Լրահոս
Արտաքին քաղաքականություն
00:10
20.09.23
107

Եվրախորհրդարանում ԵՄ-ին կոչ են արել վերանայել Ադրբեջանի հետ հարաբերություններն ու դիտարկել պատժամիջոցներ կիրառելու հարցը

Img default alt hy

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Դեյվիդ Մաքալիստերը, Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցողներ Անդրեյ Կովաչևը և Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարությամբ են հանդես եկել և շեշտել, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան ոչ մի պարագայում արդարացված չի կարող լինել։

«Մենք խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի այսօրվա նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ցավում ենք օրվա սկզբին ականների պայթյունների հետևանքով զոհվածների համար և մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Սակայն դա ոչ մի դեպքում չի արդարացնում Ադրբեջանի լայնածավալ ռազմական էսկալացիան»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։

Հայտարարության համահեղինակները կոչ են անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները՝ նշելով, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի հարաբերություններում առաջընթացի հասնելու միակ միջոցն են։

«Մենք ափսոսում ենք, որ Բաքվի հարձակումը լրջորեն խաթարում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները և կոչ ենք անում Ադրբեջանի նախագահին ընդունել Հայաստանի վարչապետի վերջին կոչերը՝ բանակցությունները վերսկսելու ամենաբարձր մակարդակով»,- ասված է հայտարարության մեջ։

Մաքալիսթերը, Կալյուրանդը, Զովկոն և Կովաչևը հիշեցրել են, որ հարձակումը տեղի է ունենում ԼՂ-ում մեծ հումանիտար ճգնաժամի համատեքստում և որ Ադրբեջանը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության դրույթներն ու Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումները:

«Շարունակվող հարձակման անհապաղ դադարեցման բացակայության դեպքում մենք կոչ ենք անում Խորհրդին հիմնովին վերանայել Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերություններն այս լույսի ներքո և դիտարկել Ադրբեջանի պատասխանատու իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը», - ասված է համատեղ հայտարարության մեջ։