Լրահոս
Հասարակական
16:15
17.09.23
1 875

1 զոհ, 3 վիրավոր. վթարի են ենթարկվել պատերազմում զոհվածի շիրիմին այցելող ընտանիքի անդամները

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ դեպի Վերին Արտաշատ ընթանալիս, Opel Zafira մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն: 

Մինչ հրշեջների և շտապօգնության ժամանումը, քաղաքացիները ավտոմեքենան դարձի են բերել, ապա ժամանած հրշեջ-փրկարարներն ու Արտաշատի շտապօգնության բժիշկները պատգարակներով վիրավորներին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենաները և տեղափոխել հիվանդանոց: 

Տեղում տարածքը սահմանազատել են և ծառայություն են կատարում ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ու ՃՈ տեսուչի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը ոստիկաններին հաջողվում է: 

Մինչ քննիչների ժամանումը, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը՝ գիտակցության չգալով մահացել է, իսկ վիրավորներից մեկին տեղափոխեւմ են Երևանի հիվանդանոցներից մեկը: 

Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վարորդը, մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են և մեկնում էին իրենց հարազատի՝ պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսի շիրիմին խնկարկում անելու և ծաղիկներ խոնարհելու: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի պատճառներից մեկը ավտոմեքենայի «շառավոյ»-ի կոտրվելն է եղել, ինչի հետևանքով վարորդը չի կարողացել կառավարել մեքենան և կողաշրջվել է:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: