Լրահոս
Մշակույթ
17:30
12.02.24
133

Հայաստանի ժողովրդական արվեստը ներկայացվում է Սուրաջկունդի արհեստների 37-րդ միջազգային փառատոնում

Img default alt hy

Հնդկաստանի Ֆահրիդաբադ քաղաքում 2024 թ. փետրվարի 2-18-ն անցկացվում է Սուրաջկունդի արհեստների 37-րդ միջազգային փառատոնը:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Հայաստանից փառատոնին մասնակցում են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագրում ընդգրկված վարպետներ` ասեղնագործուհի Արմենուհի Խաչատրյանը (ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք), գորգագործության վարպետներ Սուզաննա Ավետիսյանը (ՀՀ Կոտայքի մարզ, Ջրվեժ համայնք) և Անի Մարտիրոսյանը (ՀՀ Կոտայքի մարզ, Զառ համայնք):

Ցուցադրությանը հիմնականում ներկայացված է հայկական գործվածքը՝ կարպետներ, ասեղնագործ և թաղիքից պատրաստված աշխատանքներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, հուշանվերներ, զուգահեռ իրականացվում են ձեռագործ աշխատանքների վարպետության դասեր:

Սուրաջկունդի արհեստների ամենամյա փառատոնին Հայաստանի ներկայացուցիչների շարունակական մասնակցությունը ամրագրված է 2022 թ. հուլիսի 4-ին Երևանում կայացած «Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում hայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրության» դրույթներում:

Այն ուղղված է Հայաստանի և այլ երկրների ժողովրդական ստեղծագործողների միջև համագործակցության նոր հեռանկարների ձևավորմանը, ժողովրդական ստեղծագործության ճանաչելիության բարձրացմանն ու փոխհարստացմանը: Միտված է նաև Հնդկաստան-Հայաստան մշակութային համագործակցության խթանմանը` որպես հնդիկ և հայ ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանության լավագույն դրսևորում: