Լրահոս
Քաղաքական
22:15
05.02.23
106

«Անունը դնում են խաղաղության ձեռք, բայց ներկայացնում են վերջնագիր». փորձագետը` Թուրքիայի պնախարարի հայտարարության մասին․ News.am

Img default alt hy

Թուրք-ադրբեջանական տանդեմը «խաղաղության ձեռք» ասելով դիմացինին փաստացի վերջնագիր է ներկայացնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը` անդրադառնալով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի այն հայտարարությանը, որ Թուրքիան և Ադրբեջանը «խաղաղության ձեռք» են մեկնել Հայաստանին:

«Այստեղ մենք գործ ունենք թուրքական դասական երկերեսանիության հետ, երբ որ անունը դնում են խաղաղության պայմանագիր, խաղաղության ձեռք, բայց փաստացի դիմացինին ներկայացնում են վերջնագիր, որն ընդունելու դեպքում դիմացինի շահերն է ոտնահարում, իսկ չընդունելու դեպքում` սպառնում պատերազմով, թշնամական գործողություններով: Հիմա ինչ խաղաղության ձեռք, եթե խաղաղության ձեռքը լինելու ՀՀ ինքնիշխանության կորուստն իր որոշ տարածքների նկատմամբ` ի դեմս այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի: Զանգեզուրի միջանցք հասկացությունը թուրք-ադրբեջանական տանդեմը տանում է անբարեխիղճ, իր իմաստին չհամապատասխանող ձևով մեկնաբանելով նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: Չէ որ այդ փաստաթղթում որևէ Զանգեզուրյան միջանցք չկա: Եթե իրենք այդ «խաղաղության ձեռք» ասելով ի նկատի ունեն Զանգեզուրի միջանցքը, այսինքն, որ մենք պետք է մեր ինքնիշխանությունը կորցնենք Զանգեզուրի միջանցքի նկատմամբ, ապա դա խաղաղության ձեռք չէ, դա մեզ սպառնալիք է, հակառակ պարագայում սպառնալով մեզ պատերազմով, իսկ ձեռքը սեղմելու պարագայում էլ մեր ինքնիշխանությունը վերցնել: Թուրքիան կհամաձայնվե՞ր նման առաջարկի, եթե դա արվեր իր նկատամամբ, հիմա որ ինքը ուժեղ է, պետք է նման առաջարկ անեն թույլին, սա բնականաբար, միջազգային իրավունքի խախտում է, և բխում է թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ նկրտումներից և ակնհայտ սպառնալիք է մեր նկատմամբ»,-ասաց նա` նշելով, որ Թուրքիայի կողմից սպառնալիքը մեր երկրի նկատմամբ երբեք էլ չի դադարել և սա զարմանալի չէ:

Անդրադառնալով խաղաղության հաստատմանը` Հակոբյանը նշեց, որ խաղաղություն միայն հնարավոր կլինի այն դեպքում, երբ Հայաստանը ուժեղ լինի և նրա հետ հաշվի նստեն:

«Իսկ եթե դու թույլ ես, դա նույն է, որ նապաստակը մտնի առյուծի վանդակ և առյուծի հետ խոսի խաղաղության դարաշրջանից, ինչն է խանգարում առյուծին կուլ տալ այդ նապաստակին: Խաղաղություն չեն նվաճում ծանր որոշումներով, ծանր գնով, իբրև թե մենք հրաժարվում ենք ցեղասպանությունը ճանաչելուց, նույնիսկ այդ գինը վճարելով խաղաղության չեն հասնելու: Միևնույն է` եթե դու բավարար ուժեղ չես, թուրքը խաղաղությունից չի խոսի, սա մեր իշխանության մեծագույն մոլորություն է , քանի որ թուրքը մեր մահն է ուզում, որովհետև մենք իրենց թշնամին ենք, իրենց խանգարում ենք, ոչ թե մենք իրենցից Մեծ Եղեռնի ճանաչում ենք պահանջում: Սա կարևոր մի գիծ է, որը մեր լիբերալ ուղղության քաղաքական գործիչները չեն կարողանում ընկալել: Մեծ Եղեռն ու Ղարաբաղը այդ սպառնալիքի հերթական արտահայտումներն էին, որը չեն հասկանում մեր քաղաքական գործիչները: Մեր երկրում, ցավոք սրտի, դասեր չեն քաղում պատմությունից: Խաղաղության միայն մեկ ձև կա` լինել ուժեղ»,-ասաց նա:

Փորձագետը նշում է, որ նման արտահայտություն ոչ թե պաշտպանության նախարարը պետք է աներ, այլ արտաքին գործերի նախարարը, այնինչ եթե պաշտպանական գերատեսչության ղեկավարն է այս մասին խոսում, ապա դա կապիտուլյացիայի կամ վերջնագրի նման մի բան է:

«Պետք է հաշվի առնենք նաև Թուրքիայում նախընտրական սրվող շրջանը, երբ որ Էրդողանը ծայրահեղ հայտարարություններով ներքին խնդիր է լուծում, սակայն սա քննարկման բան էլ չի, որ նստեն քննարկեն»,-ասաց նա:
Հակոբյանը նշում է, որ իշխանությունը վերընտրվեց խաղաղության խոստումներով և հասարակությունը, որը պատերազմից հոգնել է, ձգտում է խաղաղության ցանկանում է իրեն հույս տալ, որ ադ «բաղձալի» խաղաղությունը, այնուամենայնիվ, գալու է:

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Milliyet-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանիը պետք է «սեղմի խաղաղության ձեռքը», որը մեկնել են Թուրքիան և Ադրբեջանը։
«Կարևոր է սեղմել մեր նախագահի մեկնած խաղաղության ձեռքը... Մենք Հայաստանին ասում ենք, որ օգտվի այս հնարավորությունից»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ հավելելով «այլ ուժերի ազդեցության տակ պատրանքների անիմաստության մասին» արտահայտությունը։