Լրահոս
Կրթություն և գիտություն
20:26
08.05.25
222

ԿԳՄՍՆ-ն Պուշկինի անվան դպրոցի ծնողներին և ուսուցիչներին կոչ է անում զերծ մնալ ուսումնական գործընթացը խաթարելու փորձերից․ Factor

Img default alt hy

«Երևանի Ա․ Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի նախկին տնօրենի պաշտոնավորման ժամկետը լրացել է դեռևս 2024 թվականի մարտի 29-ին»,- Factor TV-ին հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից՝ արձագանքելով դպրոցում այսօր առավոտից կազմակերպված ստորագրահավաքին և դասադուլին։

Հիշեցնենք՝ ծնողներն ու աշակերտները դեմ են դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանի՝ աշխատանքից հեռացմանը: «Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցել է նաև նախկին տնօրենը։ Վերջինը, արդեն երկրորդ անգամ չհաղթահարելով հարցազրույցի փուլը, բողաքարկել է դրա արդյունքները։

Այժմ ընթանում է բողոքարկման գործընթաց՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թ․ թիվ 181-Ն որոշման»,-նշվում է նախարարության պատասխանում։ Թե ինչու է տնօրենը հեռացվել աշխատանքից և ինչ հիմքով, ստորագրահավաքի մասնակիցները նշել էին՝ չգիտեն։

Նրանք պահանջում են, որ Երևանի քաղաքապետարանից և ԿԳՄՍ նախարարությունից ներկայացուցիչներ գնան դպրոց: «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Երևանի Ա․ Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնում նոր նշանակում չի կատարվել. տնօրենի պարտականությունների կատարումն իրականացվում է՝ ըստ սահմանված կարգի։

Դպրոցի ծնողական և մանկավարժական համայնքի ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ ուսումնական գործընթացը խաթարելու փորձերից։

Դպրոցի տնօրենի թափուր տեղի համալրումը կիրականացվի օրենքով սահմանված կարգով»,-նշված է ԿԳՄՍ նախարարության պատասխանում։