Լրահոս
Քաղաքական
13:45
25.01.25
554

Հայաստանում փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված նոր ծրագրեր՝ ԵՄ աջակցությամբ

Img default alt hy

Հունվարի 23-ին Եվրոպական Միությունը հայտնել է Հայաստանում փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված երեք ծրագրերի մեկնարկի մասին, որոնք իրականացվելու են քաղաքացիական հասարակության տեղական և միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ։

Ծրագրերի մեկնարկի միջոցառմանը մասնակցել են ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ Ներկա էին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, միջազգային կառույցների, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ 

Ծրագրերի հիմնական նպատակը փախստականների սոցիալ-տնտեսական ներառմանը նպաստելն ու տնտեսական հնարավորություններ ընձեռելն է, ինչը կընդլայնի սոցիալական ծառայություների հասանելիությունը և կնպաստի փախստականների իրավունքների պաշտպանությանը։

Անդրադառնալով փախստականների կարիքներին ուղղված միջոցառումներին՝ Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ներառումը մշտապես պետության ուշադրության կենտրոնում է։

Փոխնախարարը վերահաստատել է փախստականների ներառման՝ Կառավարության հանձնառությունը։ 

Նա ընդգծել է այդ նպատակով Կառավարության, միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների փոխգործակցության կարևորությունը։

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ևս հաստատել է փախստականների համար կայուն ապագա ստեղծելուն ուղղված՝ ԵՄ հանձնառության շարունակականությունը:

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն իր խոսքում վերահաստատել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքների համար հասցեական լուծումներ գտնելու ՀՀ Կառավարության հանձնառությունը։