Լրահոս
Քաղաքական
18:00
12.06.25
227

Մեծ տարածաշրջանում իրավիճակը տեսանելիորեն շիկանում է. Արմեն Պետրոսյան

Img default alt hy

Մեծ տարածաշրջանում իրավիճակը տեսանելիորեն շիկանում է, գրել է տարածաշրջանային հարցերով փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանը։

«Մեծ տարածաշրջանում իրավիճակն այս պահին առնվազն քաղաքական և քարոզչական հարթություններում տեսանելիորեն շիկանում է։ Ընթացիկ շաբաթվա ավարտին նախանշված ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական շրջափուլին ընդառաջ՝ կողմերը կիրառում են քաղաքական, քարոզչական, հոգեբանական ճնշման լայն գործիքակազմ։

Վերջին օրերի ընթացքում ԱՄՆ-ից ամենաբարձր՝ նախագահի մակարդակով հայտարարվում է թերահավատություն՝ հնարավոր գործարքի հաջողման հարցում։ Պաշտպանական ոլորտի պատասխանատուները քննարկում են խնդրի լուծման հնարավոր ռազմական սցենարներ, ամերիկյան մեդիայում պարբերաբար հրապարակվող տարաբնույթ «ներքին» տեղեկություններն ավելի են մեծացնում լարվածությունը։

Բնականաբար, իրանական կողմն էլ պատասխանում է համարժեք՝ նախագահ, ԱԳն, ՊՆ և այլ մակարդակներով՝ հռետորաբանության հարթությունում առաջ մղելով սեփական պաշտոնական դիրքորոշումն «ուրանը սահմանափակ հարստացնելու» իրավունքի վերաբերյալ, քարոզչական տեսնկյունից՝ ի ցույց դնելով նոր հեռահար զինատեսակների փորձարկման բովանդակություն, սեփական անվտանգությունն ապահովելու և թշնամիներին թիրախավորելու հին և նոր հնարավորությունները։ Ի դեպ, Իսրայելի միջուկային կարողություններին առնչվող գաղտնի տեղեկատվության ստացման վերաբերյալ վերջին հրապարակումներն էլ հստակ ուղերձ են հրեական պետությանն առ այն, որ ի պատասխան Իրանի դեմ թիրախային գործողությունների՝ Թեհրանն ընդունակ է համարժեք պատասխանելու։

Ներկա իրավիճակային գնահատականի համատեքստում, իհարկե, այս պահին մեծ պատերազմի սցենարը շարունակում է զիջել դիվանագիտության հնարավորություններին, և ներկայում հենց դիվանագիտական հարթությունում դիրքերի ամրապնդման նպատակով կողմերը փորձում են կիրառել ողջ օժանդակ զինանոցը, ռազմաքաղաքական մանևրները։

Բայցևայնպես, հերթական անգամ հիշեցման կարգով՝ շատ մեծ է հավանականությունը, որ Իրանի դեմ ռազմական սցենարի կիրառման դեպքում Հարավային Կովկասն Ադրբեջանի ձեռամբ (որը տևական ժամանակ պատրաստվում է տարածաշրջանային պատերազմին) ևս ներքաշվելու է հնարավոր ռազմական գործողությունների մեջ»։