Լրահոս
Հասարակական
22:45
05.07.25
2 005

Հաստաբուն ծառի ճյուղը ընկել է տրանսպորտին սպասող կնոջ վրա․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Ձախ բազկի և ուսագոտու շրջանի ջնջխած վերք, խառը տիպի պրոֆուզ արյունահոսությամբ։ Ձախ բազկոսկրի և ձախ անրակոսկրի բաց կոտրվածք՝ տեղաշարժով։ Կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ։ Ճակատային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, հայտնում է Shamshyan.com-ը։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Ոստիկանները և պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 60-ամյա Անահիտ Հ-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Խանջյան–Թումանյան փողոցների խաչմերուկից։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Անահիտ Հ.-ն նշված խաչմերուկում քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառում նստած է եղել՝ Երևանի քաղաքապետարանի կողմից կանգառում տեղադրված նստարանին և սպասել է տրանսպորտին, երբ այդ պահին ուժեղ քամու հետևանքով հսկայական բարդու վրայից ճյուղը կոտրվել ու ընկել է նրա վրա։ Մինչ շտապօգնության ժամանումը վիրավորին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ եթե ժամանակին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի գլխավորությամբ գոնե կանգառներում էտեին նման վտանգավոր ծառերը, այսօր այդ դեպքը տեղի չէր ունենա, և կինը չէր հայտնվի հիվանդանոցում։