, որ հետագա գործընթացները պետք է տեղի ունենան հաշվի առնելով ռուսական շահերը։

Այնուհետև բանակցությունները տեղափոխվեցին Բրյուսել։ Այս առնչությամբ Ռուսաստանը հայտարարեց, որ իրական բանակցությունները պետք է Մոսկվայում վարել, այսինքն՝ առճակատում սկսվեց մոդերատորի դերի համար։ Քանի որ Երևանի և Բաքվի միջև բանակցություններն արդեն ԱՄՆ-ում են ընթանում, իսկ Ռուսաստանը թուլացել է, դա նշանակում է, որ բանակցություններն ընթանում են ԱՄՆ սցենարով»,- նշեց Դանիելյանը։

Սա, նրա գնահատմամբ, կարող է հանգեցնել բախումների, ինչին պատրաստ է նաև Իրանը։ Չնայած Անկարայի և Վաշինգտոնի միջև առկա հակասություններին, ԱՄՆ-ը դեմ չէ, որ Թուրքիայի ձեռքերով Իրանն ու Ռուսաստանը մասնատվեն։

Այսօր աշխարհում պատերազմ է ընթանում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև։ Մեր տարածաշրջանի իրողություններում, ինչպես պարզաբանեց Դանիելյանը, կան նաև խիստ հակասություններ.

«Մի կողմից՝ Հայաստանում տեղակայված են ռուսական զորքերը, իսկ Արցախում՝ ռուս խաղաղապահները, մյուս կողմից՝ Իրանը ծայրահեղ մտահոգություն է հայտնում և հայտարարում «կարմիր գծերի» առկայության մասին և զորք է մոտեցնում Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին։

Ռուսաստանին պետք է, որ Արցախի հարցը լուծվի ոչ թե հիմա, այլ ապագայում, քանի որ եթե Հայաստանը հրաժարվի Արցախից, ապա այնտեղ խաղաղապահների առկայության իմաստ չի լինի։ Այնուհետև իմաստը կկորցնի նաև Գյումրիի ռուսական բազան։ Բացի այդ, Մոսկվային պետք է, որ միջանցքն իր վերահսկողության տակ լինի, քանի որ վերջինս կարող է հանգեցնել գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների, քանի որ թուրանյան միջանցքի մասին թուրքական հայտարարությունները սպառնում են Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի տարածքային ամբողջականությանը։

ԱՄՆ-ն իր հերթին ցանկանում է, որ Ռուսաստանը թուլանա, հեռանա տարածաշրջանից, որն այդ դեպքում կանցներ նրա վերահսկողության տակ»,- եզրափակեց փորձագետը։