Լրահոս
Քաղաքական
13:45
30.09.22
39

Ապաշրջափակման դեպքում ռուսական ներդրումների հոսքը Հայաստան կարող է կազմել մինչև 5 միլիարդ դոլար. Օվերչուկ

Img default alt hy

Հայաստանի տնտեսական աճը, Ռուսաստանի և Հայաստանի փոխադարձ առևտրի աճը և ընդհանուր ինտեգրացիոն ձեռքբերումները տեղի են ունենում այդ երկրի՝ բազմամյա տրանսպորտային շրջափակման պայմաններում։ Այդ իսկ պատճառով տարածաշրջանում տրանսպորտային մեկուսացվածության հաղթահարման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հեռանկարները ուժեղ խթան կհանդիսանան ինչպես բուն Հայաստանի, այնպես էլ Հարավային Կովկասի և հարակից երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի զարգացման համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Российская газета» օրաթերթին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մեր գնահատականներով, ռուսական ներդրումների հոսքը (Հայաստան -խմբ.) կարող է կազմել մինչև 5 միլիարդ դոլար: Դրանք առաջին հերթին էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի, ինչպես նաև արդյունաբերության և վերամշակող արդյունաբերության ոլորտներին առնչվող նախագծեր են։ Դրա արդյունքում կառաջանան նոր աշխատատեղեր, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսի բազմաթիվ ձեռնարկություններ։

Հայաստանի տնտեսության համար ապաշրջափակման արդյունքում դրական էֆեկտն ակնհայտ է և կարող է նույնիսկ ավելի նշանակալի լինել, քան «առաջին ինտեգրացիոն ալիքի» էֆեկտը։ Միայն ԵԱՏՄ-ին անդամակցության առաջին տարում Հայաստանի և միության երկրների փոխադարձ առևտուրն ավելացրել է գրեթե 54 տոկոսով»,- նշել է Օվերչուկը:

ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ անդամակցության առաջին տարում շեշտակի աճ է տեղի ունեցել Հայաստանի ավանդական արտահանման բոլոր ապրանքատեսակների դեպքում, ինչպես նաև նոր ոլորտներ են զարգացել:

«Օրինակ՝ դեղամիջոցների ընդհանուր շուկայի ստեղծումը Հայաստանին թույլ է տվել բազմապատիկ ավելացնել դեղերի արտահանումը Միության շուկա։ Բեռնափոխադրումների ծավալը նույնպես աճել է։ Հայաստանում լավ հասկանում են, որ հետագա տնտեսական աճը զսպվում է տրանսպորտային շրջափակմամբ։ Այսօր մեզ մեկ քայլ է պակասում դրա հեռացումից»,- եզրափակել է Օվերչուկը: