Լրահոս
Քաղաքական
20:45
29.09.22
58

Հրթիռակոծվել են նաև ՀՀ-ից Իրան գնացող էլեկտրահաղորդման գծերը. դիվանագետներին ներկայացվեցին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Img default alt hy

Ադրբեջանը սեպտեմբերի 13-ից Հայաստանի դեմ սանձազերծած հերթական ագրեսիայի ընթացքում հրթիռակոծել է նաև դեպի Իրան գնացող էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը, 12 ժամ թույլ չի տվել մասնագետներին մոտենալ դրանց և վերականգնել, մեծ քանակությամբ հոսանք ունենալու պատճառով Հայաստանը ստիպված է եղել ատոմակայանի հզորությունն իջեցնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Վարդենիս այցելած օտարերկրյա դիվանագետներին:

Սանոսյանը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին պատմել է, որ ադրբեջանական ուժերը թիրախավորել են քաղաքացիական տարբեր ենթակառուցվածքներ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, վարչական շենքեր, մարդկանց տներ, արտադրական տարածքներ, էլեկտրահաղորդման գծեր, կամուրջներ, ճանապարհներ, գազի խողովակներ: Քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը համատարած բնույթ է կրել:

«Որպեսզի ակնհայտ լինի, թե ինչ դիտավորությամբ էին մեր ենթակառուցվածքներն այդ օրերին թիրախավորվում և հրթիռակոծվում, ուզում եմ հետևյալ իրավիճակը ներկայացնել, երբ հրթիռակոծվել էին Հայաստանից դեպի Իրան գնացող էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը: Հայաստանը բավական մեծ բանականությամբ էլեկտրական էներգիա է արտահանում դեպի Իրան: Սկզբում կարող է թվալ, թե էլեկտրահաղորդման գիծը պատահաբար է հրթիռակոծվել, բայց, 12 ժամ շարունակ մեր մասնագետներին չթողեցին մոտենալ այդ էլեկտրահաղորդման գծերին և վերականգնել, ամեն անգամ, երբ մեր մասնագետները մոտենում էին, որ վերականգնեին գիծը, նրանք կրակահերթի տակ էին հայտնվում և ստիպված նորից վերադառնում էին: Մենք ստիպված եղանք այդ վիճակում ավելցուկ, մեծ քանակությամբ հոսանք ունենալու պատճառով ատոմակայանի հզորությունն իջեցնել և կիսով չափ աշխատեցնել Երևանի ՋԷԿ-ը, էլեկտրականություն արտադրող կայաններ: Այսինքն՝ դիտավորյալ խախտվեց մեր ամբողջ էներգետիկ համակարգը, և ժամեր շարունակ չէին թողնում, որ վերականգնեինք»,- ասել է Սանոսյանը:

Նախարարն այս դեպքը մանրամասն ներկայացրել է, քանի որ այն տիպիկ բնութագրում է, որ քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղությամբ կար հստակ թիրախավորում:

Նա հիշեցրել է, որ թիրախավորվել է նաև Կեչուտի ջրամբարը, վնասեր չկան, քանի որ արկերն ուղղակի հայտնվել են ջրամբարի մեջ: «Սակայն, կարծում եմ, յուրաքանչյուրս հասկանում ենք, որ այդ արկերը կարող էին ջրամբարի պատվարի մոտ հայտնվել և պատկերը բոլորովին այլ կլիներ»,- ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ այս սեզոնին ջրամբարն ամբողջությամբ լցված է: