Լրահոս
Քաղաքական
16:45
22.02.24
256

Բնակիչները վարկ են վերցրել, մշակել կարտոֆիլը, իսկ հիմա չեն կարողանում իրացնել. պատգամավոր

Img default alt hy

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Աշնանը հավաքած բերքի իրացման հարցը մոտ 5 ամիս է, դեռ քննարկում են կառավարությունում. հիշեցում՝ 7 օրից գարուն է։

Սահմանամերձ Վարդենիսի բնակիչների մշակած կարտոֆիլը չի իրացվել. գրություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:

Վարդենիս խոշորացված համայնքի բնակիչների կողմից ստացել էի բողոքներ առ այն, որ իրենց մշակած կարտոֆիլը չի վաճառվել. պահեստներում, հորերում տոննաներով կարտոֆիլ է մնացել:

Բնակիչները վարկ են վերցրել, մշակել կարտոֆիլը, որ կարողանան ստացված եկամուտով ոչ միայն մարել վարկերը, այլև շահույթ ունենալ և ողջ տարին ապրել դրանով, իսկ հիմա չեն կարողանում տարվա բերքն իրացնել:

Արձագանքելով իմ հայրենակիցների մտահոգություններին՝ գրություն եմ ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ պահանջելով ձեռնարկել համապատասխան միջոցներ խնդրի լուծման ուղղությամբ:

Իմ գրությանն ի պատասխան՝ նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է հետևյալը. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակիչների կողմից 2023թ. արտադրված, սակայն չիրացված գյուղատնտեսական մթերքների իրացման հարցերը քննարկվում են պատասխանատու գերատեսչությունների, մասնավորապես` ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ»:

Շուտով սկսվելու են գարնանային գյուղատնտեսական աշխատանքները, իսկ ՀՀ կառավարությունում քննարկում են 2023-ին հավաքած բերքի իրացման հարցերը:

Որքա՞ն և ինչպե՞ս պետք է սպասեն արդեն սահմանամերձ դարձած Վարդենիսի բնակիչները. պատասխանում ոչինչ չի ասվում:

Կարող եմ միայն արձանագրել, որ ներկայիս կառավարության քաղաքականությունը, որն իրականացվում է սահմանամերձ բնակավայրերի մասով, հակահայկական է, հակամարդկային և հակապետական:

Սահմանամերձ բնակավայրերի բնակիչների խնդիրներն ավելացնելով՝ ՀՀ կառավարությունը նրանց ցույց է տալիս հայրենի տունը լքելու ճանապարհը: Իսկ հետո արդեն սցենարը պարզ է. դատարկ, ամայի, ձյունոտ սարերն ու բնակավայրերը մեզ պետք չեն, դրանք «դժբախտ ու դժգույն են»: