-
Սփյուռք
«Հեռու մնա Հայ Առաքելական եկեղեցուց» խորագրով բողոքի ցույց է անցկացվել Թբիլիսիում
00:1713.06.25 -
Հասարակական
Արյունոտ ագրեսիա՝ Երևանում. ավտոբուսի վարորդին ծեծելու գործով երկու մարդ ձերբակալվել է
23:5812.06.25 -
Հասարակական
Արնաշաղախ աշակերտին տեսնելով՝ ուսուցիչը ուշագնաց է եղել. դանակահարություն՝ երևանյան դպրոցում
23:3012.06.25 -
Աշխարհ
Սարսափելի ավիավթարից զոհվել է առնվազն 110 մարդ. օդանավը կործանվել է թռիչքից մեկ րոպե անց
23:0012.06.25 -
Քաղաքական
Ջանում ենք կարգավորել մեր հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բացել սահմանները․ Միրզոյան
22:4512.06.25 -
Արտաքին քաղաքականություն
Պայթյունավտանգ պահին թուրք-ադրբեջանական զորավարժություններ են Նախիջևանում՝ Երևանից 70 կմ հեռու
22:1512.06.25 -
Միջազգային
Իրանի հետ արյունալի բախման վտանգը մեծանում է. Թրամփը ամերիկացիներին հորդորում է լքել տարածաշրջանը
21:4512.06.25 -
Հասարակական
Կադրեր՝ ինչպես է Փաշինյանի ավտոշարասյունը արագություն հավաքում․ Oragir.News
21:2512.06.25 -
Միջազգային
Պուտինը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ
21:1912.06.25 -
Քաղաքական
Իմփիչմենթ. Փաշինյանին հեռացնելու ազնիվ նպատա՞կ, թե՞ խարդավանք՝ «Հայաստան» խմբակցության դեմ
20:4512.06.25 -
Հասարակական
Սարսափելի մանրամասներ՝ Ճամբարակի ողբերգությունից. զոհերի թիվը հասել է 6-ի
19:4512.06.25 -
Հասարակական
Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Հայաստան-ԵՄ մշակութային երկխոսության աշխատաժողովին
19:1512.06.25 -
Հասարակական
Կոտայքի թեմի հոգևոր դասը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին
18:4512.06.25 -
Հասարակական
Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին
18:1512.06.25
Այս լռությունը զարմանք է առաջացնում․ Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Թրամփին և Ջեյ Դի Վենսին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ խնդրելով հստակություն մտցնել վրաց-ամերիկյան հարաբերություններում։ Կոբախիձեի նամակը հրապարակել է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։
«Մի քանի շաբաթ առաջ Ձեզ ուղղեցի նամակ՝ վերաբերվող վրաց-ամերիկյան հարաբերություններին։ Այդ նամակին նախորդում էին իմ հրապարակային հայտարարությունները, որտեղ բացահայտ արտահայտում էի Վրաստանի պատրաստակամությունը՝ զրոյից, հստակ ուղեցույցով վերականգնելու ռազմավարական գործընկերությունը Վրաստանի և ԱՄՆ-ի միջև։ Սակայն, մինչ այժմ մեր նամակին և հրապարակային հայտարարություններին պատասխան չենք ստացել։ Ավելին, մինչ այս պահը պետական ամենաբարձր մակարդակով Վրաստանի և ԱՄՆ-ի իշխանությունների միջև որևէ շփում չի եղել։
Այս լռությունը զարմանք է առաջացնում ինչպես վրաց ժողովրդի, այնպես էլ Վրաստանի իշխանության համար մի քանի պատճառներով․
– Նախևառաջ, Վրաստանը տարիներ շարունակ եղել է ԱՄՆ-ի ամենահուսալի գործընկերը մեր չափազանց բարդ տարածաշրջանում, որն ունի ռազմավարական նշանակություն ԱՄՆ-ի համար։ Վրաստանը ամուր կանգնած էր ԱՄՆ-ի կողքին ամենաթեժ կետերում՝ այդ թվում Իրաքում և Աֆղանստանում, որտեղ մեր փոքր երկիրը մեկ շնչի հաշվով ամենաշատ զինվորականներով էր ներկայացված։ Միայն այդ երկու առաքելությանը մասնակցությամբ Վրաստանը ԱՄՆ-ին խնայեց 2.5 միլիարդ դոլար, ինչը բազմապատիկ գերազանցում է ԱՄՆ-ի կողմից Վրաստանին տրամադրված իրական (!) օգնությանը։ (Իրական օգնություն չեն համարվում այն միջոցները, որոնք ուղղվել են ԱՄՆ-ի բյուջեից նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմի փրկությանն ուղղված՝ 2008–11 թթ․, այն բանից հետո, երբ Սաակաշվիլին «Deep State»-ի հանձնարարությամբ պատերազմ սանձազերծեց Ռուսաստանի դեմ։ Իրական օգնություն չենք համարում նաև այն միջոցները, որոնք ամերիկյան դեսպանատան, USAID-ի, NED-ի, Սորոսի հիմնադրամի և այլ ալիքներով տրամադրվել են Վրաստանում ռադիկալիզմի և ատելության խթանման, հեղափոխությունների կազմակերպման, Վրաստանի ուղղափառ եկեղեցու հեղինակազրկման, կրոնական էքստրեմիզմի խրախուսման, պետական ինստիտուտների թուլացման, գենդերային և ԼԳԲՏ քարոզչության տարածման և նմանատիպ այլ նպատակներով)։
Այն հանգամանքների ֆոնին, երբ Վրաստանը տարիներ շարունակ եղել է ԱՄՆ-ի իսկական ռազմավարական գործընկերը և այսօր էլ արտահայտում է նման գործընկերության վերականգնման պատրաստակամություն, նոր վարչակազմի լռությունը զարմացնում է թե՛ Վրաստանի իշխանությանը, թե՛ վրաց ժողովրդին»։
– Միջազգային վարկանիշների համաձայն՝ Վրաստանը տարածաշրջանում առաջատար է ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների, մեդիայի ազատության, դատական իշխանության անկախության, պետական ինստիտուտների ուժեղության, կոռուպցիայի ցածր մակարդակի և այլ կարևոր չափանիշների առումով։ Վրաստանի այս առաջատար դիրքը հաստատվում է նաև այնպիսի ինստիտուտների կողմից, որոնք Ձեր վարչակազմի համար վայելում են առանձնահատուկ վստահություն։ Այս ամենը հաշվի առնելով, և այն ֆոնին, երբ դուք ակտիվ երկխոսություն և կապեր եք պահպանում բազմաթիվ (նույնիսկ բացահայտ ոչ ժողովրդավարական և ավտորիտար) երկրների հետ, Վրաստանի ուղղությամբ Ձեր լռությանը տրամաբանական բացատրություն մեզ համար չկա։
– Ինչն առավել կարևոր է՝ եթե վերլուծենք մեր իշխանության և Ձեր վարչակազմի հրապարակային հռետորաբանությունը, ակնհայտ է մեր հայացքների միջև լիարժեք արժեքային և գաղափարական համապատասխանությունը։ Մենք բացահայտ բարձրաձայնել ենք «Deep State»-ի, USAID-ի, NED-ի և այլ համապատասխան սուբյեկտների հանցավոր գործունեության մասին դեռ այն տարիներին, երբ Դուք նոր սկսել էիք նմանատիպ հայտարարություններ։ Մեր գնահատականները նույնական են Ուկրաինայի պատերազմի, գենդերային և ԼԳԲՏ քարոզչության, ինչպես նաև բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ։ Այս գաղափարական ընդհանրության ֆոնին, վրաց ժողովրդի նախնական սպասելիքը այն էր, որ Վրաստանը կլիներ առաջիններից մեկը, որի նկատմամբ Ձեր վարչակազմը հատուկ ուշադրություն կդրսևորեր։ Դուք նման ուշադրություն դրսևորեցիք Ռումինիայի և Գերմանիայի նկատմամբ՝ այն երկրներում, որտեղ եվրոպական բյուրոկրատիայի աջակցությամբ իրականացվեցին ոչ ժողովրդավարական գործողություններ։ Սակայն՝ ի զարմանս մեզ և վրաց ժողովրդի, Վրաստանի ուղղությամբ այդպիսի ուշադրություն մինչ այժմ չի դրսևորվել։
Ավելին՝ դեռևս ուժի մեջ են մնում Վրաստանի փոխվարչապետի և իշխանության այլ անդամների դեմ սահմանված անըմբռնելի պատժամիջոցները, ովքեր կանխեցին Բայդենի վարչակազմի կողմից ծրագրված և USAID-ի միջոցով ֆինանսավորվող հեղափոխության և բռնության փորձերը։ Բացի դրանից, մի քանի օր առաջ ԱՄՆ Կոնգրեսը ընդունեց մի աբսուրդային օրենք՝ «Մեգոբարի ակտ», որը հագեցած է թշնամական մոտեցմամբ վրաց ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանության նկատմամբ։ Հաշվի առնելով «բարեկամ» բառի նշանակությունը, այդ օրենքը հիշեցնում է Ջորջ Օուելի մոդելը, ըստ որի՝ պատերազմը խաղաղություն է, թշնամին՝ ընկեր։ Վերջին շրջանում մենք սովոր ենք տարբեր խորհրդարանների կողմից նման անհեթեթ ակտերի ընդունմանը, և «Մեգոբարի ակտի» վրա ուշադրություն չէինք դարձնի, եթե չլիներ այն հանգամանքը, որ բազմաթիվ աղբյուրներ այս օրենքի հեղինակությունն առնչում են Ձեր վարչակազմին։ Այս ընկալումն էլ ամրապնդվում է այն փաստով, որ Ձեր վարչակազմը չի հանդես եկել ոչ մի քննադատական հայտարարությամբ այդ օրենքի վերաբերյալ։ Ահա այս ամենի պատճառով է, որ այդ օրենքը նվազեցնում է ոչ միայն Կոնգրեսի, այլ, ցավոք, նաև Ձեր վարչակազմի նկատմամբ վրաց ժողովրդի վստահությունը, որին վրաց հասարակությունը նայում էր այլ սպասումներով։
Վերջին զարգացումները վրացական հասարակությունում ստեղծում են այն զգացողությունը, որ «Deep State»-ի պարտության մասին հայտարարությունները ոչ թե իրական արտահայտություն են, այլ ընդամենը այդ նույն ուժերի վերաբրենդավորման փորձ։ Մարդկանց համար զարմանալի է, որ դուք խստորեն քննադատում եք Բայդենի որոշումները, սակայն մինչ օրս չեք շտկել նրա հանցավոր որոշումների հետևանքները։ Սակայն մեր իշխանությունը իր հրապարակային հայտարարություններում շարունակում է պահպանել լավատեսություն՝ այն վերաբերմունքի առումով, թե Ձեր վարչակազմը իրականում կկարողանա հաղթել «Deep State»-ին, ինչը անխուսափելիորեն կանդրադառնա վրաց-ամերիկյան հարաբերությունների վերասկսման և ռազմավարական գործընկերության վերականգնման վրա։ Իրականում մենք մեծ հույս ունենք այս հարցում։ Հակառակ դեպքում, Բայդենի վարչակազմի օրոք պլանավորված հեղափոխական սցենարի իրականացումը կշարունակվի։
Հիշեցնում ենք, որ USAID-ի և NED-ի կողմից վերապատրաստված և ֆինանսավորված մոտ 250 մարդ մինչ այժմ ամեն օր հավաքվում է երկրի մայրաքաղաքի կենտրոնական պողոտայում, ինչը ակնհայտ վկայությունն է այն բանի, որ «Deep State»-ը դեռևս չի հրաժարվել հեղափոխության ծրագրից։
Ինչպես արդեն նշվեց, չնայած հարցերը օրեցօր ավելանում են, մենք դեռ պահպանում ենք լավատեսությունը և հավատում, որ Ձեր պայքարը «Deep State»-ի դեմ անկեղծ է և կավարտվի այդ համակարգի պարտությամբ։ Վրաստանի իշխանությունը համբերությամբ սպասում է այդ պահին, որը պետք է հիմք դառնա վրաց-ամերիկյան հարաբերությունների վերագործարկման և մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության վերականգնման համար։
Մաղթում ենք հաջողություն այս պայքարում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներին մաղթում ենք կայունություն և բարօրություն»,– ասվում է բաց նամակում։
-
21:45 12.06.25 Իրանի հետ արյունալի բախման վտանգը մեծանում է. Թրամփը ամերիկացիներին հորդորում է լքել տարածաշրջանը Կարդալ ավելին
-
21:19 12.06.25 Պուտինը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ Կարդալ ավելին
-
17:45 12.06.25 Մահաբեր գիշերները շարունակվում են Խարկովում. ռուսները կանխել են ահաբեկչական ծրագիր Կարդալ ավելին
-
14:45 12.06.25 Իսրայելի Քնեսեթը դեմ է քվեարկել խորհրդարանի լուծարման օրինագծին Կարդալ ավելին