Լրահոս
Իրավական
15:03
12.02.24
1 752

Մարմնավաճառ կանանց առևանգել են, մեկին ծեծել են, մյուսին սեռական բռնության ենթարկել ու խլել փողը

Img default alt hy

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում Կոտայքի մարզային քննչական վարչության և ԵՔՔՎ Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են մարմնավաճառների նկատմամբ ավազակություն կատարելու, վերջիններիս առևանգելու դեպքերը, պարզվել քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Ինչպես հաղորդում են ՔԿ-ից, քննությամբ պարզվել է հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր բարեկամներ են՝ Կոտայքի մարզի 34 և 25-ամյա բնակիչներ:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ․ հունվարի 30-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում Կոտայքի մարզի հիշյալ բնակիչները պայմանավորվել են մարմնավաճառությամբ զբաղվող կնոջ հետ՝ հյուրանոցներից մեկում գումարի դիմաց սեռական բնույթի ծառայություն մատուցելու շուրջ: Սակայն ավտոմեքենա նստելուց հետո նշված անձինք ավտոմեքենան վարել են ոչ թե դեպի հյուրանոց, այլ՝ դեպի Ջրվեժ գյուղի դաշտամիջյան հատված։ Այդ ընթացքում 25-ամյա երիտասարդը տեղափոխվել է ավտոմեքենայի հետնամաս, որից հետո ավտոմեքենայի դռները փակել են՝ կնոջը թույլ չտալով ավտոմեքենայից դուրս գալ։ Այնուհետև երիտասարդը կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել, իսկ 34-ամյա տղամարդը, ատրճանակի նմանվող առարկայի գործադրման սպառնալիքով, կնոջն ստիպել է իր մոտ եղած գումարը՝ 48 000 ՀՀ դրամ, տալ իրենց, որից հետո, վերջինիս թողնելով դաշտամիջյան հատվածում, հեռացել են:

Դեպքից ժամեր անց՝ 05:30-ին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, 34-ամյա տղամարդը ձերբակալվել և վերջինիս կողմից շահագործվող «Հունդայի» մակնիշի ավտոմեքենով հանդերձ տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժին:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել Կոտայքի մարզի վերոհիշյալ անձանց կողմից նշված դեպքից օրեր առաջ նույնաբնույթ այլ հանցագործություն կատարելու վերաբերյալ ևս, որի կապակցությամբ մեկ այլ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Ըստ նշված վարույթի նյութերի՝ վերոհիշյալ անձինք 2024 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, մարմնավաճառությամբ զբաղվող մեկ այլ կնոջ հետ ձեռք են բերել վերջինիս կողմից գումարի դիմաց իրենց սեռական բնույթի ծառայություն մատուցելու պայմանավորվածություն: «Օպել» մակնիշի ավտոմեքենայով նրան տարել են Ջրաշեն թաղամաս, որտեղ ծեծել են, հայհոյել, սպառնալով վերցրել նրա հեռախոսը և 47.000 դրամ գումարը:

Որոշում է կայացվել, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, նշված քրեական վարույթները միացնելու և համատեղ քննությունը ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարելու վերաբերյալ:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում, 2024 թվականի փետրվարի 1-ին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է նաև 25-ամյա երիտասարդը:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ: 34-ամյա տղամարդու մասնակցությամբ կատարվել են նաև դեպքերի վայրերի զննություններ, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել են քննության համար ապացուցողական նշանակություն ունեցող առարկաներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 46-252-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 25-ամյա երիտասարդին՝ 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 191-րդ հոդվածի 1-ին մասով, 252-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ)։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: